Ծիրանային ռևյու. «Հարևանների» և ոչ միայն նրանց մասին

Ծիրանային ռևյու. «Հարևանների» և ոչ միայն նրանց մասին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Տարածաշրջանային համայնապատկերի մրցույթում ներկայացված է 11 ֆիլմ, որոնց թվում է նաեւ ռուս ռեժիսոր Դարյա Շումակովայի «Ես տուն կվերադառնամ» ֆիլմը․ այն ներկայացնում է Մովսես գյուղում ապրող հայ ընտանիքի մի պատմություն: Ֆիլմի սկզբում տեսնում ենք տան տղամարդուն, հորը, ամուսնուն եւ տղային սպասող ընտանիքի անդամներին։ Ամեն առավոտ աղբյուրից ջուր բերող տղային հարեւանները հարցուփորձ են անում՝ հորից լուր կա՞։

Եվ, հավանաբար, այդ սպասումն էլ ավելի սրելու համար ռեժիսորը որոշում է, որ ֆիլմում՝ տան շեմին նստած 5-6 տարեկան երեխան պետք է երգի՝ «Թռչեի մտքով տուն» երգը․․․, արհեստական մի դրվագ, որ ֆիլմի առաջին րոպեներից արդեն վանում է, ուզում ես միանգամից գոռալ՝ չեմ հավատում․ այդ տարիքի երեխան եթե անգամ իմանա էլ այդ երգը, չի կարող նման կեցվածքով ու ծանրությամբ այն երգել։ Մի պահ թվում է, թե ֆիլմը կզարգանա տղայի սպասումների շուրջ, բայց որոշ ժամանակ անց տեսնում ենք արդեն պատերազմից վերադարձող անհույզ հոր դեմքը։     

Պարզվում է՝ հիմա էլ որդին չի համակերպվում, որ տանը եւս մեկ տղամարդ պետք է լինի: 6 տարեկան տղայի ըմբոստությունը դրսեւորվում է հենց առաջին իսկ պահից, երբ սեղանի շուրջ նրան են միանում մագնիտոֆոնով բարձր ռեփ լսող բակի իր ընկերները, ով փորձում է պապի՝ դուդուկ նվագող ընկերների նվագը լռեցնել մագնիտոֆոնի ձայնը բարձրացնելով եւ հորը չենթարկվելով։ Հոր եւ որդու հակասությունները գնալով խորանում են, բայց դրանք զարգանում են շատ մակերեսային, մենք չենք տեսնում էմոցիոնալ որեւէ կապ, որեւէ կենդանի երկխոսություն։ Սառն ու անբնական են նաեւ սեղանի շուրջ նստած գյուղացիների երկխոսությունները, նրանց պահվածքն ու միմիկան։

Ֆիլմում նկարահանված դերասաններից թերեւս միայն Մարջան Ավետիսյանի խաղն է համոզիչ ու բնական, իսկ ֆիլմից ստացած դատարկ լիցքերը չեն փրկում նաեւ մի քանի գտնված, տվյալ ժամանակին հատուկ դետալները, ինչպես, օրինակ, էլեկտրաէներգիայի սպասող գյուղացիների արձագանքը։ Եթե հավելենք, որ ռեժիսորը նաեւ սցենարի հեղինակն է, հասկանալի կդառնա նրա նպատակը, այն է՝ ֆիլմ նկարել ոչ թե պատերազմի մասին, այլ դրա հետեւանքների, թե ինչպես է այն անդրադառնում ամեն ընտանիքի վրա, բայց պետք է նկարես եւ պատմես նրա մասին, ինչը քոնն է, ինչին ծանոթ ես մոտիկից, այլապես կձախողես, ինչպես որ այս ֆիլմի դեպքում է։    

Տարածաշրջանային համայնապատկերի մրցույթում ներկայացված է նաեւ ռեժիսոր Գիգիշա Աբաշիձեի «Հարեւաններ» ֆիլմը, որը պատմում է, թե ինչպես Հին Թբիլիսիի բակերից մեկում ապրող վաղեմի ընկերներն ու հարեւանները դառնում են ախոյաններ, երբ հայտնվում է նրանց տներն ու հողամասը գնել ցանկացող մի ներդրող, որի առաջարկած գնին համաձայն են բոլոր հարեւանները, բացի մեկից։

Եվ ինչպես լինում է նման իրավիճակներում, պատմությունը զարգանում է տրագիկոմիկ ժանրում, երբ հանկարծ ողջ հարեւանության դեմ դուրս եկած Գիայի նկատմամբ սկսվում են փոքր հաշվեհարդարներ։ Հումորի միջոցով բացահայտվում են բոլոր հերոսներն ու նրանց մտադրությունները։ Հարեւաններն անզիջում են, գործում է «բոլորը մեկի դեմ» տարբերակը, Գիան դարձել է նրանց բոլորի թիրախը, սեփական երազանքների ճանապարհին հայտնված միակ խոչընդոտը։ Կյանքը բակում կարծես կանգ է առնում, նույնիսկ հարեւանների միջեւ փլված պատը Լաշան չի սարքում մինչեւ այն պահը, երբ հարուստ ներդրողի միֆը հօդս է ցնդում։

Ի տարբերություն հայ ընտանիքի մասին պատմող ռուս ռեժիսորի ֆիլմի, Գիգիշա Աբաշիձեն պատմում է իր քաղաքի, հարեւանների, իրեն ծանոթ միջավայրի մասին, մի բան, որ առաջին իսկ րոպեներից կլանում է եւ համոզում, որովհետեւ տեսնում ես բնական միջավայր, իրական տիպաժներ, ովքեր իրենց մեջ կրում են վրացական մշակույթի կոլորիտը։