Պատճառը, եթե չեմ սխալվում, նույն քրեական գործն է, որի կապակցությամբ խուզարկել են իմ բնակարանը. Կապանի քաղաքապետ

Պատճառը, եթե չեմ սխալվում, նույն քրեական գործն է, որի կապակցությամբ խուզարկել են իմ բնակարանը. Կապանի քաղաքապետ

Քաջարանում այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ է` ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել, տարբեր անձինք հայտնվել են ոստիկանության բաժանմունքներում, նրանցից մի քանիսին անգամ Երևան են տեղափոխել: Կեսօրին արդեն ձերբակալվածների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել Կապանի ոստիկանության դիմաց:

Hraparak.am-ը կապ հաստատեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ: Նախ հարցրինք` ինչ է կատարվում Կապանում, ինչի հետ են կապված ձերբակալությունները և կոնկրետ իր դեմ որևԷ բան կա՞, թե՞ ոչ:

«Չէ, իմ դեմ կոնկրետ բան չկա, առավոտյան ձերբակալություններ են իրականացվել, ինչպես մամուլից հայտնի է`բռնություններով, քաջարանցիներ են, իսկ պատճառը, եթե չեմ սխալվում, այն նույն քրեական գործն է, որի կապակցությամբ խուզարկել են իմ բնակարանը»,-ասաց պարոն Փարսյանը:

Քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է այստեղ, նախկինների դեմ պայքար, Փարսյանն ասաց. «Չեմ կարծում»: 

Հարցին`ինքը նախկինների մեջ մտնո՞ւմ է նորերի պատկերացմամբ, Գևորգ Փարսյանը, որը ՔՊ-ական թեկնածուին հաղթելով է քաղաքապետ դարձել, ասաց. «Ես չգիտեմ`ով ինչ ա պատկերացնում, բայց ես իմ դիրքում եմ, ոչ նախկին կա, ոչ էլ  ներկա, ես իմ դիրքում եմ»: 

Մեր մյուս հարցին, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը որևէ կապ ունի՞ այս դեպքերի հետ, քանզի կոմբինատի անունը ևս շահարկվում է, քաղաքապետն ասաց. «Չեմ կարծում, պարզապես ոստիկանության դիմաց հավաքվածներից մեծամասնությունը կոմբինատում է աշխատում, երևի դրա հետ կարող է կապեն: Բայց չեմ կարծում, թե կոմբինատը սրա հետ կապ ունի: Սա ավելի շատ քաջարանցիները եկել են իրենց ընկերներին պաշտպանության»: