«Ծռերի» նվերն Ադրբեջանին

«Ծռերի» նվերն Ադրբեջանին

Սասնա ծռեր արցախյան կուսակցությունը հայտարարել է ստորագրահավաք սկսելու մասին: Նպատակն է հասնել նրան, որ Արցախի ընտրողներն ընդգրկվեն Հայաստանի ընտրողների ռեգիստրում, «սահմանված կարգով Արցախում ձեւավորվեն ընտրական տարածքներ եւ ընտրական տեղամասեր, ինչպես նաեւ կազմավորվեն համապատասխան ընտրական հանձնաժողովներ»:

Հայաստանում քաղաքական ֆիասկոյի ենթարկված, փաստացի մարգինալացած ուժն, այսպիսով, գործունեության ասպարեզ է ընտրում Արցախը՝ փորձելով խաղալ մարդկանց զգացմունքների վրա: Ծռերի այդ նախաձեռնությունը, սակայն, միայն առաջին հայացքից է թվում հուզական պոռթկում: Իրականում դա խիստ վտանգավոր քայլ է, որը կարող է լրջորեն վտանգել կարգավորման բանակցությունները: Ավելի գեղեցիկ եւ այժմեական նվեր Ադրբեջանին, որն առանց այդ էլ պնդում է, որ Արցախը չունի սուբյեկտություն, կառավարվում է Հայաստանից, դժվար է պատկերացնել: Եւ հարց է առաջանում՝ ու՞մ շահերն են սպասարկում Սասնա ծռերը, երբ նախաձեռնում են ապրիորի ոչ օրինական գործընթաց:

Չէ՞ որ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով Արցախը հռչակվել է անկախ պետություն, ունի իր սահմանադրությունը, որով կազմավորվում է իշխանությունը: Ծռերը դե՞մ են արցախահայության՝ հանրաքվեով արտահայտած կամքին, չե՞ն ճանաչում Արցախի օրինական իշխանություններին, հակադրվում են Հայաստանի վարչապետի՞ն, ով փորձում է բանակցությունների սեղանին վերադարձնել Արցախի ընտրյալ ներկայացուցիչներին: Այս վերջին տպավորությունն ավելի է առարկայանում, երբ ուշադրության ենք առնում ստորագրահավաք մեկնարկելու ժամանակահատվածը՝ Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստից գրեթե անմիջապես հետո եւ Փաշինյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ:

Վարչապետ Փաշինյանը վստահեցրել է, որ Ալիեւի հետ քննարկելու է բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնման խնդիրը: Սասնա ծռերի նախաձեռնած ստորագրահավաքի համապատկերին կարելի է կանխատեսել, թե ո՞րն է նաեւ լինելու Արցախը բանակցություններից դուրս թողնելու ալիեւյան փաստարկը: Արտառոց է, որ Արցախի քաղաքական ուժերը Սասնա ծռերի նախաձեռնության վերաբերյալ դեռեւս հստակ տեսակետ չեն արտահայտում: Այս առումով, թերեւս, ավելորդ չէ պատկան մարմնի ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա՝ ինչպե՞ս է պետական գրանցում ստացել մի ուժ, որի ծրագիրը հակասում է Արցախի սահմանադրությանը: