Նախկին ոստիկանը որոշել է վերականգնել ոստիկանության բոլոր լիազորությունները

Նախկին ոստիկանը որոշել է վերականգնել ոստիկանության բոլոր լիազորությունները
Արմեն Խաչատրյան

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր,  ՃՈ նախկին պետ Արմեն Խաչատրյանը սկսելու է օրենսդրական նախաձեռնությունների շարք՝ ոստիկանության նախկին լիազորությունները վերականգնելու ուղղությամբ։ Համակարգը մի քանի ամիս առաջ թողած նախկին ոստիկանի գնահատմամբ՝ Հայաստանում դատաիրավական ինչքան բարեփոխում կա, բոլորն արվել է ի հաշիվ ոստիկանության լիազորությունների նվազեցման։ 

«Եվ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ողջ պատասխանատվությունը ոստիկանությանն է, սակայն չունի համապատասխան լիազորություններ՝ իրականացնելու համար։ Այն պարագայում, որ  հանցավորությունն օրեցօր կատարելագործվում է, տեխնիկական  նոր միջոցներ են կիրառվում, հանցագործության նոր տեսակներ են ի հայտ գալիս»։

Ոստիկանությանն առնչվող նախագծերը Արմեն Խաչատրյանը չի բացահայտում։ Միայն ասաց, որ խնդիր է դրված նաեւ ոստիկանության՝ քննություն կատարելու լիազորությունը վերականգնել։ Քանի որ պատգամավորը ոստիկանությանը գաղտնալսելու գործառույթ տալը համարում է հրատապ անհրաժեշտություն, «ոստիկանական նախագծերի» շարքը սկսել է «Օպերատիվ հետախուզության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ շրջանառության մեջ դնելով։ Թեեւ, ինքնուրույնաբար, ոստիկանությունը գաղտնալսելու (առանց դատարանի որոշման ու ԱԱԾ դիմելու) իրավասություն երբեւէ չի ունեցել։ Սա, նրա խոսքով, նոնսենս է, քանի որ աշխարհի բոլոր ոստիկանություններն ունեն նման լիազորություն։ 
«Հանցագործությունների բացահայտման եւ կանխարգելման 80 տոկոսի պատասխանատու մարմինը ոստիկանությունն է։ Քրեական օրենսգրքում ինչքան հոդված կա, էլ չեմ ասում՝ վարչական իրավախախտումները, պատասխանատուն ոստիկանությունն է։ Ու այսօր ոստկանությանը զրկել նման լիազորությունից, մեղմ ասած, ողջամիտ չեմ համարում։ Ու հարցնում եմ՝ եթե ոչ ոստիկանությունը, ապա ո՞վ»,- հարցնում է Արմեն Խաչատրյանը։  

Իհարկե, օրենքով  ոստիկանությանը գաղտնալսելու լիազորություն տալու մասին նախագծի հիմնավորման մեջ, չգիտես ինչու, ներկայացված է ոչ թե աշխարհի փորձը, այլ հետխորհրդային մի շարք երկրների, ինչպիսիք են ՌԴ-ն, Բելառուսը, Տաջիկստանը եւ Ուկրաինան։ Եվ ՄԻԵԴ-ում էլ գաղտնալսման գործերով բազում որոշումներ կան ընդդեմ այդ երկրների։ 
Բայց, դե ֆակտո, ոստիկանությունը հարկ եղած դեպքում, դատարանի որոշմամբ այդ գաղտնալսումն այսպես թե այնպես անում է, նախ դիմելով ԱԱԾ՝ կապուղի տրամադրելու համար։ Գործող օրենքով՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն ԱԱԾ-ի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը։ «Որեւէ բան չի փոխվում, խոսքը, կոպիտ ասած, տեխնիկական հնարավորություններին է վերաբերում։ Ինչո՞ւ ոստիկանությունն այն չունենա, չէ՞ որ, երբ դիմում ես մեկ այլ մարմնի, դա ժամանակի կորուստ է։ Երբեմն անհրաժեշտ է լինում հրատապ միջոցառումներ իրականացնել, ավելորդ ժամանակ է։ Ե՛վ կազմակերպչական հարցեր, իրենց ես ծանրաբեռնում»,- ասում է  պատգամավորը։ 

Հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու համար նման իրավասություն ունեցող մարմինները գլխավոր վարչություն են ներկայացնում դատարանի որոշման քաղվածքը։ Նույն հոդվածի 2-րդ կետով, եթե շատ հրատապ է, ապա գաղտնալսման տեխնիկան, կապուղին տրամադրվում են գաղտնալսողին՝ պայմանով, որ 48 ժամվա մեջ կլինի դատարանի՝ թույլատրման կամ արգելող որոշում։ Սա, ըստ գործող օրենքի, կատարվում է այն դեպքերում, եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ ՀՀ պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանն սպառնացող իրադարձությունների, կամ գործողությունների, ինչպես նաեւ՝ «ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման»։ Արմեն Խաչատրյանի փոփոխությամբ այս երկար ցանկը բեռնաթափվել է եւ մնացել է․․․ եթե սույն հոդվածով օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման հապաղումը կարող է հանգեցնել «ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման»։ Սա, նրա խոսքով, հանում է մարդկային սուբյեկտիվ գործոնը եւ պարզապես կանոնակարգումն անում է կոնկրետ քրեական (ծանր) հոդվածներով։ 

Ի դեպ, գաղտնալսումը  բազմաբովանդակ միջոցառում է, որն ընդգրկում է՝ հեռախոսային ֆիքսված ցանցի դեպքում, հեռախոսային խոսակցության ձայնագրում, տվյալ հեռախոսահամարի հետ ուղիղ կապ ունեցած հեռախոսահամարների ֆիքսում, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, ընթացքը, ավարտը, կարճ հաղորդագրությունների (sms) եւ ձայնային հաղորդագրությունների ձայնագրումը կամ դրանց բովանդակության այլ ձեւով ամրագրումը։ Ըստ գործող օրենքի՝ նախատեսված է նաեւ ինտերնետային հաղորդակցության, այդ թվում` համացանցով հեռախոսային խոսակցությունների եւ ինտերնետի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների ձայնագրում։ Բնականաբար, ֆիքսվում են նաեւ տվյալները, որոնց միջոցով կարող են պարզվել` ինտերնետային ցանցին միանալու եւ ցանցից դուրս գալու աշխարհագրական վայրը, օրը, ժամը եւ տեւողությունը, ներառյալ` IP (ինտերնետ պրոտոկոլի) հասցեն, ինտերնետն օգտագործողի կամ բաժանորդի անունը եւ անհատականացման տվյալները (user ID), հեռախոսի համարը, որով նա միանում է ընդհանուր օգտագործման հեռախոսացանցին եւ այլն։ Հարցին, թե նախագիծը հեղինակելուց առաջ լսե՞լ է ոստիկանության տեսակետը, Արմեն Խաչատրյանը պատասխանեց՝ ոչ միայն լսել է, մանրամասն քննարկել, այլեւ ընդամենը մեկ ամիս առաջ ինքը հենց այդ համակարգում է եղել՝ գիտի խնդիրները։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմին կոշտ քննադատող փաստաբան Տիգրան Աթանեսյանը որեւէ վտանգավոր բան չի տեսնում «Օպերատիվ հետախուզության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, ՃՈ նախկին պետ Արմեն Խաչատրյանի նախագծում։ «Օպերատիվ մարմնի համար նորմալ է, ու սա վաղուց էր պետք անել։ Ընդամենը տեխնիկական պրոբլեմ է, որը վերացնում են»,-ասում է Աթանեսյանը։ Նրա խոսքով՝ սա չի կարող վերաբերել նախաքննական փուլին։ Ինչ վերաբերում է քաղաքական հակառակորդներին լսելուն, հիմնավորմամբ, որ կանխարգելում են ծանր հանցագործություն, ապա փաստաբանն ասում է․ «Մոռանում եք, որ սա կատարվում է որոշակի ժամանակով՝ դատարանի թույլտվությամբ։ Օպերատիվ վերահսկողության ձեւը դա է, եւ եթե մարդուն ուզում են անընդհատ անհիմն ձեւով լսել, եթե դա արվում է քաղաքական ասպեկտով, ապա, հավատացեք, դա կանեն՝ թքած ունենալով բոլոր օրենքների վրա»։