Քաղսիում հաղթեց երիտասարդ բիզնեսմենը, Նոր Գեղիում՝ մարզպետի «զեմլյակը»

Քաղսիում հաղթեց երիտասարդ բիզնեսմենը, Նոր Գեղիում՝ մարզպետի «զեմլյակը»

Քաղսիում ընտրվեց 27-ամյա Ռաֆայել Գրիգորյանը: Նա ուներ Սասուն Միքայելյանի աջակցությունը: Գյուղում ընտրողների ընդհանուր թիվը 1913 է, ընտրության մասնակցել է 1338 քաղաքացի, անվավեր է ճանաչվել 23 քվեաթերթիկ: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ Ռաֆայել Գրիգորյանը ստացել է՝ 470 քվե, Սեդրակ Դավթյանը՝ 307, Գեւորգ Խուրշուդյանը՝ 295, Ռուդիկ Կարապետյանը՝ 243 քվե:

Կոտայքի մարզի Նոր Գեղիում գյուղապետ է ընտրվել Վարդան Պապյանը` ստանալով 1212 քվե: Նրա մրցակիցն էր Ստեփան Շիրինյանը, ստացել է 1095 քվե, իսկ Արմեն Ղազարյանը` 373 քվե: Նոր Գեղիում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 4801, ընտրությանը մասնակցել է 2738 ընտրող, անվավեր քվեաթերթիկների թիվը 58 է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Նոր Գեղի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Վարդան Պապյանը, որը, ըստ տեղացիների, մարզպետի համագյուղացին է: Նոր պաշտոնակատարի նշանակումից հետո գյուղում իրավիճակը լարված էր: Գյուղացիները անգամ ստորագրահավաք արեցին՝ այս կերպ փորձելով Վարդան Պապյանին հեռացնել ղեկավարի ժամանակավոր պաշտոնից: Մինչ ընտրությունները, Նոր Գեղիում լարվածություն կար, թե ինչ իրավիճակ կլինի ընտրություններից հետո: