Իշխանության չարաշահման մեխանիկան

Իշխանության չարաշահման մեխանիկան

«Իշխանությունը զրկվում է իր ողջ հմայքից, եթե այն չի չարաշահվում»,- հեգնում էր 20-րդ դարի ֆրանսիացի բանաստեղծ, փիլիսոփա Պոլ Վալերին: Հայաստանում «հեղափոխության հմայքի» նվազմանը զուգահեռ ավելանում է չարաշահվող իշխանության հմայքը: Հետհեղափոխական այս ողջ ընթացքն ավելիով վկայեց, որ երիտասարդ հեղափոխականներն իշխանության հմայքին տրվեցին առանց հոգեբանական կաշկանդումների՝ անվրդով եւ անսեթեւեթ: Թանկարժեք պետական գնումները՝ ծառայողական ավտոմեքենաներից մինչեւ Ամանորի տոնածառը, չդադարող թանկ շրջագայությունները, բարձր պարգեւավճարները, պետական հաստատությունների տարածքների կամայական օգտագործումը հեղափոխության վերասերման եւ իշխանության չարաշահման կոչնակներն են:

2018թ. դեկտեմբերի 9-ի ընտրություններով վերցնելով ողջ իշխանությունը՝ առանց ներկայացուցչական գործուն հակակշիռների, երիտասարդ հեղափոխականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տրվեցին հայկական հարատեւ մոլորությանը՝ նույնացնելով իշխանությունը պետության եւ իրենց հետ: Հայաստանում իշխանության եւ պետության տարանջատում գրեթե երբեք չի եղել. նա, ով տիրել է իշխանությանը, որպես կանոն, յուրացրել է նաեւ պետությունը:
«Պետությունը ես եմ»,-17-րդ դարում հայտարարում էր Ֆրանսիայի արեւափայլ արքան՝ Լյուդովիկոս 14-րդը, որը արքայական գահին բազմել էր 5 տարին չլրացած:

«Պետությունը մենք ենք՝ թավշյա հեղափոխության կազմակերպիչներս»,- 21-րդ դարում հայտարարում են Հայաստանում իշխանությունը վերցրած «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները՝ պահանջելով փոխել նաեւ ՀՀ պետական օրհներգն ըստ իրենց նախասիրությունների: 

Իշխանության եւ պետության նույնականացումը համաշխարհային քաղաքական պատմությունը հանգեցրել է բացարձակ միապետությունների եւ դրանց փլուզման, քաղաքական հաշվեհարդարների եւ հեղափոխությունների:  

21-րդ դարի հեղափոխությունների նպատակը ավտորիտարիզմի եւ կոռումպացված վարչակարգերի տապալումն է: Ապրիլյան հայկական թավշյա հեղափոխության նպատակը, որն ամփոփվում էր «Մերժի՛ր Սերժին» կարգախոսով, հասարակության համար նույնն էր՝ կոռումպացված եւ ավտորիտար իշխանության հեռացումը: Սակայն եթե տասը ամիս առաջ Երեւանի փողոցներն ու հրապարակներն ալեկոծող հեղափոխական հանրությունը կասկածի նշույլ անգամ ունենար, թե մեկ տարի չանցած ինչպես են երիտասարդ հեղափոխականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տրվելու իշխանության չարաշահման եւ պետության յուրացման արատավոր գործելակերպին, ապա Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության շենքում չէր լինի, որտեղ նա, չարաշահելով իշխանությունը, այժմ հարմարավետ  տեղավորել է նաեւ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը:

«Հիմնադրամի աշխատակիցները «ԱՕՔՍ»-ի շենքում են տեղավորվել։ Ես տեղափոխվել եմ Բաղրամյան 26-ից կառավարություն, ունեմ այնտեղ աշխատասենյակ», «մենք խնայում ենք, տարածքները շատ թանկ արժեն, ու մենք չենք ուզում շատ գումար ծախսել վարձակալության վրա»,-տարակուսելի իրավիճակը փորձում էր պարզաբանել վարչապետի կինը: 
Պետությունն իր ընտանիքի հետ էր շփոթում նաեւ Սերժ Սարգսյանը, երբ սեփականաշնորհում էր կառավարական ամառանոցի իր հատվածը: Փաշինյանը թեպետ կառավարության շենքը դեռ չի սեփականաշնորհել, սակայն պետական կառույցը շփոթել է սեփական տան հետ, որի տարածքը վերաբաշխում է ըստ ընտանեկան կարիքների: 

Հայաստանում, ուր կոռուպցիայի դեմ պայքարը հռչակվել է որպես միակ առաջնահերթություն, իշխանության չարաշահման կանխարգելումը պետք է դառնար այդ պայքարի կարեւոր օղակներից մեկը: Կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության՝ Transparency International-ի բնորոշմամբ՝ «Կոռուպցիան իշխանազանցությունն է՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը բարձրագույն մակարդակով, որն օգուտ է բերում փոքրաթիվ մարդկանց՝  ի հաշիվ մեծամասնության»: Հայաստանում իշխանության չարաշահման դինամիկան անսպասելի եւ տարօրինակ ձեւեր է ընդունում:

Եվ երբ ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հերոսաբար հրապարակեց իր հիմնադրած եւ գլխավորած անգլալեզու City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամի նվիրատվությունների գումարները, նվիրատու կազմակերպությունների եւ անձանց ցանկը, զարմանքից դեռ ուշքի չեկած, ես էլ, ամոթահար, որոշեցի հրապարակել Մամուլի ազգային ակումբի՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ունեցած տարածքի սպասարկման վարձավճարների պարտքի չափը՝ 400 հազար դրամ, որից 93 հազար դրամը կազմում են տույժերն ու տուգանքները: Հայաստանի նախկին կառավարիչների ժամանակ Մամուլի ազգային ակումբի գործունեությանն այս կամ այն չափով աջակցություն ցուցաբերած հայաստանցի գործարարներն իրար հետեւից հուշիկ անհետանում էին.  իշխանությունների հրահանգը կոշտ էր, իսկ հայաստանցի գործարարների ինքնապահպանման բնազդը՝ մշտարթուն. ոչ ոք չէր ցանկանում համագործակցել իշխանությունների կողմից չվերահսկվող, անկախ եւ ինքնուրույն կազմակերպության հետ, թեպետ այն ամբիոն էր տրամադրում նաեւ իշխանությունների ներկայացուցիչներին:

Ինչպե՞ս պետք է իր ֆինանսական գոյությունը պահպաներ 22 տարի ներհայաստանյան կյանքի խութերի միջով անցած, արեւմտյան արժեքներին հավատարիմ, բայց եւ՝ արեւմտյան կազմակերպություններից երբեւէ դրամաշնորհ չստացած, օտարերկրյա դիվանագետներին իր հարկաբաժնում մշտապես հյուրընկալող լրագրողական մեր հասարակական կազմակերպությունը՝ Մամուլի ազգային ակումբը, որի դերն ու նշանակությունը Հայաստանի լրագրողական, հասարակական, քաղաքական կյանքում անուրանալի է եւ արժեքավոր:  Իմ ընտանեկան համեստ բյուջեի, վարկերի մի մասն ուղղվում է Մամուլի ազգային ակումբի պարտքերի մարմանը, որոնք պակասելու փոխարեն՝ աճում են:

Ընդամենը 7-8 ամիս առաջ ստեղծված «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նպատակը մարդասիրական է, սակայն հիմնադրամը կապված է վարչապետի ընտանիքի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի՝ վարչապետի տիկնոջ հետ: Հրապարակած նվիրատվությունների ցանկը լուրջ կասկածներ է առաջացնում, որ հայաստանցի գործարարները, որոնք մշտապես սերտաճած են եղել նախկին կոռումպացված իշխանությունների հետ, նոր Հայաստանում փաստացի ինդուլգենցիա եւ անձեռնմխելիություն են գնում՝ վճարումներ կատարելով վարչապետի տիկնոջ գլխավորած հիմնադրամին: 

City of smile հիմնադրամին 2018թ. խոշոր գումարներ են փոխանցել հայաստանցի գործարարները եւ գործարար կառույցները. Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը՝ 51 մլն դրամ, Ամերիաբանկը՝ 11 մլն 856 հազ. դրամ, Ալեքսանյան ընտանիքը եւ նրանց պատկանող ընկերությունները միասին՝ 15 մլն դրամ, Ծառուկյանները՝ 12 մլն դրամ, «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ն՝ 2 մլն 200 հազ. դրամ, Սուքիասյան ընտանիքը՝ 1 մլն դրամ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Մեգա թոյս» եւ «Մեգաֆուդ» ընկերությունները՝ 200 հազ. դրամ: Բացի այդ, հիմնադրամին գումարներ են փոխանցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ 47 մլն 985 հազ. դրամ, «Հայաստան համահայկական հիմնադրամը» (նրա միջոցները նույնպես գոյանում են նվիրատվություններից եւ հանգանակություններից, իսկ նպատակն ազգային նշանակության ծրագրերի ֆինանսավորումն է)  փոխանցել է 31 մլն 190 հազ. դրամ, գումարներ են փոխանցել «Արմենակ Ուրֆանյան հիմնադրամը», Պուշկինի անվ. դպրոցը եւ այլն, եւ այլն:
Իշխանության չարաշահման մեխանիկան կարող է տարբեր լինել, ակայն այն հանգեցնում է նույն իրավիճակին՝ իշխանության եւ պետականության քայքայմանը:

Իշխանության չարաշահման հմայքն անցողիկ է, ինչպես անցողիկ է իշխանությունն ինքը, եթե անգամ այն քո ձեռքում է տասը ամիս կամ տասը տարի շարունակ, այն, ի վերջո, ավարտվում է, ինչպես մարում են հանրության աջակցությունն ու վստահությունը հեղափոխական նոր իշխանությունների հանդեպ: