Սպիտակ․ մեր սիրո ու ցավի էպիկենտրոնը

Սպիտակ․ մեր սիրո ու ցավի էպիկենտրոնը

Նախօրեին Կինեմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցավ «Սպիտակ․ մեր սիրո ու ցավի էպիկենտրոնը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված 1988-ի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին։ 

Ֆիլմի ռեժիսորն է Սամվել Մաթոսյանը, պրոդյուսերը՝ Տիգրան Մաթոսյանը՝ «Սինեմաթոս» ընկերության հիմնադիրները։ Ֆիլմը պատրաստվել է «Սինեմաթոս» ընկերության կողմից՝ Ռուսաստանի Դաշնությունում։  

Տիգրան Մաթոսյանն իր խոսքում նկատում է՝ իրենց կինոընկերությունը 15 տարի արդեն գործում է Մոսկվայում, նկարահանում են հիմնականում կենսագրական ֆիլմեր եւ ինչ էլ որ նկարել են այս տարիների ընթացքում, դրանցում մշտապես առկա է եղել հայկական շեշտադրումը։ Դա են վկայում «Միխայիլ Շոլոխով», «Վալերի Բրյուսով», «Նիկիտա Սիմոնյան» ֆիլմերը։ 

«Այս ֆիլմի հերոսն իմ հայր Ռոբերտ Մաթոսյանն է, ինչո՞ւ ենք ընտրել իրեն, որովհետեւ 88-ին, երբ տեղի ունեցավ երկրաշարժը, ես 14 տարեկան էի, այդ տարիքից համարյա հորս չեմ հիշում իմ կողքին, որովհետեւ նա իրեն նվիրեց Սպիտակին, նրա ծնողազուրկ երեխաներին, իր մանկական ֆոնդին եւ տանը գրեթե չէր լինում։ Ես ու եղբայրս փորձեցինք այդ տարիների բացը լրացնել այս ֆիլմի միջոցով»,- ասում է Տիգրանն ու նկատում, որ վերջին տարիներին ավելի շատ ասում են՝ Գյումրիի երկրաշարժ, բայց դա ավելի շատ Սպիտակի երկրաշարժն էր, քանի որ էպիկենտրոնը Սպիտակի Նալբանդ գյուղն էր։ 

Այդ ընթացքում շատ ժապավեններ են կորսվել, բայց ֆիլմի համար գտել եւ օգտագործել են հոր՝ Ռոբերտ Մաթոսյանի 88-92թթ․ անձնական արխիվի վավերագրություններ։  

«Սպիտակ․ մեր սիրո ու ցավի էպիկենտրոնը» ֆիլմ-հիշողություն է։ «Հայրս անցել է այդ ամենի միջով առաջին օրվանից, դեկտեմբերի 7-ից եղել է այնտեղ եւ դրանից հետո սկսել է շփվել երեխաների հետ, փորձել նրանց հանել այդ սթրեսային վիճակից։ Փաստորեն ստացվում է, որ մեր հայրիկը մեր հերոսն է ֆիլմում»,-ասում է ու հավելում, որ մեծ ծավալի կինոնյութեր են հավաքել, արդյունքում՝ մեկ ամսում ավարտել են ֆիլմի աշխատանքները։

Ժապավենի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակում, հաջորդիվ ֆիլմը կներկայացվի տարբեր փառատոների, հեղինակները պատրաստ են ցուցադրման համար նաեւ հեռուստաընկերություններին տրամադրել։   

Ֆիլմի հերոսը՝ Ռոբերտ Մաթոսյանը, ասում է, որ 30 տարի առաջ իր մտքով նույնիսկ չէր անցնի ստեղծել արխիվ, բայց ժամանակն ինքն իրեն վավերագրեց․ «Դեկտեմբերի 8-ից արդեն կա ամբողջ վավերագրությունը, ու դա իմ սեփական վավերագրությունն էր։ Այն, ինչ իմ աչքերով տեսել եմ, ահավոր բան էր՝ շանթարգելի միջով անցել է իմ միջով։ Ֆիլմի կադրերում էլ երեւում է, որ 6-7 մասում մազերս լրիվ ճերմակեցին»։ 

Երկրաշարժից հետո Ռոբերտ Մաթոսյանը հիմնում է «Սպիտակ» բարեգործական հիմնադրամը, որի միջոցով մոտ 2 հազար ծնողազուրկ երեխա է հավաքագրում, որոնցից 180-ը՝ երկկողմանի ծնողազուրկ։ Որից հետո սկսում է ամեն մեկի հետ առանձին վերականգնողական աշխատանք տանել։ 

«Այս ժողովրդի տոկունությունը, մահվան դեմ կռիվ տալը մինչեւ հիմա ինձ ապշեցնում են, էն ժամանակ ո՞նց էինք դիմանում՝ ամենափոքրից ամենամեծը, այսօր չենք դիմանում ոչ մի բանի։ Երբ ամսի 7-ին խելագարի պես եկա Սպիտակ, պապս ասեց՝ դեզի տակ օղի կա, գնա մի հատ խմի, ու իր ձեռքով լցրեց, որ խմեմ։ Սպիտակցիները հզոր են, բայց այդ օգնությունները 30 տարվա մեջ մեզ մի քիչ փչացրին, դարձրին սպասող, թե ով պիտի մեզ օգնի։ Այդ օրերին Սպիտակը դարձել էր բարության ու գթության կենտրոն»,- ասում է ու ընդգծում, որ չնայած իրենց տունը լրիվ ավերվել էր, բայց հայրն ու մայրը հրաշքով փրկվել էին, դա էլ պատճառ դարձավ, որ անցնի ուրիշներին օգնելու գործին։

«Բոլոր զոհերը ոնց որ իմը լինեին, բայց հասկացա, որ եթե հայրս ու մայրս կենդանի են մնացել, ես էլ պիտի օգնեմ մյուսներին։ Հայրս թաղի երեխաներին խոտի դեզի մեջ էր հավաքել ու պատսպարել, դրանից հետո մտածեցի, որ ես էլ իմ հերթին պետք է շարունակեմ տեր կանգնել փրկված երեխաներին»։