Ինչո՞վ էր տարբերվում Տուսկի այցը հիմա և Սերժ Սարգսյանի ժամանակ

Ինչո՞վ էր տարբերվում Տուսկի այցը հիմա և Սերժ Սարգսյանի ժամանակ

Երեկ տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կառավարության շենքում տեղի ունեցած բանակցություններից հետո Տուսկն ու Փաշինյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հայտարարություններով հանդես եկան:

Ի սկզբանե հայտարարվել էր, որ տեղի է ունենալու մամուլի ասուլիս, այսինքն՝ լրագրողները հարց տալու հնարավորություն են ունենալու, պաշտոնյաներն էլ պատասխանելու են նրանց հարցերին՝ միայն չորուցամաք ելույթներ մեզ չեն հրամցնելու։ Բայց վերջին պահին որոշել էին, որ լրագրողները պետք է բավարարվեն ընդամենը արարողակարգային կադրերով եւ ելույթների սղագրությամբ։

Մի բան, որը րոպեներ անց անելու էր կառավարության լրատվականն ու հաղորդագրություն տարածեր, եւ լրագրողները կարող էին ոչ էլ ներկա գտնվել` իրենք կնկարեին, կսղագրեին, կուղարկեին լրատվամիջոցներին։ Հայտարարությունից մի քանի րոպե առաջ լրագրողներին մոտեցավ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ու եվրոպական ժպիտով եւ ձեւական կարեկցանքով հայտարարեց՝ ցավոք, այս անգամ հարցուպատասխան չի նախատեսվում։

Երբ նրանից հետաքրքրվեցինք՝ իսկ հետագայում երբ է նախատեսվում ասուլիս, Կարապետյանը նույն «եվրոպական դիվանագիտությամբ» մեզ խոստացավ, որ հետագայի համար մեր ասածը հաշվի կառնեն։

Նկատենք, որ Դոնալդ Տուսկը սրանից առաջ Հայաստան էր ժամանել մեկ էլ 2015 թվականին՝ Սերժ Սարգսյանի օրոք։ Եվ նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ մամուլի համար դռները որքան հնարավոր է փակ էին, լրագրողների առաջ Տուսկի եւ Սարգսյանի շփումն անցել է մամուլի ասուլիսով։

Ճիշտ է, հարց տվողները Սերժ Սարգսյանի սիրելի լրատվամիջոցներից մի քանի լրագրող էին, բայց միեւնույն է՝ գոնե մի քանի հարց ուղղվել են։ Իսկ այս անգամ դա էլ չեղավ։
Եթե զուգահեռ անցկացնենք Տուսկի նախորդ եւ այս այցի միջեւ, ապա բովանդակային առումով հեղափոխական որեւէ հատուկ բան դժվար է առանձնացնել։ Էլի նույն դիվանագիտական բառապաշարն էր ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները խորացնելու, արդյունավետ համագործակցության վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը պահպանելու եւ նմանատիպ այլ հարցեր։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, որ Տուսկի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու խնդրին։ Նույն հարցի շուրջ քննարկում եղել է նաեւ 2015 թվականին՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, որտեղ Տուսկը հայտարարել էր վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները սկսելու կարեւորության մասին՝ ընդգծելով, որ իրենց վերջնական նպատակը վիզայազերծ ռեժիմին հասնելն է։ Բայց մինչ օրս այս ուղղությամբ դեռ որեւէ հստակ քայլեր չեն իրականացվում։

2015-ի այցի ժամանակ Դոնալդ Տուսկը Սերժ Սարգսյանին հիշեցնում էր, որ  Հայաստանը որոշել է չօգտագործել Եվրոպական Միության առաջարկած Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ` Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, բայց իրենք պատրաստակամ են խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ եւ արդեն ավարտել են երկկողմ հարաբերությունների նոր համապարփակ համաձայնագրի բանակցությունների առաջին փուլը։ Այս անգամ արդեն Փաշինյանն էր Տուսկին հիշեցնում, որ վերոնշյալ համաձայնագիրը վաղուց ստորագրվել է, եւ պետք է այն շուտափույթ վավերացնել։

Նիկոլ Փաշինյանը Տուսկին նաեւ պատմել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ իշխանությունների որդեգրած հանձնառության մասին եւ ոչ միայն։ Տուսկն էլ իր ելույթում ընդգծել է, որ սա իր առաջին այցելությունն է Երեւան՝ Հայաստանի խաղաղ հեղափոխությունից ի վեր: «Ուրախ եմ հիմա գտնվել այստեղ, եւ Հայաստանի դրական դինամիկան նոր հնարավորություններ է ստեղծել մեր համագործակցության համար:

Մեր այսօրվա քննարկումն ընդգծեց մեր գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը: Այն հավակնոտ համաձայնագիր է, որը սատարում է Հայաստանի արդիականացմանը: Եվրոպական Միությունը կշարունակի տրամադրել տեխնիկական եւ ֆինանսական օժանդակություն՝ այս համաձայնագրի իրականացման համար»,- ասել է Եվրոպայի խորհրդի նախագահը։

Հայտարարությւոնից հետո Փաշինյանն իր եվրոպացի հյուրի հետ դուրս եկավ քաղաքում զբոսանքի։ Բայց նրանց անակնկալ էր սպասվում։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները որոշել էին Տուսկի ներկայությամբ փչացնել Փաշինյանի տոնը՝ նրա դեմ ակցիաներ իրականացնելով։ «Քոչարյան՝ հերոս» եւ «Փաշինյան՝ խաբեբա» վանկարկումների ներքո Նիկոլ Փաշինյանն ու Տուսկն անցան Քոչարյանի աջակիցների կողքով, որոնց ճանապարհը փակել էին ոստիկանները, եւ մտան Հյուսիսային պողոտա։

Այստեղ նրանք կանգ առան Եվրոպայի հրապարակի ցուցանակի մոտ, Փաշինյանը ներկայացրեց Տուսկին, թե որտեղ են իրենք գտնվում, ապա մտան «Ծիրանի» ռեստորան՝ ճաշի։ Այսքանով ամեն ինչ չավարտվեց։ Ճաշից հետո նրանց նորից «դիմավորեցին» Քոչարյանի աջակիցները, այս անգամ՝ հարակից սրճարանից էին նրանք Փաշինյանի հասցեին վիրավորական վանկարկումներ անում՝ հայտարարելով, թե Մարտի 1-ի կազմակերպիչը հենց ինքն է, որ վախենում է գալ եւ շփվել ժողովրդի հետ եւ այլն։ Փաշինյանն այս ամենն էլ «կուլ տվեց» եւ Տուսկի հետ զրուցելով՝ ուղղակի հեռացավ՝ առանց ուշադրություն դարձնելու ակցիայի մասնակիցների վրա։  

Փոխարենը ակցիայի մասնակիցներն արժանացան ոստիկանական ուժերի բուռն ուշադրությանը, այն աստիճանի, որ նրանց մի մասը բերման ենթարկվեց, իսկ կարճ ժամանակ անց ազատ արձակվեց։ ՀՀ վարչապետի հետ ճաշից հետո Տուսկն այցելել է նաեւ ՀՀ նախագահի նստավայր՝ հանդիպում ունենալով նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Այստեղ եւս հնչել են գրեթե նույն թեզերը, ինչ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, միայն թե վերջում Արմեն Սարգսյանը Դոնալդ Տուսկին հրավիրել է Հայաստան նաեւ ընտանիքի հետ։ Երրորդ անգամ Հայաստան հրավիրված Տուսկն էլ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով․ «Ես ինձ զգում եմ՝ ինչպես տանը»։

Երեկոյան կողմ արդեն Դոնալդ Տուսկը մեկնել է Սեւանա լիճ, որտեղ, ինչպես առավոտյան իր ելույթում հայտարարել էր ԵԽ նախագահը, Եվրամիությունը մտադիր է սատարել ջրային ռեսուրսների կառավարմանը։ Նրան ուղեկցել է Պյոտր Սվիտալսկին, իսկ տեղում դիմավորել է փոխմարզպետը։