Կոռուպցիան և Հայաստանի ռազմաքաղաքական շահերը

 Կոռուպցիան և Հայաստանի ռազմաքաղաքական շահերը

2018 թվականն արդեն ավարտվում է՝ հետեւում թողնելով ուշագրավ եւ կարեւոր իրադարձություններ հայ ժողովրդի պատմության մեջ: Այս տարվա ընթացքում հանրապետությունն ականատես եղավ խաղաղ հեղափոխության, որը եվրասիական տարածաշրջանի համար եզակի էր։ Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի դրոշ բարձրացվեց: Այստեղ կա մի ուշագրավ պահ, որը մենք՝ որպես նորանկախ պետություն, անտեսում ենք. դա կոռուպցիայի դեմ պայքարելու մասին մեր հայտարարությունների ազդեցություններն են մեր արտաքին հարաբերությունների վրա: Ներքին կյանքում շատ լավ է, որ մենք բացահայտում ենք եւ ի լուր աշխարհի ցույց ենք տալիս, թե, ա՜յ, տեսեք՝ ձերբակալեցինք այսինչ կամ այնինչ նախկին պաշտոնյային, որն այսքան միլիոնների կամ միլիարդների վնաս է հասցրել հանրապետությանը:

Բայց կա նաեւ արտաքին լսարանը։
Բոլոր խոշոր քաղաքական կենտրոններն ու մտածողներն այսօր արդեն միակարծիք են, որ 21-րդ դարը լինելու է Չինաստանի եւ Հնդկաստանի դարը: Մենք պետք է այսօրվանից ամեն ինչ անենք, որպեսզի դառնանք այս երկու երկրները դեպի Եվրոպա եւ Ռուսաստան կապող ուղիներից մեկը: Մենք ունենք խոշոր հարեւան՝ Իրանը, որն այսօր խնդիրների մեջ է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ, բայց շատ չի անցնի, ու ականատես կլինենք այն հանգամանքին, որ այս երեք ուժերն իրար հետ վերջնական խաղաղության համաձայնության կգան։ Այդ խաղաղությանը հասնելու համար բոլոր նախադրյալներն առկա են։ ԱՄՆ-ի ներկա քաղաքական ղեկավարությունը դա լավ է հասկանում, վկա՝ բոլոր տնտեսական ցուցանիշները: Մեր խնդիրն այն է, որ կարողանանք Հայաստանի տնտեսության մեջ ներգրավել աշխարհի թափառող փողերը, որոնք ներդրման համար ապահով վայր են փնտրում:

Մեր հարեւանները՝ Վրաստանը՝ Ռուսաստանի հետ խրթին հարաբերություններով, Ադրբեջանը՝ տարածաշրջանի ամենակոռումպացված երկրի համբավով, միջէթնիկական եւ Հայաստանի հետ տարածքային խնդիրներով, Թուրքիան՝ իր քրդական հարցով, հարեւանների հետ ոչ բարեկամական կապերով ու իր ծայրահեղական-իսլամիստ ղեկավարով, Իրանն իր միջազգային բարդ հարաբերություններով, ներդրման համար ավելի բարենպաստ պետություններ են համարվում, քան խաղաղ Հայաստանը։ Սա, իհարկե, աբսուրդ է, բայց ցավալի փաստ: Այստեղ ակնհայտ երեւում են տարիներ շարունակ Հայաստանի քաղաքական ղեկավարության անգործությունը, Հայաստան-սփյուռք հարաբերությունների սխալ կառուցվածքը…

Այժմ, երբ մենք մեր խաղաղ հեղափոխությամբ կարողացել ենք բավականին բարձր դրական համբավ ձեռք բերել, չի կարելի այս կարեւորագույն հաջողությունը տապալել՝ ասելով, թե Հայաստանը թաղված է կոռուպցիայի մեջ, այստեղ վտանգավոր է, վախեցեք այստեղ ներդրումներ կատարել։ Մենք պետք է փոխենք թիրախները, շեշտադրումները, մեր քարոզչության ուղղությունը։ Եթե ցանկանում ենք ցույց տալ, որ նախորդ իշխանությունները վատն էին ու կոռումպացված, սակայն առկա է իրավիճակը Հայաստանում փոխելու վճռականություն, դա ի լուր աշխարհի ապացուցելու մեկ լավ ձեւ կա՝ տնտեսական աճի ու տնտեսական ազատության ցուցանիշներով: Իսկ այդ ցուցանիշներին հասնելու համար հարկավոր է մի կողմ դնել պոպուլիզմն ու գնալ առաջ՝ նոր կառավարության կազմում ներգրավելով հանրապետության լավագույն ուժերին։ Հակառակ դեպքում միայն տեղում դոփելու ենք, եւ մեզ վատը կամեցող պետությունների երազանքը կիրականանա։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ