Դատավորները լուծում են տարեկան քառորդ միլիոն գործ

Դատավորները լուծում են տարեկան քառորդ միլիոն գործ

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերում անցումային արդարադատությանը, դրա կիրառմանը, անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումն անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ոչ։ «Որպեսզի հասկանանք, թե անցումային արդարադատության գործիքների ներդրումը պահանջվա՞ծ է, թե՞ ոչ, պետք է հասկանանք՝ նման գաղափարներ առաջ քաշողներն ինչ են ի նկատի ունենում «անցումային արդարադատություն» հասկացության տակ։

Կարելի է հասկանալ մասնագիտացված դատարանների ստեղծում, կարելի է հասկանալ նաեւ այլ լուծումներ։ Եվրոպական ընտանիքում էլ ընդունված է, որ շատ նրբորեն եւ զգուշորեն պետք է մոտենալ անցումային արդարադատության թեմային։ Այդ գործիքակազմը կիրառելու անհրաժեշտությունը կլինի միայն այն դեպքում, եթե դատական համակարգը լինի անգործունակ վիճակում։ Ես չեմ կարող փաստել, որ այսօր դատական համակարգն անգործունակ է եւ ի վիճակի չէ կրելու այն բեռը այն պայմաններում, երբ վերջին հինգ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ բոլոր դատավորները միասին լուծում են տարեկան քառորդ միլիոն գործ, մոտավորապես 130-140 քաղաքացիական գործեր են լուծում, մոտ 6000 քրեական գործեր, 20 հազար մինչդատական վարույթի գործեր, մոտ 20 հազար վարչական գործեր, էլ չեմ խոսում սնանկության գործերի, վճարման կարգադրությունների եւ այլնի մասին։ Ես չեմ կարող փաստել, որ մեր դատական համակարգն անգործունակ վիճակում է»,- ասաց Երվանդ Խունդկարյանը։

Լրագրողների դիտարկմանը, որ եղել են քաղբանտարկյալներ, եւ նրանց գործերով վճիռներ կայացրած դատավորները որքա՞նով կարող են հուսալի լինել, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն արձագանքեց․ «Թույլ տվեք քրեական գործերի հետ կապված որեւէ կարծիք չհայտնել։ Առավել եւս՝ ես զերծ կմնամ մեկնաբանություն տալ քաղբանտարկյալներ առկայության կամ չառկայության մասին»։ Ինչ վերաբերում է ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի հայտնի ձայնագրություններին, դրանցով դատավորներին ուղղորդելուն, ապա Խունդկարյանն ասաց, որ ինքը չի կարող դրանց մասին որակում տալ, չի կարող նաեւ դատավորների անկախությունը կասկածի ենթարկել։