Դատավորները զայրացել են

Դատավորները զայրացել են

Դատական համակարգում շատ վատ են ընդունել վարչապետի կոչն ու վերջին օրերի իրադարձությունները։ Մեզ ասացին, որ որոշ դատավորներ կոշտ հակադարձման կողմնակից են՝ համատարած դիմումներ գրելու, գործադուլ հայտարարելու տիպի։ Բայց ընտրվեց Դատավորների միության կողմից հայտարարություն տարածելու տարբերակը։ Ի դեպ, միության նախագահը՝ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, չհակադրվող տեսակներից է, սակայն հայտարարությունը բավականին խիստ է ստացվել։

Միությունն արձանագրել է, որ քննադատությունն ու վիրավորանքը տարբեր բաներ են՝ «հասարակության անդամները պարտավոր են հարգել դատավորի անկախության սկզբունքը եւ դատավորի կամ դատական ակտի վերաբերյալ քննադատությունը կառուցել այնպես, որ այն չվերածվի դատավորի նկատմամբ քողարկված ճնշումներ կատարելու, արդարադատության իրականացմանը միջամտելու, դատավորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցի»: «Դատավորի հեղինակությունը պետք է պաշտպանված լինի ցանկացած հայհոյանքից»:

Ավելին՝ «եթե կարծիքի արտահայտման միակ նպատակը դատարանին  վիրավորելն է, ապա այդպիսի քննադատողական խոսքն անթույլատրելի է եւ չի կարող պաշտպանության արժանանալ կարծիքի ազատ արտահայտման իրավունքի շրջանակներում» եւ կարող է դիտարկվել որպես պատժելի արարք։ Ապա կոչ՝ ուղղված իշխանություններին, պաշտոնատար անձանց, ԶԼՄ-ներին՝ «ձեռնպահ մնալ դատավորների հեղինակությունն արատավորող,  վիրավորող ու հանրության առջեւ նրանց անաչառությունը կասկածի տակ դնող հրապարակային արտահայտություններից», «զերծ մնալ դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտող, դատարանների շենքերի մոտակայքում հասարակական կարգը խաթարող ցանկացած գործողությունից»։