Ե՞րբ կխոսի Սերժ Սարգսյանը

Ե՞րբ կխոսի Սերժ Սարգսյանը

Այսօր Հայաստանի վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն էր։ Նա կդառնար 68 տարեկան։ 

 Կոմիտասի անվան պանթեոն էին այցելել նախկին իշխող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Պանթեոն էին եկել Վահրամ Բաղդասարյանը, Գալուստ Սահակյանը, Վազգեն Կարախանյանը,  Արմեն Աշոտյանը, Կարինե Աճեմյանը, այլք։ Սերժ Սարգսյանը, չնայած լրագրողական համառ հարցադրումներին, թիկնապահների ուղեկցությամբ արագ հեռացավ։ Լրագրողների հարցերին հրաժարվեց պատասխանել նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ, Անդրանիկ Մարգարյանի որդի Տարոն Մարգարյանը։ 

Միայն Արմեն Աշոտյանն էր, որ չհրաժարվեց պատասխանել իրեն ուղղված հարցերին։
Հարցին, թե ինչու ՀՀ երրորդ նախագահը չի պատասխանում լրագրողների հարցերին, Արմեն Աշոտյանն ասաց․ «Երբ ժամանակը համարենք պատեհ՝ խոսելու քաղաքականության մասին, անդրադառնալու այն հարցերի շրջանակին, որ հուզում է իրեն, մեզ, կխոսի։ Երբ գա այդ ժամանակը՝ կիմանաք»։ 

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը պատրաստվո՞ւմ է հաստատվել Արցախում։

«Այդ հարցը կապ չունի օրվա խորհրդի հետ։ Դա ոչ միայն հարգանքն է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ, ոչ միայն իր հիշատակը խնկարկելու ցանկությունն է մեզ բերել այստեղ, այլ ինչպես ասում են, ծառը հատելուց հետո է երեւում նրա հաստությունը։ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո նրա տեսակը քաղաքական կյանքում կարծես թե չլրացվեց։ Մարդ, որ սկզբունքային էր, բայց նաեւ քաղաքական համերաշխություն եւ հանդուրժողականություն էր ստեղծում։ Այսօրվա Հայաստանում, որը բզկտվում է օրեցօր նոր հասարակական-քաղաքական ջրբաժաններով ու գծերով, նման քաղաքական-պետական մտածելակերպ ունեցող մարդկանց պակաս, իշխանությունում շատ կան։ Եվ այսօր, խնկարկելով Անդրանիկ Մարգարյանի հիշատակը, մենք պետք է լինենք հնարավորինս համերաշխ, հնարավորինս պետականամետ»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հիշեցնելով, որ ՀՀԿ-ն միակն է, որ երեք ղեկավար է փոխել՝ Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան,  եւ չի վերացել, երբ իր լիդերն այլեւս իր հետ չի եղել։ 

Լրագրողներից մեկը նկատեց, որ նույնը կարելի է ասել Դաշնակցության մասին։ Աշոտյանը հակադարձեց, որ խոսքն այդ դեպքում 130-ամյա կուսակցության մասին է, որը նաեւ ընդգծված լիդերության խնդիր չի ունեցել։