Գիրք նվիրելու օրը գրախանութները 2 անգամ շատ գիրք են վաճառել

Գիրք նվիրելու օրը գրախանութները 2 անգամ շատ գիրք են վաճառել

Արդեն 11 տարի Թումանյանի ծննդյան օրն ավանդաբար նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Այս տարի այն առանձնացավ նաեւ նրանով, որ կառավարության անդամները՝ վարչապետից մինչեւ նախարարներ, գիրք էին նվիրում, գրականություն ընթերցում, ինչը զուգահեռաբար աշխուժացրեց թե՛ գրախանութների աշխատանքը, թե՛ գրքերի վաճառքը։

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, ով գիրք նվիրելու օրը «Հայ գիրք» գրախանութում աշխատում էր որպես խորհրդատու, մեզ հետ զրույցում նկատում է, որ առաջին դեմքերի մակարդակով նման մոտեցումը տոնին, գրքին, ընթերցանությանը կարող է լավ ազդեցություն ունենալ հասարակության մեջ։ «Կարծում եմ՝ այս տարիների ընթացքում տոնը կարողացանք այնքան ստացված դարձնել, որ, ուզեին-չուզեին, կառավարության անդամները պետք է մասնակցեին այդ ակցիային, այսինքն՝ տոնն այդքան առինքնող է։ Բայց Նիկոլ Փաշինյանի դեպքում դա ոչ միայն գիրք նվիրելու փաստ էր, այլ նաեւ որոշակի ուղղորդվածություն դեպի հայ ժամանակակից գրողները։ Ես գիրք նվիրելու պրոցեսից զատ, ամենաշատը հենց դա եմ գնահատում, եւ ինքը՝ Փաշինյանը, տարբեր առիթներով բացատրել է, թե ինչու է գնահատում ժամանակակից գրողներին եւ գրականությունը։ Կարծում եմ՝ այդ ուղերձները մեր հասարակությունն ըստ էության կընկալի»,- ասում է Նիկողոսյանն ու հավելում, որ չեն կարող դրական տեղաշարժեր չլինել․ «Մնում է, որ այդ տոնական նվիրումներից եւ արարողություններից մեկ քայլ էլ առաջ կատարենք եւ այդ պրոցեսները հասցնենք նաեւ մարզեր։ Գրատոների ընթացքում այդ դիտողությունները մենք մշտապես մարզերից ստացել ենք, թե ինչու նույն պրոցեսները մարզերում չեն կատարվում, ինչպես անել, որ մարզերում գրախանութներ լինեն, ակտիվություն լինի, այդ ամեն ինչն այնտեղ փոխանցվի, եւ այնպես չլինի, որ մարզերի բնակիչները միայն լայվերով հետեւեն այս ամենին»։ 

Կարեւոր է ոչ միայն գիրք նվիրելու,  այլ նաեւ գիրք ընթերցելու մշակույթը․ «Ցավոք, այդ տագնապը կա, որովհետեւ այդ էֆեկտն ապահովվում է նվերների, տոնակատարությունների տեսքով, բայց դժվար է ասել՝ այդ նվիրված գրքերի քանի տոկոսն է, որ հետագայում ընթերցվում է, շրջանառվում եւ այդ գրքերի ուղերձները տեղ են հասնում։ Մեր հաջորդ քայլերը պետք է լինեն մարզերում նմանատիպ միջոցառումների առատությունը, նաեւ՝ թե՛ մարզերում, թե՛ Երեւանում ընթերցանության մակարդակի բարձրացումը»։ 

Գիրք նվիրելու օրը «Հայ գիրք» գրախանութում շատ մեծ ակտիվություն է գրանցվել, ընդ որում՝ եթե տարիներ առաջ գրքի տոնին երիտասարդներն էին ավելի շատ գալիս, այս անգամ շատ ավելի լայն շրջանակ էր ներգրավված՝  ծնողներ, տատիկներ, պապիկներ, ամենատարբեր պաշտոնների ու զբաղվածության մարդիկ, ԱԺ պատգամավորներ։ «Հիմա քանի որ գրքերի տեսականին շատ լայն է ու բազմազան, այս պարագայում էլ ընթերցողներն են կանգնում բարդ ընտրության առաջ։ Մարդիկ ունեն երազած գրքեր, որ այս օրերին առիթն օգտագործում են դրանք նվիրելու կամ ձեռք բերելու համար»։ 

«Հայ գրքում» ամենապահանջվածը եղել են Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» եւ «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» գրքերը․ «Բայց այս անգամ շատ բազմազան սկզբունքով մոտեցան ընթերցողները, եւ ամենատարբեր «կլասի» գրքեր են վաճառվել»։ Ինչ վերաբերում է վաճառքի ցուցանիշներին, ապա նմանատիպ տոների ընթացքում գրախանութն անում է այնքան առեւտուր, ինչքան մեկ ամսվա ընթացքում, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ ավելի։ 

«Նոյյան տապան» գրատան տնօրեն Լուիզա Բերբերյանը չի կարող թվային ցուցանիշներով ասել, թե ինչքան գիրք են վաճառել գիրք նվիրելու օրվա շրջանակներում, բայց վաճառված գրքերի թեմատիկային ծանոթ է․ «Վաճառվել եւ հետաքրքրություն են առաջացրել հիմնականում Թումանյանի ստեղծագործությունները, հեքիաթները, ինչպես նաեւ Վիսոցկու ստեղծագործությունները, Պարույր Սեւակի «Ամանեջը», «Ոչ մի շաբաթ առանց Թումանյանի» նյութը։ Երիտասարդ գրողները հետաքրքրված են նաեւ երիտասարդ ստեղծագործողների գրքերով եւ միմյանց նվիրում են այդ նյութերը։ Հետաքրքրություն է առաջացրել նաեւ Իրվին Յալոմի հոգեբանական գրքերի շարքը, որը շատ պահանջված է այսօր։ Ճիշտ է՝ «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի շուրջ աղմուկը բավականին նվազել է, այնուամենայնիվ, մարդիկ վերցնում են, որ, հավանաբար, տեսնեն, թե ինչով էր պայմանավորված այդ գրքի հաջողությունը։ Ընթերցողին հետաքրքրում են նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի գրքերը»։

Ըստ տնօրենի՝ նմանօրինակ տոները բավականին ազդում են ընթերցանության ցուցանիշների վրա, որովհետեւ մարդիկ գնում են գրքեր եւ կարեւորում են նվեր փնտրելու դեպքում գնել հենց գիրքը, ինչը նախկինում չի եղել։ Դրա համար նոր ծառայություն են ներառել՝ գրքի անվճար փաթեթավորում, որպեսզի կարողանան առավել հրապուրիչ դարձնել գիրքը՝ որպես նվեր։ Ինչ վերաբերում է վաճառքի ցուցանիշներին, ապա կարող է ասել, որ գիրք նվիրելու օրը վաճառքը 2 անգամ ավելի է եղել։    

«Ընթերցանությունը պետք է լինի պետական հոգածության ներքո, եւ դա այնքանով է կարեւոր, որ եթե ուզում ենք ունենալ զարգացած հասարակություն, ապա պետք է կարողանանք շեշտը դնել ընթերցանության վրա, նաեւ նոր ինովացիոն մեթոդներ օգտագործենք ընթերցանության մեջ ներգրավելու գործում։ Այսօր երիտասարդներին պետք են նոր կրեատիվ մոտեցումներ, պետք է ուսումնասիրել միջազգային փորձը եւ չվախենալ ազատ խոսել»,- ասում է նա ու հավելում, որ փորձում են տարբեր մեթոդներով գիրքը մոտեցնել ընթերցողին․ «Երբ խոսում են ընթերցանության ակտիվացման մասին, ես միշտ ուզում եմ հասկանալ՝ իսկ ինչի՞ հետ ենք համեմատում, կողմ չեմ համեմատել նախորդ տարվա հետ, պետք է համեմատել միջազգային միջին կարդացող մարդու հետ, որովհետեւ ընթերցանության մակարդակը մեզ մոտ ցածր է, իսկ գիրք կարդալը նաեւ սովորույթ է»։