Դավիթ Սանասարյանը՝ որպես պաշտոնատար անձ, հրավիրվեց դատարան

Դավիթ Սանասարյանը՝ որպես պաշտոնատար անձ,  հրավիրվեց դատարան

Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանի գործով այսօր նախատեսվում էր դատարանում որպես վկա հարցաքննել այժմ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանին եւ մեկ այլ քրեական գործով մեղադրյալ Գեւորգ Մելքոնյանին: Սակայն նրանցից եւ ոչ մեկը դատարան չէր ներկայացել:

Նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը դիմեց դատավարության կողմերին՝ հարցնելով, թե ինչ կարծիք ունեն այդ պայմաններում նիստը շարունակելու վերաբերյալ: Մեղադրող Պետրոս Պետրոսյանը նշեց. «Արմեն Մարտիրոսյանի մասով դիմել համապատասխան մարմիններին՝ պարզելու համար՝ վերջինս գտնվո՞ւմ է ՀՀ-ում, թե՞ ոչ: Մյուս երկու անձանց դեպքում թողնում եմ դատարանի հայեցողությանը՝ ինչ որոշում  ուզում է, թող կայացնի»:
Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն իր դիրքորոշումը հայտնեց հարցի վերաբերյալ. «Արմեն Մարտիրոսյանի մասով հայտնի է, որ ՀՀ-ում  չէ, ինչ վերաբերում է մյուս մեղադրյալին, եւս մեկ անգամ ծանուցվի»: 

Անդրիաս Ղուկասյանը եւս միացավ իր պաշտպանյալի դիրքորոշմանը: 
Դատավոր Վարդան Գրիգորյանն էլ ասաց, որ դատարանն իրազեկված է, որ ընտրություններից հետո Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա. «Բայց մեղադրողի նշածը ճիշտ է, դատարանը պաշտոնապես հարցում կատարի համապատասխան ծառայությանը՝ ՀՀ-ն լքելու վերաբերյալ: Ես չգիտեմ՝ վկա Դավիթ Սանասարյանին պատշաճ ծանուցում ստացվե՞լ է: Դատարանի համար բոլորը վկայի կարգավիճակում են, փորձենք էս անգամ որպես պաշտոնատարի գրություն ուղարկել, որ մյուս դատական նիստին նրա ներկայությունը կարողանանք ապահովել»:

Գեւորգ Մելքոնյանի վերաբերյալ բերման ենթարկելու որոշում կայացվեց:
Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց ապրիլի իննին: