Ինձ ասում են՝ շատ գործ ես արել, հիմա էլ թող հանձնաժողովի նախագահը դիմի

Ինձ ասում են՝ շատ գործ ես արել, հիմա էլ թող հանձնաժողովի նախագահը դիմի

2019 թվականի հունիսի 9-ին հանրապետության 23 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմում-բողոքներ կարող էին ներկայացվել մինչեւ հունիսի 11-ը` ժամը 11։00-ն:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ տարածքային ընտրական հանձնաժողովները տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ստացել: Միայն մեկ  համայնքի՝ Սյունքի մարզի Գորայք գյուղի վերաբերյալ են բողոքներ եղել։ 1 վերահաշվարկի  դիմում է եղել՝ Գորայքի թիվ 34/3 տեղամասի վերաբերյալ, եւ երեք դիմում՝ տեղամասում քվեարկության կարգի  հետ կապված։ 

Գորայքը խոշորացված համայնք է։ Նախկին գյուղապետ Առուստամ Առուստամյանը եւ ողջ ավագանին 2019 թվականի մարտին հրաժարականի դիմումներ էին ներկայացրել: Հունիսի 9-ին այդ թափուր տեղերն էին լրացվում։ Այստեղ երեք անկուսակցական էր առաջադրվել, որոնցից մեկը՝ Աշոտ Աղաջանյանը, ավագանու նախկին անդամ է, որն էլ հաղթել է։ Գորայք խոշորացված համայնքի մեջ մտնող Սառնակունք գյուղակի նախկին գյուղապետ Մանուչար Մկրտչյանը եւս թեկնածուների թվում էր։

Մկրտչյանի եւ նրա կողմնակիցների համար զարմանալի է եղել ընտրության արդյունքը, քանի որ Սառնակունքի 300-ից ավելի բնակիչներից նախկին գյուղապետն ընդամենը մեկ տասնյակից քիչ ավելի ձայն է ստացել։ Ահա ինչու է, ըստ Սյունիքի մարզի թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանի, Գորայքը դարձել Հայաստանի ամենաբողոքավոր գյուղը։ Դադաշյանին զանգեցինք այն պահին, երբ հանձնաժողովը ձայների վերահաշվարկ էր իրականացնում։ Նա ասաց, որ վերահաշվարկի պահանջը ներկայացրել է hամայնքապետի թեկնածու Արտյոմ Գրիգորյանի վստահված անձը։ Մյուս բողոքները, ըստ հանձնաժողովի նախագահի, տեխնիկական բնույթի են։ Ինքը, համենայնդեպս, խախտումներ կատարելու չար միտում չի նկատել։

«Մի ընտրողի ուշ են թույլատրել, որ գրառում կատարի մատյանում, հանձնաժողովի նախագահը դուրս է եկել, հանձնաժողովի անդամներից մեկը կնիք է դրել բյուլետենի վրա, եւ այդ բյուլետենը համարվել է նմուշին համապատասխանող։ Օրինակ, ես քվեարկել եմ, դրել եմ ծրարի մեջ, իսկ հանձնաժողովի անդամը, մինչեւ արկղը գցելը, անձնական դրոշմակնիք է դրել բյուլետենի վրա, ինչը նոր օրենքով արգելված է։ Մենք այս դեպքով վարոյթ ենք հարուցել, քանի որ բյուլետենը համարվել է անվավեր, այսինքն՝ խախտվել է ընտրողի իրավունքը»,- տեղեկացնում է Սլավիկ Դադաշյանը։ Հանձնաժողովի անդամը, որը կնքել է քվեաթերթիկը, արդարացել է, թե նախկինում էլ է եղել հանձնաժողովում․ «Մենք երկու տարի առաջ տենց էինք անում»։ 

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կարծիքով՝ անբողոք ընտրությունը վկայում է այն մասին, որ քրեաօլիգարխիան խուսափել է կոպիտ միջոցներից։ «Եթե ինչ-որ տեղեր էլ քրեաօլիգարխիան գործել է, ապա շատ զգույշ ու կազմակերպված է գործել՝ զերծ մնալով աղաղակող, հին, ավելի կոշտ գործիքակազմից։ Իրենց ադմինիստրատիվ բիզնես-կայսրության հնարավորություններն օգտագործվել են, բայց դրանց մեջ քրեորեն հետապնդելի արարքներ, կարծես չկան, ավելի շուտ՝ քաղաքական մշակույթի հարց կա»,- ասաց մարզպետը։

Հիշեցնենք, որ նա  հունիսի 9-ին պտտվում էր Աբովյանով եւ ԶԼ միջոցներով բարձրաձայնում այստեղ տեղի ունեցող խախտումների մասին՝ որ ԲՀԿ ներկայացուցիչ, շենքի լիազոր Գյուլումյանի մոտ ընտրողների անձնական տվյալներով ցուցակ է հայտնաբերել։ Ինչո՞ւ ոչ մի բողոք Աբովյանից չեղավ, Ձեր կարծիքով։ «Բոլոր խախտումներն արձանագրվել են մատյաններում,- պատասխանեց մեզ Ռոմանոս Պետրոսյանը։- Եթե մատյանում արձանագրվում է, դա արդեն բողոք է։ Դա եւս մի ապացույց է, որ օրինական ընտրություններ անցան մեր երկրում, եւ «ինչքան ուզենք, էնքան կխփենք» մեթոդներն իշխանական կողմից բացառված են, իսկ այն կուսակցությունները, որոնք կուզեն հին գործիքները կիրառել, պետության, իրավապահների հակազդեցությանն են հանդիպելու»։ Մարզպետն անձամբ չի դիմել իրավապահներին։ «Ինձ ասում են՝ շատ գործ ես արել, հիմա էլ թող հանձնաժողովի նախագահը դիմի»։