Թող շոու չսարքեն, աշխարհի թանգարաններից մինչեւ անգամ արձաններ են կորում

Թող շոու չսարքեն, աշխարհի թանգարաններից մինչեւ անգամ արձաններ են կորում

Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված լայնածավալ համալիր օպերատիվ -հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է տարիներ առաջ ՀՀ ազգային պատկերասրահից գեղանկարների հափշտակության դեպքը:

Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ՀՀ երկու քաղաքացիներ ցանկանում են վաճառել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ից գողացված Մատիաս Բրասաուի «Որսորդը» և Իսահակ Լևիտանի «Էտյուդ.Գարնանային բնանկար» առանձնակի արժեք ներկայացնող կտավները:

Ստուգմամբ պարզվել էր, որ դեռևս 2012թ. hունիսին ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ցուցասրահից և տնօրենի աշխատասենյակից 1951-1992թթ. ընկած ժամանակահատվածում տասը թանգարանային առարկաների` այդ թվում վերը նշված կտավների գողության դեպքի առթիվ: 

Իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, վերը նշված կտավների վաճառքի գործարքն ավարտվելուց անմիջապես հետո, հայտնաբերվել և բերման են ենթարկվել մշակութային առանձնակի արժեք ներկայացնող առարկաների վաճառքն իրականացրած և ենթադրյալ հանցագործությանն առնչություն ունեցած անձինք: Վերջիններիս մոտ հայտնաբերվել և առգրավվել են նշված գեղանկարները: Այս պահին նախաքննությունը շարունակվում է: 

Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ասաց, որ որոշակիորեն տեղյակ է այդ ամենը ոնց եւ ինչպես է եղել, բայց տեղյակ չէ բերման ենթարկված մարդկանց ինքնությունից, թե ովքեր են նրանք, ինչ առնչություն ունեն բոլոր այդ գողություններին․ «Միայն կարող եմ ասել, որ որոշարկումը արել եմ անձամբ ես, որովհետեւ տեղեկություն կար, որ այդ նկարները թանգարանից է գողացված, բայց թե որ թանգարանից՝ պարզ չէր եւ ես ինքս եմ որոշարկումն արել, որ, այո, այդ գործերը մեզ մոտից են գողացվել»,-ասաց նա ու հավելեց, որ մնացած գողացված գործերից տեղյակ չէ։   

Պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանն ասում է, որ աշխարհի բոլոր թանգարաններից միշտ նման երեւույթներ, գողության դեպքեր լինում են, լինի դա՝ Էրմիտաժը, Լուվրը, թե Մետրոպոլիտենը․ «Թող ավելորդ շոու չսարքեն, աշխարհի թանգարաններից մինչեւ անգամ արձաններ են կորում եւ հայտնաբերվում»,-ասում է նա ու նկատում, որ մեզ մոտ աղմուկն ավելի շատ է, քան նման դեպքերը։ 

«Շատ գովելի է եւ շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր կարողացել են գտնել այդ աշխատանքները եւ վերադարձնել ազգային պատկերասրահ»,-ասում է նա ու նկատում, որ թեպետ քրեական գործը իր պաշտոնավարման օրոք է հարուցվել, բայց գողության դեպքերը իր ժամանակ չեն եղել։ Իսկ ընդհանրապես թանգարանների մարզային մասնաճյուղերը անտերության են մատնված պետության կողմից, որտեղից բացառված չեն, որ կորեն որոշ արժեքավոր առարակներ․ «Պետք է պետությունը տիրություն անի իր արժեքներին, իր հարստությանը, եթե չի անում՝ ինչ ասես կարող է լինի»։