Վերադարձ աբրահամյանական ժամանակներ

Վերադարձ աբրահամյանական ժամանակներ

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծն արդեն Ազգային ժողովում է, բայց դեռ հայտնի չէ, թե երբ կդրվի քննարկման։ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը մեզ ասաց, որ հիմա այն փուլն է, որ պետք է պատգամավորներն առաջարկներ ներկայացնեն։ «Մենք էլ էս ընթացքում քննարկումներ ենք նախատեսել, արդեն մեկ-երկու քննարկում ունեցել ենք»,- ասաց նա։

- Ի՞նչ արդյունք են տվել այդ քննարկումները։

- Արդյունքները հետո կերեւան, այսինքն՝ մենք էս փուլում ինչը որ խնդրահարույց ենք համարում, կամ ինչ առաջարկներ որ մասնավոր ընկերությունների կամ շահառուների կողմից հնչում են, էդ խնդիրները հավաքում ենք ու փորձում ենք դրանց լուծման տարբերակներ գտնել։

- Այսինքն՝ այն տարբերակով, որ ընդունվեց կառավարությունում նախագիծը, այդ տարբերակո՞վ է եկել խորհրդարան, թե՞ քննադատություններից հետո փոփոխության է ենթարկվել։

- Կառավարության նիստում հաստատված տարբերակն ու Ազգային ժողով ուղարկված տարբերակն ընդամենը մի դրույթով են իրարից տարբերվում, դա գազավորված ըմպելիքների ակցիզային հարկն է։ Մնացած բոլոր դրույթները մնացել են ուժի մեջ։ 

- Այսինքն՝ միայն գազավորված ըմպելիքների՞ մասով է կառավարությունն ընդառաջ գնացել։

- Հիմնական բողոքն էդ մասով էր, էդ մասով ընդառաջ է գնացել, մյուս մասերով, եթե կլինեն արդեն այլ կետեր՝ քննարկումների ենթակա, արդեն Ազգային ժողովը կքննարկի։

- Ձեր անձնական դիրքորոշումը ո՞րն է այդ փոփոխությունների մասով։ Այն է, ինչ ակնկալո՞ւմ էիք։

- Գազավորվածի մասով իմ դիրքորոշումն այն էր, որ այդ հարկատեսակն այդ ձեւով սխալ էր, ու շատ ուրախ եմ, որ այդ սխալը շտկվեց։ Այսինքն՝ ակցիզային հարկը դուրս եկավ։ Մնացած առումներով անորոշ շտկումների կարիք կա, դա արդեն ընթացքում կերեւա։ Եկամտային հարկի համահարթ տարբերակի վերաբերյալ էր ամենաշատ խոսակցությունը եղել, բայց այդ առումով էլ ես միշտ ասել եմ, որ եթե դրա հետ միաժամանակ գույքահարկի ռեֆորմ չի կատարվում, ապա դա մի քիչ սխալ է ընկալվում, բայց գույքահարկի ռեֆորմը կատարվելու է, ու այդ երկու փոփոխությունները միաժամանակ են ուժի մեջ մտնելու։

- Ինչո՞վ է փոխկապակցված գույքահարկի ռեֆորմը եկամտային հարկի հետ։

- Այսինքն՝ մենք աշխատավարձի հարկը նվազեցնում ենք, դրա փոխարեն հարստությունն ենք ավելի շատ հարկում։

- Ամեն դեպքում՝ դրանից ցածր վարձատրվողները չեն շահելու։

- Ըստ էության՝ առաջին փուլում չեն շահի, բայց հետագա տարիներին իրենց համար նույնպես հարկային դրույքաչափն իջնելու է։ Դա՝ մեկ։ Երկրորդ․ այդ անուղղակի էֆեկտը կարող է նաեւ իրենց վրա տարածվել, որովհետեւ, եթե մենք խոսում ենք, որ էդ փոփոխության արդյունքում տնտեսությունը կզարգանա, դա մուլտիպլիկատիվ էֆեկտով նաեւ բոլոր աշխատողների վրա է տարածվելու։

- Տպավորություն է, որ կառավարությունն այս փոփոխություններն անում է ավելի շատ հարուստ խավի, բարձր վարձատրվողների համար։

- Փոփոխությունն արվում է ներդրումները խթանելու ու տնտեսական միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու համար։ Դրա մանրամասն տնտեսագիտական բացատրությունները կան, մենք կոնկրետ եկամտային հարկի թեմայով առանձին քննարկում պետք է ունենանք, էդ քննարկումը նախատեսված էր ի սկզբանե ամսի 8-ին, բայց քանի որ արտահերթ նիստ եղավ, հետաձգվեց, առաջիկա շաբաթվա ընթացքում էդ թեմայով քննարկում կլինի, ու մանրամասն էդ հարցերի պատասխանները կստանաք։

- Նոր փոփոխություններով ավելացվում է նաեւ շրջանառության հարկի շեմը՝ 58․35 միլիոնից դառնալով 115 միլիոն, որը եղել է Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակ։ Ինչո՞ւ որոշվեց հետ գնալ դեպի «աբրահամյանական ժամանակներ»։

- Որովհետեւ հասկացանք, որ փոքր ու միջին բիզնեսի համար էդ 58.35 միլիոնի շեմը դեռ ընդունելի չէ, ու դրանով խնդիրներ ենք էս պահին ստեղծում ու ստիպում ենք իրենց գնալ դեպի ստվեր։ Դրա համար որոշում կայացվեց հետ վերադառնալ 115 միլիոնի շեմին, մինչեւ էն մյուս խաղի կանոններն էնքան կպարզեցվեն, որ գործարարների համար ավելի հեշտ կլինի աշխատել նորմալ հարկային ռեժիմում, այսինքն՝ ԱԱՀ դաշտում։

- Ըստ Ձեզ՝ նույն 115 միլիոնի դեպքում այնպիսի պայման է ստեղծվելու, որ տնտեսվարողը չխուսափի՞ հարկերից, պարտաճանաչ խփի՞ բոլոր ՀԴՄ-ները։

- Նայած թե մենք էդ 115-ի տակ ինչ ենք հասկանում։ Շրջանառության հարկի շեմը պետք է ոչ թե մարդկանց ավելի քիչ հարկ վճարելու հնարավորություն տա, այլ ավելի պարզ վարչարարության։ Բայց կան գործունեության տեսակներ, հիմա, որ ինքը նստի ու հաշվարկ անի եւ իր բոլոր ծախսերն ու եկամուտները մանրամասն վերլուծի, կարող է պարզվի, որ իր համար ԱԱՀ-ով աշխատելն ավելի ձեռնտու է։ Այսինքն՝ այս շրջհարկի ռեժիմը ժամանակավոր բան է, վաղ թե ուշ այն պետք է արմատապես վերանայվի։ Հիմա մարդիկ ինչո՞ւ չեն անցնում ԱԱՀ-ի դաշտ․ ոչ թե նրա համար, որ ավելի շատ հարկ են վճարելու, այլ որովհետեւ իրենց համար ավելի բարդ է էդ թղթաբանությունը, եւ երկրորդ՝ որպեսզի իրենք կարողանան փաստաթղթերով աշխատել, նաեւ պետք է ձեռքբերման այդ ամբողջ փաստաթղթաշրջանառության շղթան ունենան։

- Բայց միայն դա չէ, գործարարները դժգոհում են, որ, ընդհանուր առմամբ, մեր Հարկային օրենսգիրքը շատ խրթին է, համեմատում են Վրաստանի հետ, որը շատ ավելի պարզ է։

- Համաձայն եմ։ Դրա համար Հարկային օրենսգրքի այս փաթեթը որոշ չափով էդ բարդությունը վերացնում է, օրինակ՝ մենք ունենում ենք միկրոբիզնեսի շեմ, որն ընտանեկան ձեռնարկության մի քանի ռեժիմներ միավորում է իր մեջ, պրոգրեսի փոխարեն ունենում ենք մեկ սանդղակ, որը հաշվառումը հեշտացնում է, բայց, ինչ խոսք, էնտեղ լիքը դրույթներ կան, որ պետք է ավելի պարզեցնել։

- Հիմա ի՞նչ է պետք, որ մարդիկ ստվերում չմնան, ՀԴՄ խփեն, միայն վարչապետի կոչը կարո՞ղ է նպաստել դրան։

- Ստվերում չմնալու համար Հարկավոր է ունենալ ե՛ւ հարմար հարկային օրենսգիրք՝ հեշտ ու տանելի դրույքաչափերով, ե՛ւ պետք է ունենալ համապատասխան մշակույթ, ավանդույթներ, մթնոլորտ, տրամաբանություն, դրա հետ միաժամանակ պետք է ունենալ նաեւ նորմալ վարչարարություն, որը հնարավորություն չի տա խուսափել հարկերը չվճարելուց։

- Հիմա վարչապետի այդ կոչը՝ ՀԴՄ խփեք, ինչ-որ կերպ նպաստե՞լ է, որ մարդիկ հարկերից չխուսափեն։

- Դատելով տվյալներից՝ նպաստել է որոշ չափով, բայց էդ մշակույթի ձեւավորման համար բավականին ժամանակ է պետք, ամեն ինչ միանգամից չի լինում։ Եվ երկրորդը․ պետք է հասկանալ, թե էդ տնտեսվարողը, ամեն դեպքում, ինչու ՀԴՄ չի խփում։

- Դուք գրառում էիք արել ձեր հանձնաժողովի վերջին նիստից հետո, որ ԱԺ-ում ընդունվող օրենքները բխեն ոչ թե առանձին խմբերի, այլ ՀՀ շահերից։ Սա կապված էր ներկրվող ցեմենտի մաքսատուրքի ավելացմա՞ն հետ, որը բխում է, օրինակ, Գագիկ Ծառուկյանի ցեմենտի գործարանի շահերից։

- Իմ կարծիքով՝ առաջիկա օրերին այդ հարցի պատասխանը կստանաք։