Ելքը

Ելքը

Օրերս ծանոթներիցս մեկը՝ բացառիկ ինտելեկտով, կառավարման հսկայական փորձ ունեցող անձնավորություն, անակնկալ ձեւակերպում արեց․ «Անհետաքրքիր է դառնում Հայաստանում ապրելը»։ Թվում է՝ հակառակը պիտի լիներ։ Երկրում արմատական փոփոխություններ են կատարվել, բոլոր ուղղություններով հսկայական գործ կա անելու, անցյալի իմաստավորմամբ առաջ շարժվելու դռներ են բացվել։ Մնում է միայն աշխատել ու աշխատել։ Եվ աշխատել նորովի։ Բայց՝ չէ․ «անհետաքրքիր է դառնում Հայաստանում ապրելը»։

Պատճա՞ռը։ Գուցե ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտը, երբ հանրությունը, կարծես, միտումնավոր բաժան-բաժան է արված, երբ հակասությունները վերածվել են թշնամանքի։ Գուցե հոգեւոր-մշակութային հիմքերի խարխլումը, երբ ամենացածր բնազդներով առաջնորդվողների զանգվածը՝ իրեն բնորոշ ագրեսիվությամբ, հագեցրել է մթնոլորտը, եւ նույն ագրեսիվությունն է հորդում իշխանության ամենաբարձունքից։ Գուցե «մեր դեմ խաղ» չկա մտածողության վերադարձը, որ, կարծես, հաղթահարել էինք, բայց այսօր անսխալականության, միակ ճիշտը լինելու, այլ կարծիք չհանդուրժելու խրախճանքի է վերածվել։ Գուցե այն, որ առաջնորդին ամենափոքր հարցում հակադրվելու ողնաշար ունեցող մեկը չկա իշխանության մեջ։

Գուցե քաղաքական մշակույթի բացակայությունը, երբ որեւէ լուրջ քննարկում, բանավեճ չկա տարբեր ուժերի ու հասարակության մեջ՝ միտված բարդագույն խնդիրների հանգուցալուծմանը։ Գուցե այն, որ արատավոր գործելաձեւով նոր իշխանությունն արդեն գերազանցել է նախկիններին։ Գուցե չդադարող մանիպուլյացիաները, որոնք արվում են պայմանական ժողովրդի անունից՝ բացառելով համախմբման, զարգացման ուղղորդող ջանքերը։

Գուցե անկանխատեսելիությունն ընդհանուր։ Թերեւս այս ամենն ու էլի շատ բան։ Ելքը․ գտնել բանաձեւ, աշխատել ու պայքարել, որ Հայաստանը դառնա ապրելու համար ամենահետաքրքիր երկրներից մեկը։