11 հոգանոց ընտանիքը 10 ամիս շարունակ սպասում է, որ Փաշինյանը վերականգնի արդարությունը

11 հոգանոց ընտանիքը 10 ամիս շարունակ սպասում է, որ Փաշինյանը վերականգնի արդարությունը

Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ Էդվարդ Ներսիսյանը տասն ամիս առաջ նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով վերականգնել իր ու ընտանիքի նկատմամբ թույլ տրված անարդարությունը։ Տեղեկացրել է, որ 68 տարեկան մարդ է, հիվանդության պատճառով 1997-ից կենսաթոշակի է անցել։ Նա ու 11 հոգանոց ընտանիքը 2002 թվականից զրկված են հողի սեփականաշնորհման իրավունքից։

Ի հեճուկս նրա, որ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածն ասում է․ «Պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են գյուղատնտեսական գործունեության համար որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման ու սպասարկման համար՝ սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, երկրաշարժից տուժած և լքված բնակավայրերի այն ընտանիքներին, որոնք նախկինում չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, չեն ստացել տմամերձ կամ բանկելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամասեր: Հայաստանում բնակվող այն ընտանիքներին, որոնք ցանկություն են հայտնում մշտական բնակություն հաստատել նշված բնակավայրերում, վերաբնակեցվածերին, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկներին, չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներին, որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից>: Էդվարդը թե՛ ազատամարտիկ է, թե՛ թոշակառու, թե՛ իր 11 հոգանոց ընտանիքում (կինը, աղջիկը, երկու տղաները, երկու հարսները) ապրում է 6 թոռ։

Հողի սեփականաշնորհման մերժումն այն ժամանակվա մարզպետ Ալբերտ Հերոյանի անունով է, կա կից ստորագրություն ևս՝ Արմեն Դարբինյան։ «Էս մարդն ինձ միլիոնների վնաս է տվել, ո՞վ պետք է դրա համար պատասխան տա։ Ինձ օրենքով 2 հեկտար հո՞ղ է հասնում»,- հարցնում է Էդվարդ Ներսիսյանը։ Նա նշեց, որ Դարբինյանը ողջ է, մինչ օրս աշխատում է Արմավիրի մարզպետարանում։ 2001-ից Ներսիսյանի ընտանիքի մի մասը վարձակալական հիմունքներով բնակվում է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում՝ Էդվարդի հայրական տանը, որն Էդվարդի եղբոր աղջկա սեփականությունն է։ Նշված տարիների ընթացքում Էդվարդը 3 անգամ դիմել է նախկին նախագահներին, Արմավիի մարզպետարան և հիմա տասն ամիս սպասում է, որ Նիկոլ Փաշինյանը վերականգնի արդարությունը։ Հարցրինք՝ իշխանափոխությունից հետո դիմե՞լ է մարզպետարան, ասաց՝ ոչ, Նիկոլ Փաշինյանը վարչապետն է, թող նա էլ վերականգնի։