2020-ին տղամարդիկ չեն կարող բացառել վառ գույները

2020-ին տղամարդիկ չեն կարող բացառել վառ գույները

«Նիկոլյան նորաձեւության տան» հիմնադիր տնօրեն, Դիզայներների միջազգային միության անդամ Արամ Նիկոլյանը խորհուրդ է տալիս այս տարի չկենտրոնանալ գույնի եւ ձեւի վրա։ 2020 թվականին նորաձեւ է լինելու անհատականությունը։

«Ինձ համար նորաձեւ է անհատը, որը կարողանում է տարբերվել իր միջավայրով»,- ասում է «Հայ ջինս» եւ «Վարդ» ընկերությունների գլխավոր դիզայները, որը հագուստի իր «գիծն» ունի, իր բրենդը։ «Հրապարակի» տոնական համարում կարճ ու թեթեւ բլից-զրույց ունեցանք Արամի հետ։

- Կա՞ հայկական նորաձեւություն։ Երեւանում 2020 թվականին ի՞նչն է մոդայիկ։

- Գլոբալ առումով Երեւանը կամ Հայաստանը նորաձեւության մեջ չի առանձնանում։ Գլխավոր միտումներ կան, որոնք որ շատ ակտուալ են նաեւ մեզ մոտ։ Օրինակ, փայլերն ու հագուստին կարված «փայլիկները», ռուսերեն ասում են՝ «пайетки», տարբեր ձեւերի ու չափերի, մեծ, փոքր։ Սա Նոր տարվա ամենաակտուալ ուղղությունն է համարվում, իսկ գլոբալ առումով իմ խորհուրդն է՝ չվախենալ անհատ լինելուց ու չվախենալ տարբերվելուց։ Հիմա ապրում ենք այն ժամանակահատվածում, երբ նորաձեւության մեջ նոր բան ասել կամ անելը պրակտիկորեն անհնար են դարձել, ու նորաձեւության միտումներն էլ կոնկրետ չեն։ Եթե կար ժամանակ, ասենք, չափերի, «ֆորմաների» հետ կապված՝ միդին կամ մինին էր նորաձեւ, հիմա դա չկա։ Հիմա ամեն ինչ նորաձեւ է։
Ինձ համար նորաձեւ է նախեւառաջ անհատը, որը կարողանում է տարբերվել իր միջավայրով։ Այսինքն՝ նորաձեւությունն ավելի շուտ անհատականություն է, քան  ուղղություն։

- ՌԴ ում, Եվրոպայում տղամարդիկ հաճախ վառ գույների կոշիկներ են հագնում, մեզ մոտ սեւ կոշիկը շարունակում է գերակայել։ Մի օր կգա՞ վառ գույնի նորաձեւությունը Հայաստան, թե՞ ոչ։

- Իմ կարծիքով՝ արդեն կա, բայց շատ քիչ է։ Կար ժամանակ, երբ տղամարդու զգեստապահարանն էր ազդում կանանց զգեստապահարանի վրա։ Հիմա լրիվ հակառակն է։ Անսահմանություն կա ե՛ւ տղամարդու, ե՛ւ կանանց հագուստի տեսակի ու գույնի մեջ։ Օրինակ, առաջ տղամարդիկ ծաղկավոր վերնաշապիկներ չէին հագնում, բայց հիմա հագնում են։

- Հիմա տղամարդիկ ծաղիկներով բաճկոն էլ են հագնում։

- Այո ու բացառել վառ գույները չեն կարող։

- Գալիս է Առնետի տարին։ Դա արդյոք ենթադրո՞ւմ է մոխրագույնի գերակայություն։

- Չեմ կարծում, առհասարակ՝ տարվա խորհրդանիշը համաշխարհային նորաձեւության հետ կապելը սխալ է։ Նորաձեւությունն ունի իր առանձին միտումներն ու ուղղությունները, իսկ տարվա խորհրդանիշը չինական օրացույցին համապատասխան մի բան է, որ ժամանակ առ ժամանակ մարդկանց հետաքրքրելու համար տարբեր աստրոլոգներ նետում են հրապարակային հարթակներ։ Ես դա չեմ ընդունում։ Առհասարակ, կենդանուն պետք չէ կապել նորաձեւության հետ։

- Հիմա շատ նորաձեւ է մոխրագույնի ու վարդագույնի կամ մանուշակագույն երանգների համադրությունը։ Նույնիսկ տոնածառի մոխրագույն խաղալիքներ են օգտագործում Ամանորին։ Դա կապ ունի՞ Առնետի տարվա հետ։

- Կարելի է կապել ու կարելի է չկապել, բայց գլոբալ առումով մոխրագույնը բազային գույն է։ Երբեք չես կարող ասել, որ այն նորաձեւ չէ, ոնց որ ասես՝ սեւը նորաձեւ չէ կամ՝ սպիտակը։ Կան հիմնական գույներ, որոնք որ մշտապես նորաձեւ են ու կան մեր պահարաններում։

- Նոր կառավարության անդամներից կա՞ն մարդիկ, ովքեր, Ձեր գնահատականով, նորաձեւ են նայվում՝ կանայք կամ տղամարդիկ։

- Ես չեմ հետեւում քաղաքականությանը, ու դժվար կլինի ինձ համար ինչ-որ մեկին առանձնացնել։

-  Իսկ պաշտոնյաների հագուկապը փոխվե՞լ է նախկինում ու հիմա, բացի, իհարկե, մորուքից, որ շատերը, Նիկոլին նմանակելով, պահում են։

- Ֆորմալ հագուստ ասվածը կա, որը քաղաքական էսթաբլիշմենթում կարեւոր է, կարելի է ասել։ Այդ ֆորմալ հագուստից շատերը հրաժարվեցին, սկսեցին ավելի ազատ հագնվել, ինչը ես չեմ ողջունում։

- Այս տարի մեծ չափը, այսպես ասած՝ «օվերսայզը», կրկի՞ն մոդայիկ է։

- Այո։

- Բայց գեր կանանց չի սազում, չէ՞։

- Չէ, իհարկե՝ չէ, հաստատ՝ չէ։