Լուսանկարիչը ծեծել է փեսային, իմանալով, որ հարսը 15 տարեկան է

Լուսանկարիչը ծեծել է փեսային, իմանալով, որ հարսը 15 տարեկան է

Թուրքիայում հարսանեկան լուսանկարիչ Օնուր Ալբայրակը ծեծել է փեսային, երբ իմացել է, որ հարսը 15 տարեկան աղջիկ է, այսինքն՝ անչափահաս երեխա։ Դեպքը տեղի է ունեցել Մալաթիա նահանգում։ Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը։ Ըստ հրապարակման Ալբայրակին հրավիրել են հարսանիքը լուսանկարելու եւ երբ նա տեսել է, որ հարսը դեռ երեխա է, հենց հանդիսաության ժամանակ ծեծել է փեսային։ Արդյունքում փեսայի քիթը ջարդված է։ «Երեխան որպես հարս, այլ բան չէ, քան երեխաների հանդեպ դաժան վերաբերմունք։ Ոչինչ աշխարհում ինձ չի կարող ստիպել, որպեսզի ես լուսանկարեմ նման հարսին»,- հայտարարել է լուսանկարիչը պնդելով, որ չի ափսոսում իր արարքի համար։ Նշենք, որ դեպքը նաեւ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանի որ Թուրքիայում կանանց համար ամուսնության նվազագույն տարիքը 18-ն է, իսկ 17-ում թույլ են տալիս բացառիկ դեպքերում, միայն դատարանի որոշմամբ։ Այդուհանդերձ թուրք իրավապաշտպանները բազմիցս են հայտարարել, որ մանկամուսնությունները դեռ շարունակում են տարածված մնալ գավառներում։