Քաղսիում միայն հեղափոխության օրերին էին ուրախ

Քաղսիում միայն հեղափոխության օրերին էին ուրախ

Այսօր քարոզարշավի վերջին օրն է, վաղը լռության օր է: Փետրվարի 17-ին Քաղսիում գյուղապետ կընտրեն: Հիշեցնենք, որ Քաղսի համայնքում համայնքապետի աթոռի համար պայքարում նախկին գյուղապետ՝ Սեդրակ Դավթյանը, ավագանու անդամ՝ Գեւորգ Խուրշուդյանը, Ռուդիկ Կարապետյանը, ով տարիներ առաջ աշխատել է գյուղապետարանի աշխատակազմում եւ Ռաֆայել Գրիգորյանը: Թեկնածուների հանդիպումը բնակիչների հետ շարունակվում է: Այս անգամ թեկնածուները որոշել են տուն առ տուն շրջել, եւ ներկայացնել իրենց ծրագիրը, որոշումը թողնելով ընտրողին:

Ընտրությունից առաջ մի քանի հարցեր ուղղեցինք թեկնածուներին: Թեկնածուներից ամենաերիտասարդը Ռաֆայել Գրիգորյան է, 27 տարեկան: 2012թ հիմնադրել է «Ռաֆայել Գրիգորյան» ԱՁ-ն, 2017թվ.-ին հիմնել է «Արմա» թոնրատունը: Երիտասարդ բիզնեսմենը որոշել է ուժերը փորձել նաեւ ՏԻՄ-ի ընտրություններում. «Ես գիտակցում եմ, որ ինչքան էլ բիզնեսս ընդլայնվի, որքան էլ, որ աշխատեղեր ստեղծեմ, մաքսիմում երկու սերունդ հետո մոռացվելու է ամեն բան, այսօր շատ գործարարներ են մոռացվել, գնացել: Իսկ սա ինձ համար մեծ հնարավորություն է գյուղի համար լավը անելու եւ պատմության մեջ լավով հիշվելու համար», -այսպես բացատրեց Գրիգորյանն իր առաջադրումը:

Թե ինչո՞ւ է ընտրել «Համախմբում, Կամքի ուժ, Նոր ձեռքբերումներ» կարգախոսը, թեկնածուն պատասխանեց. «Հեղափոխությունը մեծ նշանակություն ունեցավ, այսօր համախմբված ենք, եւ պատրաստ ենք գյուղի խնդիրները լուծել: Խնդիրներ կան, որ պայմանվորված են ոչ միայն կառավարության ծրագրով, այլ զուտ համախմբվածության միջոցով լուծելու համար: Կարծում եմ այս աստիճան համախմբված երբեք համայնքը չի եղել: Կամքի ուժը մենք ունենք եւ պատրաստ ենք նոր ձեռքբերումները շատացնենք գյուղի համար: Կարգախոսը սրանով է պայմավորված»:

-Պարո´ն Գրիգորյան, Ձեզ աջակցում է Սասուն Միքայելյանը, Կոտայքի մարզպետի կողմից ունե՞ք աջակություն: Մարզպետի կողմից աջակցություն չունեմ, չեմ ճանաչում: -Անդամագրվել ե՞ք «ՔՊ» կուսակցությանը: Ոչ անկուսակցական եմ, հետո ժամանակը ցույց կտա: Համայնքի ղեկավարի մյուս թեկնածու Ռուդիկ Կարապետյան էլ՝ «Նոր Հայաստան, Նոր Քաղսի» կարգախոսն է ընտրել: Թեկնածուն որոշել է ընտրվելուց հետո Քաղսին՝ «Նոր» Քաղսի դարձնել: Կարապետյանն իր նախընտրական բուկլետում ներառել է 10 կարեւոր կետեր՝ ոռոգման ջրի, ասֆալտապատման, գիշերային լուսավորության, երեխաների համար խաղահրապարակների ստեղծում եւ այլն: Մեր այն հարցին, արդյո՞ք հեղափոխության շունչը զգացվում է Քաղսիում, Կարապետյան ասաց. «Երբ ճանապարհները փակում էինք, երեխաները պարում էին, ուրախանում էին, այդ ժամանակ բոլորը ուրախ-զվարթ էին»:

Հարցին՝ հիմա ուրախ չե՞ն գյուղացիները. «Չէ»,-ասաց Կարապետյանը: Թեկնածուներից Գեւորգ Խուրշուդյանը գտնում է, որ անիմաստ է նախընտրական բուկլետներ տպելը, ավելորդ գումարի վատնում է: Նրա խոսքով՝ քաջատեղյակ է գյուղի խնդիրներին, 3 անգամ ընտրվել է ավագանու անդամ, գյուղացու խնդիրները բարձրացրել, եւ փորձել են լուծում գտնել. «Ես այս գյուղում եմ ապրում, բոլորն ինձ ճանաչում են, կարիք չկար նախընտրական բուկլետ տպել, ինքս տեղյակ եմ գյուղի խնդիրներին եւ հանդիպելով մարդկանց, լսում եմ նրանց: Ես, որպես ավագանու անդամ բազմաթիվ խնդիրներ են ներկայացրել համայնքապետարան, որոշները լուծվել են, որոշ խնդիրներ դեռ չի հաջողվել լուծել»: Իսկ նախկին գյուղապետ Սեդրակ Դավթյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանելուց: