Պատրաստվում է դատի տալ Մատենադարանի տնօրենին իրեն զրպարտելու համար

Պատրաստվում է դատի տալ Մատենադարանի տնօրենին իրեն զրպարտելու համար

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն օրերս փակել է միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի գիտական ղեկավար, պրոֆեսոր, բանասիրական և պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանի ղեկավարած գիտահետազոտական խումբը։ Ինչպես Սահակյանը նշեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ փակելու հարցը չի քննարկվել իրենց բաժնի հետ, խումբը տեղյակ չի եղել դրա մասին։  

«Երբ նա տեսավ, որ խումբը փակելու գիտական հիմնավորումները բավարար չեն, ավելացրեց եւս մի պատճառ, այն է՝ ինձ մեղադրեց, որ ես շանտաժով, խաբեությամբ, բանսարկությամբ ճնշում եմ գործադրել նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի վրա, եւ որ իբր թե Թամրազյանը իրեն ասել է, այսինքն՝ հանգուցյալին է վկայակոչում, որ չուզենալով բացում եմ ես այդ խումբը, որովհետեւ ճնշում են, ինչ անեմ: Ես էլ ասում եմ՝ դա այնպիսի մեղադրանք է, որ ես չեմ ուզում որեւէ այլ տեղ այն քննարկել, եթե ոչ՝ դատարանում: Ահա իմ անելիքներից մեկը,-ասաց Սահակյանն ու հավելեց, որ պատրաստվում է դատարան դիմել․ 

«Բա ես ինչպե՞ս մաքրվեմ, ինչպե՞ս կարող եմ հերքել, դա ամբողջ կոլեկտիվի եւ հոգաբարձուների խորհրդի առաջ է ասում: Եթե ես լռեմ, նրանք կմտածեն, որ այդ խարդախ ճանապարհով եմ այդ խումբը բացել: Ընդ որում ակնարկում էր նախկին հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանին՝ նախկին նախագահի եղբորը, որ եղել է այդ ճնշման մասնակիցներից մեկը: Եթե ես նրա միջոցով նման ճնշում ունենայի, ես կլինեի տնօրենը, ոչ թե Վահան Տեր-Ղեւոնդյանը: Մատենադարանը այնպիսի հիմնարկ է, որի տնօրենը առանց նախագահի իմացության անգամ տնօրեն լինելու երազանք չի կարող ունենալ: Մարդը դառնում է հիմնարկի տնօրեն նախկին իշխանությունների հովանավորությամբ եւ ինձ մեղադրում, որ բաժնի վարիչ եմ դարձել նրանց օգնությամբ»,-նկատեց Սահակյանը։

Սահակյանը իր խմբի փակումը համարում է անձնական վրեժխնդրություն, քանի որ «գաղտնի գրախոսի» կարգավիճակում գրախոսել է Վահան Տեր- Ղեւոնդյանի ատենախոսությունը, որն անհրաժեշտ պայման էր տնօրենի պաշտոնում առաջադրվելու համար․ «Բայց իմ անաչառ կարծիքը գաղտնազերծվել է, ինչը օրենքի խախտում է։ Պաշտպանությունը եղել է 3 փուլից, առաջին երկու փուլերում ատենախոսությունը մերժվեց, իսկ 3-րդ փուլում արդեն նախարար Լեւոն Մկրտչյանը, նախկին կառավարությունը, Վիգեն Սարգսյանը, ով հոգաբարձուների խորհրդի նախագահն էր, այդ բոլորն ուզում էին, որ սա վերջապես պաշտպանի, տնօրեն նշանակեն ու էս հոգսից պրծնեն»։