Ադրբեջանի հասարակությունը ձգտում է խաղաղության, ռեժիմը՝ ոչ

Ադրբեջանի հասարակությունը ձգտում է խաղաղության, ռեժիմը՝ ոչ

Հայաստան չորրորդ անգամ այցելած իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ինքը ճանաչողական այցով է գտնվում Հայաստանում, ցանկություն ունի մոտիկից ճանաչել այն վայրերը, որտեղ չի եղել։ Նա տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր գործն արդեն ընդունել է վարույթ, չնայած այն բանին, որ Ադրբեջանը ձեռնարկել է տարբեր քաղաքական եւ կոռուպցիոն քայլեր, կաշառել է եվրոպացի պատգամավորներին։ Այնուամենայնիվ, ըստ Լապշինի, Ադրբեջանին են ուղարկվել փաստաթղթեր, նրան տրված է երեք ամիս ժամանակ բողոքարկելու համար։ Լապշինը նշեց նաեւ, որ դիմել է պաշտպանության նախարարության մամուլի ծառայություն եւ խնդրել, որ իրեն թույլատրեն այցելել սահմանամերձ գոտի։ Իսկ նպատակն այն է, որ իր բլոգում պատմի Ադրբեջանի կողմից գնդակոծվող գյուղերում ապրող մարդկանց մասին։

Դա, ըստ նրա, Նոյեմբերյանի շրջանն է եւ մի քանի այլ շրջաններ։ Անդրադառնալով Ադրբեջանին՝ Ալեքսանդր Լապշինը նշեց, որ այնտեղ կան կիրթ, գիտակից մարդիկ, որոնք ապրում են բռնապետության պայմաններում։ Լապշինի դիտարկմամբ՝ Ադրբեջանի հասարակությունը տեսնելով, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում վերջին ամիսներին, ցանկանում է ապրել նույն կերպ․ ստեղծվել է պարադոքսալ վիճակ՝ Ադրբեջանի հասարակությունը պատրաստ է խաղաղության, սակայն դա չի ցանկանում այնտեղի իշխող ռեժիմը։ Միաժամանակ նա նշեց, որ Ալիեւը հարմար է Ռուսաստանի համար, կանխատեսելի եւ վտանգավոր չէ Հայաստանի համար։ Հիշեցնենք, որ 2017թ․ Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով եւ արտահանձնվել Ադրբեջանի Հանրապետություն։ Նրա ձերբակալությունը լարվածություն էր ստեղծել հայ-բելառուսական հարաբերություններում։