Իսկ Դուք ե՞րբ եք ասելու՝ որքան գումար եք ծախսել կառավարական առանձնատան վերանորոգման վրա

Իսկ Դուք ե՞րբ եք ասելու՝ որքան գումար եք ծախսել կառավարական առանձնատան վերանորոգման վրա

«Էդ չհասկացա, ինչի՞ պիտի կառավարությունը լինի 100 տոկոս թափանցիկ, իսկ մյուսները (նկատի ունի լրատվամիջոցներին), պետք ա չլինեն։ Էդ որտե՞ղ ա գրված»,-այսօր ԱԺ ամբիոնից պոռթկաց Նիկոլ Փաշինյանը։

Այ հիմա ես էստեղ գրում եմ՝ ինչի։

Պարոն վարչապետ, արդեն որերորդ անգամ եմ էս հարցը Ձեզ ուղղում, Դուք՝ որպես աշխարհի ամենաթափանցիկ կառավարության վարչապետ, վերջը կպատասխանե՞ք այն պարզ հարցին, թե որքա՞ն գումար եք ծախսել ձեր կառավարական առանձնատան վերանորոգման վրա։ Ըստ տեղեկությունների՝ 1 մլրդ դրամ։ Խնդրում եմ պատասխանել՝ ճի՞շտ է դա, թե՞ ոչ, և կարո՞ղ եք տրամադրել վերանորոգման ծախսերի բացվածքը։

Միայն թե չասեք՝ սա օրենքով պաշտպանված փակ ինֆորմացիա է։ Փոխեք օրենքը, Սահմանադրությունը մի գիշերվա մեջ կփոխեք, էդ օրենքը չե՞ք փոխի։ Առավելևս, որ Սերժ Սարգսյանի օրոք ընդունված օրենք է, իրենք հատուկ էդ օրենքը վերջին տարում ընդունեցին, որ չիմանանք իրենց ծախսերի մասին։ Հիմա Սերժը վատն էր, Դուք լավն եք, ավելին՝ Դուք մի այլ կարգի լավն եք, ինչո՞ւ չեք փոխում օրենքն ու բացում այդ ինֆորմացիան։ Ձեռք չի տալի՞ս։ Բա խի՞ ձեռք չի տալիս, որ հանկարծ հանրությունը չիմանա՞, թե ինչու եք բյուջեից մոտ 1 մլրդ դրամ գումար դուրս գրել, որ ձեր ճաշակով ռեմոնտ անեք ձեր առանձնատունը՝ «տեղական» արտադրության իտալական կահույքով, բանով․․․

Այ, երբ Դուք, օրինակ, այդ ինֆորմացիան կհրապարակեք, ես էլ՝ որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ, պատրաստ եմ հրապարակել, թե ինչ միջոցներով եմ երեկ Massimo Dutti-ից զեղչով շալվար առել։ Ի դեպ, էդ խանութից Դուք էլ էիք ոնց որ թե ժամանակին օգտվում, երբ նոր էիք ընտրվել վարչապետ, հիմա՝ չգիտեմ, գուցե Massimo-ն այլևս չի բավարարում Ձեզ․․․ Ու կասեմ նաև, թե ինչո՞ւ մինչև հիմա մեքենայիս «տռավերսի վտուլկիները» չեմ փոխում ու կամ թափքի վրայի խազերը չեմ վերացնում (որովհետև էդ փողով ինձ շալվար եմ առել) :) Ի դեպ, մեքենաս ոչ սալոնից առած Nissan Qashqai է, ոչ Hyundai Sonata, ոչ էլ, առավելևս, բյուջեի հաշվին գնած զրահապատ Mercedes S-Class W222։ 

Ու սա դեռ մեկն է այն բազմաթիվ հարցերից, որոնց ձեր մեգաթափանցիկ կառավարությունը չի պատասխանում, թաքցնում է մամուլից ու հանրությունից, մինչև որ մամուլն ինքն է փորփրում ու գտնում բյուջեի հաշվին կատարած ձեր «համեստ» գնումների փաստերը։ Իսկ այ Ձեզ հետ ոչ մի կապ չունեցող լրատվամիջոցի /լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության մասին էլ թերևս լռեմ, դրանով թող ՏՄՊՊՀ-ն «զբաղվի», ինքը «ինքնուրույն», առանց Ձեր գիտության հիմա խորը ուսումնասիություն է սկսել։ Ի դեպ, զգույշ կլինեք, հենց մի երկու տվյալ պակաս տրամադրեք, օրինակ, թերթի վաճառքի տվյալները սխալ ասեք, թե որ ամիս քանի հատ է վաճառվել, քանիսը՝ հետ եկել, կարող է այդ նույն ՏՄՊՊՀ-ն 5 մլն դրամով ձեզ տուգանել՝ լրիվ միամիտ։