Որոշ մարդիկ ասում են, որ  ապրիլի 23-ն իրենց կյանքի ամենաերջանիկ օրն է

Որոշ մարդիկ ասում են, որ  ապրիլի 23-ն իրենց կյանքի ամենաերջանիկ օրն է

Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ  ընդունեց «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ապրիլի վերջին շաբաթ օրը կհայտարարվի քաղաքացու օր: Քննարկման ժամանակ «Իմ քայլից» Միքայել Զոլյանը հետաքրքրվեց, թե ինչու չվերցնել հեղափոխության օրերին տեղի ունեցած մի կարեւոր իրադարձության օրը եւ այն ամրագրել ՀՀ քաղաքացու օր։ Արտակ Զեյնալյանն ասաց, որ այդ օրերին յուրաքանչյուր օր կարեւոր էր, ու ամեն օր էլ քաղաքացին դրսեւորում էր իր իշխանությունը։ Մենք զրուցեցինք Զոլյանի հետ։

- Պարոն Զոլյան, օրինակ, հեղափոխության ամենակարեւոր իրադարձությունը ո՞րն է, ո՞ր օրն էիք ուզում տոն դարձնել։

- Շատ տարբերակներ կան, քաղաքացիները պետք է որոշեին, ես կարծում եմ, որ սա պետք է լիներ ոչ աշխատանքային օր, հետեւաբար, կոնկրետ օր պետք է որոշվեր։ Ես կարծում եմ, որ հեղափոխությունն իրոք բացառիկ երեւույթ էր, եւ սա ոչ միայն նշելու եւ տոնելու առիթ է, այլեւ ամբողջ քաղաքացիական պայքարը, որը ՀՀ քաղաքացիներն անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում վարել են, դրանից առաջ ղարաբաղյան շաժումն է եղել եւ այլն։

- Բայց կառավարության ներկայացրած նախագծում միայն նշվում է ապրիլյան հեղափոխության մասին։

- Հա, ես կարծում եմ, որ սա կարեւոր է, բայց ապագայում մտածում եմ վերաիմաստավորել մեր տոների եւ հիշատակի օրերի տրամաբանությունը։ Այս փուլում սա լավ է, մենք կընդունենք, եւ կլինի փորձ՝ տեսնելու, ի վերջո, մարդիկ տոնո՞ւմ են, թե՞ ոչ։ Ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ կտոնեն, մենք չենք կարող պարտադրել, բնականաբար, եւ սա որպես ժամանակավոր տարբերակ ընդունելի է։

Իսկ կարեւոր, հիշարժան իրադարձության հետ կապված՝ տարբեր են մոտեցումները։ Ինձ համար ապրիլի 23-ն ամենահիշարժանն էր՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը։ Բայց այստեղ կար խնդիր ապրիլի 24-ի հետ կապված։ Ոմանց կարծիքով, մեծ տոնախմբություն ունենալ ապրիլի 24-ից առաջ, սխալ է։ Ես անձամբ կարծում եմ, որ այս դեպքում նույնիսկ վերածննդի գաղափար կա, որ հարյուր տարի ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ, եւ բացառիկ մի իրադարձություն տեղի ունեցավ Հայաստանում։ Սա խորհրդանշում է Հայաստանի վերածնունդը, եւ կարծում եմ, որ խորհրդանշական կապ կար, որ հենց այդ ժամանակ այդ ամենը տեղի ունեցավ։ Բայց, կրկնում եմ, սա մի բան է, որ ժողովուրդը, ի վերջո, պետք է ընդունի կամ ոչ, ինչ էլ մենք առաջարկենք, վերջնական խոսքը ժողովրդինն է։ Նույնիսկ մենք չառաջարկեինք էլ, եթե ժողովուրդը տոնելու է, ապա կտոնի։ 

- Օրինակ, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ այն քաղաքացիները, որոնք կողմ չէին հեղափոխությանը, հետո էլ դժգոհ են լինելու այս իշխանություններից, ինչպե՞ս կտոնեն։

- Ես դրա համար եմ ասում, որ ապագան ցույց կտա ժողովրդի վերաբերմունքը։ Իսկ ընդհանրապես կարծում եմ, որ սա քաղաքական ինչ-որ ուժի, հոսանքի տոն չէ, սա բոլորի տոնն է, որովհետեւ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, իսկապես բացառիկ էր։ Հայաստանում չկա որեւէ ընտանիք, որի անդամներից, հարազատներից գոնե մեկը մասնակցած չլինի այդ իրադարձություններին։ Մարդիկ, որոնց մեկի եղբայրը, մյուսի հորեղբոր տղան ՀՀԿ-ական էր, միեւնույն է, այդ մարդիկ փողոցում էին եւ պայքարում էին։ Ցավոք սրտի, ՀՀԿ-ն բաց թողեց իր շանսը։ Եթե ապրիլի 23-ին եղել եք փողոցում, կիմանաք՝ այնպիսի մթնոլորտ էր, որ եթե այդ պահին Սերժ Սարգսյանը հայտնվեր ու ասեր՝ «ժողովուրդ ջան, խնդրում եմ ինձ ներեք, ուզում եմ ձեզ հետ տոնել», այդ մարդուն կկանչեին եւ միասին կտոնեին։

- Ցավո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն դա չարեց։

- Իրենց համար, ցավոք սրտի, ընդհանրապես եթե բոլորը կարողանային ընդունել իրենց սխալները եւ ասեին՝ վերջ, ժողովուրդ, մենք հասկանում ենք, որ լավ բան չենք արել, այլեւս եկեք միասին նոր Հայաստան կառուցենք, բայց նրանք այդ շանսը բաց թողեցին։ Ի վերջո, Սերժ Սարգսյանի տեքստը լրիվ այդ տրամաբանության հիման վրա էր կազմված, բայց, չգիտես ինչու, ՀՀԿ-ն որոշեց հետո հեռանալ դրանից։ Բայց հիմա էլ ուշ չէ։

- Այսինքն՝ դուք չեք ընդունում ձեր ուժին ուղղված այն հանդիմանությունները, որ ժամանակից շուտ եք հերոսացնում հեղափոխությունը, որ պետք է սպասել եւ այլն։

- Գիտեք, այն մարդիկ, որ այդ պնդումներն առաջ են քաշում, ընդունում են, որ հեղափոխությունն արել է ոչ թե Հայաստանի ժողովուրդը, այլ մի կոնկրետ քաղաքական ուժ, ինչն այդպես չէ։ Հեղափոխությունն «Իմ քայլը» կամ ՔՊ-ն չի արել, արել է ժողովուրդը։

- Հարցրե՞լ եք ժողովրդին, ուզո՞ւմ է նման տոն ունենալ։

- Ես՝ անձամբ, մարդկանց տարբեր կարծիքներ եմ լսել, ոմանք ասում են, որ դեռ շուտ է, ոմանք ասում են, որ ապրիլի 23-ն իրենց կյանքի ամենաերջանիկ օրն է ու շատ գաղափարներ են նշում, որ դա պետք է լինի այն օրը, որ քաղաքացին նորից վերահաստատի երկրում իր իշխանությունը։

րինակ՝ ինչպե՞ս եք նշելու այդ օրը։

- Ես հիշում եմ, որ այդ օրը՝ ապրիլի 23-ին, Երեւանի ամբողջ տարածքում սեղաններ էին դրված, մարդիկ նշում էին, մեկը խորոված էր ուտում, մեկը գինի էր խմում, մեկը մեքենայից երաժշտություն էր միացրել ու պարում էր, երաժիշտները նվագում էին․ հենց այսպես ազատ էլ պիտի թողնել, որ յուրաքանչյուր քաղաքացի ինչպես ուզում է, այնպես էլ արտահայտի  իր էմոցիաները։