Գորիսի քարանձավային թատրոնը չի համրացել ․․․

Գորիսի քարանձավային թատրոնը չի համրացել ․․․

Նյութին անդրադառնալու հիմքը ինձ տվեց իմ ամենատարիքով  ընթերցողը, ով սովետական շրջանում բարձր պաշտոններ է զբաղեցրել։ 90-նն անց է, բայց դա չի խանգարում, որ ինքը քաղաքական ամեն իրադարձության արձագանքի։ Այս անգամ  խոսքը վերաբերվում էր իմ հայրենի Գորիս քաղաքին, ու այդ փաստի մասին ես չգիտեի։ Ինչքան փնտրեցի, որևէ տեղ չգտա։ Նա պատմում է,  որ Ավետիք Իսահակյանը Գորիս էր եկել ու «բուլվարում» նստած՝ խոսում էր։  Ահա թե ինչ էր ասում․ « Աստված այնքան շատ է սիրել հայ ազգին, որ Շվեյցարիայից մի կտոր պոկել ու Գորիս քաղաքին  է տվել»։  Նա պատմում է, որ երկար ժամանակ ինքը պայքարում էր, որ Իսահակյանի այս խոսքերը գրվեին, Գորիս քաղաքի մուտքի հուշարջանին , բայց այդպես էլ անարձագանք մնաց։ Տարբեր ժամանակներում քաղաքն ունեցել է տարբեր անվանումներ՝ Գերյուսի, Գորես, Հին Կյորես, Կյուրիս, Ձագեձոր, Զանկյազուր: Ընդունված է համարել, որ տեղանվան համար հիմք է հանդիսացել «գուոր» (ժայռ) և «էս» (լինել)  բառերը: Դեռևս մ. թ. ա. 8-րդ դարում Ռուսա Ա-ն հիշատակել է Գուրիայա երկրի մասին, որը ենթադրվում է՝ ներկայիս Գորիսն է, իսկ այսօրվա տեղանվամբ առաջին հիշատակությանը հանդիպում ենք 1624թ.-ի Բարսեղ Երեցի ձեռագրերից մեկում: Քաղաքի արևելյան մասում է տեղակայված Հին Գորիսը՝ Կյորեսը, որը քարանձավային բնակավայրերի մի ամբողջ շարք է: Արևելյան հատվածում է գտնվում նաև Լաստի Խութը, որն ընդունված է համարել  քաղաքի խորհրդանիշը: Գորիս քաղաքի մուտքի հուշարձանի պատին փորագրված է․ «Ըստ քերթողահայր Մովսես Խորենացու և մեր մյուս պատմիչների գրավոր վկայության` Սյունաց աշխարհի բնակչությունը ոչ միայն սերվում է հայկական ցեղից, այլ ի սկզբանե հռչակված է որպես հայկական տոհմ»:

Մարդն այստեղ բնակություն է հաստատել դեռևս քարեդարյան շրջանում, հին ժայռապատկերներ են գտնվել Իշխանասարի փեշերին, որոնք թվագրվում են մ. թ. ա.  5-2 հազարամյակներին: Հին Գորիսում պահպանվել է քարանձավային թատրոն, որին տեղաբնիկներն անվանում են՝ «Ամֆիթատրոն»: Պահպանվել են բեմը, նստատեղերն ու հարդասենյակները․․․

Ինչու՞ եմ սրանք հիշատակում։ Ինչու՞ էր իմ տարեց ընթերցողը անհանգստացած պատմում, թե ինչ է ասել Ավետիք Իսահակյանը։ Գորիսը վտանգի առաջ է կանգնած և մեր իշխանությունն այն մաս- մաս  թշնամուն է հանձնել ու շարունակում է գործընթացը։  Թշնամուց ավելի լուրջ վտանգ է սեփական իշխանությունը։ Նա պիտի կանգ առնի։ Հին Գորիսում պահպանված քարանձավային թատրոնը, որին տեղաբնիկներն անվանում են՝ «Ամֆիթատրոն», որտեղ պահպանվել են բեմը, նստատեղերն ու  հարդասենյակները, լեզու ունի, խոսելու ունակություն։ Գորիսի քարանձավային թատրոնը չի համրացել,  դեռ խոսելու է․․․ Քարանձավային համրության, համբերության պոռթկումը ավերիչ է լինում։