Հանրությունը պետք է իմանա՝ առաջիկա հինգ տարում կենսամակարդակի բարձրացման ինչ ակնկալիքներ պետք է ունենա

Հանրությունը պետք է իմանա՝ առաջիկա հինգ տարում կենսամակարդակի բարձրացման ինչ ակնկալիքներ պետք է ունենա
Պավել Սաֆարյան

Ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանն էլ է նկատել, որ կառավարության ծրագրում չկան թվեր, կոնկրետություն, բայց չի կարծում, որ դրանք քննադատության արժանի են։

«Ինչո՞ւ, որովհետեւ այդ ծրագրին ներկայացվող պահանջները որեւէ կերպ ձեւակերպված չեն։ Այսինքն՝ եթե դա դիտարկենք որպես թերություն, ուրեմն այդ թերությունն ունեցել են բոլոր կառավարությունների կողմից ներկայացված ծրագրերը, որովհետեւ որեւէ մեկի մասով չենք կարող ասել, որ նա համապատասխանում էր ծրագրի ֆորմատին, սա՝ չի համապատասխանում։ Խնդիրը, այսինքն, էս կառավարության մեջ չէ, խնդիրը ձեւակերպման մեջ է»,- մեզ հետ զրույցում ասաց Սաֆարյանը` նշելով, որ գնահատելու համար՝ այդ ծրագիրը համապատասխանո՞ւմ է հասարակության շահերին, թե ոչ, այդ շահերը պետք է ինչ-որ տեղ ձեւակերպված լինեն։

Բայց դա որեւէ տեղ ձեւակերպված չէ։ Նրա կարծիքով՝ պետք է կառավարության ծրագիրն անպայման պարունակի հարցեր, թե, օրինակ, ինչպիսին է լինելու աշխատավարձերի, թոշակների դինամիկան, կամ ճանապարհներ որքան են կառուցվելու եւ այլն։ Եթե կառավարությունը որեւէ կերպ դրանց չի անդրադառնում, միանգամից կարելի է ասել, որ ծրագիրը չի համապատասխանում այդ պահանջներին։

«Ցուցանիշներ կան, որ էդ ծրագրերում անպայման պետք է լինեն։ Հանրությունը պետք է իմանա՝ ինքն առաջիկա հինգ տարվա ընթացքում կենսամակարդակի բարձրացման ինչ ակնկալիքներ պետք է ունենա»,- ասաց պարոն Սաֆարյանը՝ նշելով, որ կառավարության ծրագիրը պետք է արտացոլի այն ուղղությունները, որոնք նշված են իշխող ուժի նախընտրական ծրագրում։


- Այդուհանդերձ, պարոն Սաֆարյան, գործող ծրագիրը, որքան էլ թվերից զուրկ, առնվազն մեկ թիվ պարունակում է՝ 5 տոկոսանոց միջնաժամկետ տնտեսական աճ։ Այդ նույն 5 տոկոսն էր նաեւ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրում։ Այդ դեպքում ո՞րն է հեղափոխությունն այս ծրագրում։

- Հեղափոխությունը, ես կարծում եմ, պետք է ոչ թե էս ծրագրով գնահատել, այլ արդյունքներով, դրա համար պետք է մի քիչ համբերություն ունենանք, արդյունքներին սպասենք։

- Շատ են քննադատում նաեւ, որ սա ավելի շատ կենացների, բարեմաղթանքների ծրագիր է, թեպետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրն էլ էր նման մոտիվացիայով։

- Մենք էլի վերադառնում ենք առաջին հարցին, այսինքն, երբ որ պահանջները ֆորմալիզացված չեն, երբ ասված չէ՝ ինչը պետք է լինի, ինչը պետք է չլինի, նման բաներից ձերբազատվելը դժվար է։ Դրա համար պետք է քեզ նման խելոք մարդիկ, մասնագետները հավաքվեն, եւ երկրում պետք է լինի պահանջը ձեւակերպված ինստիտուցիոնալ կերպով։ Հիմա, երբ որ էդ պահանջը չկա ձեւակերպված, մեկի համար դա կենաց է, մեկի համար ոգեւորություն է։ Կհիշեք՝ կառավարություն ունեինք, որ ասում էր՝ պետք է օպտիմիզմ առաջացնենք մարդկանց մոտ։ Այսինքն՝ ամեն մեկը պետական սուբյեկտիվ նպատակներ է դնում եւ դրա շուրջը կառուցում է ծրագիրը, երբ որ կոնկրետ պահանջ չկա։

- Շուտով նաեւ Հարկային օրենսգրքի փոփոխությունները պետք է քննարկվեն խորհրդարանում։ Դրանից եւս դժգոհությունները շատ են։ Դուք ի՞նչ վերաբերմունք ունեք այս հարցում։

- Հարկային օրենսգրքի ամենաբացասական կողմերից մեկն այն է, որ երբ ընդունվում էր, դրա ընդունման նպատակը որն էր՝ որ երկրում հարկային օրենսդրության կայունություն ապահովվի։ Հիմա, երբ որ հետ ենք գնում երկու տարի առաջ, երբ օրենսգիրքն ընդունվում էր, ու նայում ենք, թե ինչքան փոփոխություններ եղան օրենսգրքի մեջ, այդ թվում՝ նաեւ հիմա նախատեսվող փոփոխությունները, հարց է առաջանում, թե այդ օրենսգրքի պետական նշանակությունն ինչո՞ւմն էր։ Այսինքն՝ մեր ինչի՞ն էր պետք էդ օրենսգիրքը։ Էն ժամանակ էլ օրենքներ կային, որոնց փոփոխություն էին անում հաճախակի։ Այսինքն՝ ի՞նչ տվեց մեզ Հարկային օրենսգիրքը։ Օրենսգիրքը մի շարք պլյուսներ ունի, եւ այդ պլյուսներից մեկն այն է, որ հարկային օրենսդրությունը լինի կայուն։ Մեր Հարկային օրենսգիրքը, փաստորեն, էդ հարցը չկարողացավ կարգավորել, եւ 3 ամիսը մեկ, 6 ամիսը մեկ փոփոխություններն արդեն «Հարկային օրենսգիրք» հասկացությունը դարձնում է պայմանական։

- Այդուհանդերձ, նոր փոփոխություններում մի քանի խնդրահարույց կետ կա, որոնք հարկային բեռ են ավելացնում՝ հաշվապահների, փաստաբանների վրա, ռեստորանատերերի, ինչը դժգոհություն է առաջացրել։

- Անկեղծ ասած՝ ես ո՛չ էդ առաջարկողների, ո՛չ էլ էդ առաջարկություններին դեմ եղածների մեջ նենց շատ փաստարկված բաներ չեմ տեսել, էլի։ Ո՛չ առաջարկողներն են շատ փաստարկում, թե ինչու է պետք տանել 20 տոկոսանոց հարկման դաշտ, ո՛չ էլ էն մյուս կողմը, որ դեմ է արտահայտվում դրան։ Էստեղ ավելի մեծ վերլուծություն էր պետք, ոնց որ թե երկու կողմն էլ ինչ-որ բաներ գիտեն, մեկը չի ուզում շատ հարկ տա, էն մյուսն էլ ուզում է շատ հարկ վերցնի, բայց խոսում են ուրիշ բաներից։

- Կառավարության կառուցվածքի փոփոխություններն են շատ քննադատում, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն էր քննադատել, որ մի քանի նախարարություն մեկի տակ մտցնելն արդյունավետ չէ օպտիմալ կառավարման տեսանկյունից եւ այլն։

- Վաչեն իմ ընկերն է, էդ զրույցները մեր՝ տարիների ընթացքում եղած զրույցներն են, երբ որ ես ամեն անգամ բյուջեն տանում էի Ազգային ժողով, էդպիսի մի տարի կհիշե՞ք, որ չասեին՝ կառավարությունում էնքան մարդ կա լցված, որ կառավարումն անարդյունավետ է եւ այլն։ Այն մարդիկ, որոնք էն ժամանակ շատ բարձր ձայնով խոսում էին էդ մասին, հիմա էլ շատ բարձր ձայնով քննադատում են էդ կրճատումները։ Իմ կարծիքը հետեւյալն է․ այն, որ օպտիմիզացիա պետք է, այսինքն՝ էն մարդիկ, որոնք նպատակադրված չեն աշխատում կամ արդյունք չեն տալիս, էդ մարդիկ, իհարկե, ենթակա են կրճատման։ Դրա անունը պետք է օպտիմիզացիա չդնել, որովհետեւ էն մարդը, ով որ աշխատում է որեւէ հիմնարկում, գնում է  աշխատանքի ու չի աշխատում, նրան պետք է կրճատել։

- Դե թող կրճատեն, ինչո՞ւ են նախարարություններ փակում։

- Որովհետեւ էդ քննադատությունն էնքան շատ եղավ, որ պետական կառույցներից սկսեցին պաշտպանվել, թե դա կրճատում չէ, դա օպտիմիզացիա է։ Ես ուղղակի մտածում եմ, որ կան դեպքեր, եւ այդ դեպքերից չպետք է վախենալ։ Իսկ նախարարությունների հետ կապված՝ ես մի քիչ այլ մոտեցում ունեմ։ Ես կարծում եմ, որ նախարարությունների խոշորացումն ընդհանրապես ավելի ցանկալի արդյունք տալիս է այն ժամանակ, երբ երկրում այդ նախարարությունները կամ դրա ստորաբաժանումները կայացած են։ Միշտ ավելի քիչ նախարարություններ ունեն այն երկրները, որոնք համակարգային առումով կայացած են։