Կարծում եմ՝ բավական ա ստաժս արդարադատության համակարգը ղեկավարելու համար. նորանշանակ նախարար

Կարծում եմ՝ բավական ա ստաժս արդարադատության համակարգը ղեկավարելու համար. նորանշանակ նախարար

Արդարադատության նորանշանակ նախարար, 28-այա Ռուստամ Բադասյանը, ով մինչ այդ ՊԵԿ փոխնախագահն էր, ծանոթ չէ իր նշանակման հետ կապված արձագանքներին, որ երիտասարդ կադր է, անփորձ ու հազիվ թե կարողանա ղեկավարել նման բարդ ոլորտը։

Իր՝ արձագանքներին տեղյակ չլինելու մասին այսօր նա հայտարարեց խորհրդարանում իր առաջին հարցուպատասխանից հետո։ «Ես ընդամենը մի քանի ժամ առաջ եմ նշանակվել, ու անմիջապես հետո եկել եմ հարցուպատասխանին։ Ինչ վերաբերում է տարիքին, ապա իմ տարիքի առանձնահատկությունները, կարծում եմ, որևէ կերպ չեն ազդելու նախարարությունը կառավարելու արդյունավետության վրա։ Ես ստանդարտներից բավական ցածր տարիքում նաև մասնավոր ոլորտում եմ հաջողություններ ունեցել, մասնավորապես առաջատար փաստաբանական գրասենյակներից մեկում եղել եմ բաժնետեր գործընկեր ընդամենը մեկ տարվա գործունեությունից հետո։ Էնպես որ, կարծում եմ՝ բավական ա ստաժս արդարադատության համակարգը ղեկավարելու համար, որովհետև մասնավոր ոլորտում աշխատելով՝ ծանոթ եմ թե՛ խնդիրներին դատարաններում, թե՛ պետական ոլորտում եմ կրկին աշխատել դատարանների հետ, ու քանի որ կենտրոնում դատաիրավական բարեփոխումներն են Հայաստանում, կարծում եմ՝ որևէ խնդիր չի առաջանա»,-ինքն իր մասին այսպես արտահայտվեց երիտասարդ պաշտոնյան։

Անդրադառնալով այն հարցին, թե Սորոսի հիմնադրամից սնվելու և հենց այդ հիմնադրամի «պատվերով» այս պաշտոնին նշանակվելու վերաբերյալ խոսակցություններին՝ նորանշանակ նախարարն ասաց․ «Ես, ճիշտն ասած, երևակայան կառույցների հետ երևակայական կապերը չեմ կարող մեկնաբանել։ Ես չգիտեմ՝ որտեղից է այդ խոսակցությունը, Սորոս ասելով ինչ են նկատի ունենում»։