«ՄԻԵԴ-ը չի մերժել Մանվել Գրիգորյանի պաշտպանների պահանջը, հնարավորություն է տվել կառավարությանը»

«ՄԻԵԴ-ը չի մերժել Մանվել Գրիգորյանի պաշտպանների պահանջը, հնարավորություն է տվել կառավարությանը»

«ՄԻԵԴ-ը չի մերժել Գրիգորյանի պաշտպանների պահանջը՝ միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ, որով խնդրում էին պարտավորեցնել Հայաստանի իշխանություններին՝ Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց»: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը՝ նշելով, որ ՄԻԵԴ-ը պաշտպաններին իրավունք է վերապահել ներկայացնել իրենց հետագա դիրքորոշումները, եթե կտեսնեն խախտումներ: 

«Պաշտպանները դիմել են ՄԻԵԴ, որպեսզի անհապաղ միջոցներ ձեռնարկվեն, մասնավորապես՝ տեղափոխեն այլ երկիր՝ բուժում իրականացնելու համար: ՄԻԵԴ-ը ոչ թե մերժեց մեր դիմումը, այլ նա ընդամենն ասեց, որ չեմ կիրառում անհետաձգելի միջոցառումներ, հնարավորություն է տվել կառավարությանը: Երեկ ես ստացել եմ որոշումը, որով իրավունք են վերապահում պաշտպաններին՝ անհապաղ ներկայացնել դիմում, եթե ՀՀ-ում կզրկվի ներառյալ մասնագիտական օգնությունից, ինչպես պահանջում է իր հիվանդությունը»,- նշեց Բաղդասարյանը:

Անդրադառնալով մեր հարցին, թե ինչպիսին են Գրիգորյանի պահման պայմանները, եւ արդյոք նա խցում մենա՞կ է, պաշտպանը պատասխանեց. «Մաքսիմալ պայմաններն ապահովված են, նա միայնակ չէ խցում»:

Հիշեցնենք, որ Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործն արդեն դատարանում է. այն մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ավելացված մեղադրանքով՝ Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել է հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր:

Մանվել Գրիգորյանը կալանավորված է, նրա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։