«Շաբաթ երեկո Կարմենի հետ» հաղորդումը ցա՛վ դարձավ Անդրանիկ Քոչարյանի համար

 «Շաբաթ երեկո Կարմենի հետ» հաղորդումը ցա՛վ դարձավ Անդրանիկ Քոչարյանի համար

Անդրանիկ Քոչարյանը «Շաբաթ երեկո Կարմենի հետ» հաղորդմանը որ գնացած չլիներ, կայքերից մեկն էլ չէր վերցնի նրա բառերը ու սեպագրեր․

«Ռուբեն Հայրապետյանը իմ ընկերն է և ինքը Հրանտ Մաթևոսյանի տանը ինձ հետ միասին միշտ եղել է ցանկալի հյուր, որովհետև Հայաստանում շատ քչերը գիտեն, որ Հրանտ Մաթևոսյանի առողջական խնդիրների անմիջական լուծման պատասխանատվությունը Ռուբեն Հայրապետյանը վերցրել է իր վրա, մեր մեկ այլ ընկերոջ` Վարդանի հետ միասին, և առաջին վիրահատության բոլոր ծախսերը արել է Ռուբենը, իհարկե դրա մեջ նաև դեր է խաղացել իմ և իր ընկերության գործոնը: Ռուբենը արել է բազմաթիվ բարեգործություններ, որոնց մասին ոչ ոք չգիտի: Ռուբեն Հայրապետյանը` որպես իմ ընկեր, ինձ և իմ ընտանիքին էլ է շատ անգամներ օգնել և մեր հակասությունները չեն ազդել և չեն կարող ազդել մեր ընկերության վրա»։

Երեկ, երբ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել Ռուբեն Հայրապետյանի առանձնատանն ու նրան պատկանող այլ շինություններում, Ռուբեն Հայրապետյանն կայքերից մեկին տված հարցազրույցում ասել է․

«Անդրանիկ Քոչարյանը, որն իմ նախկին ընկերն է եղել, 10 օր առաջ իմ ընկերներից մեկի միջոցով հորդորում էր, որ ես փախնեմ ՀՀ-ից, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն: Տասը oր առաջվա բան եմ ասում: Հասկանո՞ւմ եք՝ սա ինչի համար է արվում՝ նրա համար, որ թողես գնաս, որ միանգամից «մասկի շոու» անեն ու ասեն, թե Ռուբեն Հայրապետյանը հանցագործ է, որը թալանել է ֆուտբոլի ֆեդերացիան և փախել»։

Սա շատ լուրջ մեղադրանք է։ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է․

Andranik Kocharyan

Ռուբեն Հայրապետյան,

նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ: Դուք ձեր շրջապատն ու ընկերներին ընտրել եք դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո և շարունակաբար հանդես եք եկել այդ շրջապատի շահերի սպասարկուի դերակատարմամբ: Այս դեպքը ևս բացառություն չէ. հերթական անգամ «սիրելի ընկերներին» հաճոյանալով` փորձում եք ձեզ անվերապահորեն ծառայություններ մատուցող լրատվականներով տարածել դատարկ կեղծիքներ:
Հավանաբար ձեր զառանցանքների պատճառն այն է, որ ոստիկանությունը ձեր բնակարան չափից դուրս «շնորհքով է ներխուժել»` չնայած դուք վաղուց ի վեր այդ մեծահոգությանը արժանի չեք, հակառակ դեպքում հիմա որևէ հնարավորություն չէիք ունենա դատարկաբանելու:
Դուք,մշտապես ձեր անձնական շահի թելադրանքով ջանք չեք խնայել «ընկերություն» առաջարկելու տվյալ պահի իշխանություններին:
Ասեմ ավելին, նախաքննության ընթացքում դեռ առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը», որ ձեզ նման բան է «փոխանցել», դա էլ այն դեպքում, երբ չխախտելով գործի ընթացակարգը, ձեզ ինչ-որ բանում նախազգուշացնել կարող է միայն գործի վարույթը իրականացնող մարմինը:
Այնպես որ հանգիստ նստեք ձեր տեղը և հնարավորության դեպքում վերընթերցեք ժամանակին ձեր և Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունների վերաբերյալ գրված հոդվածները, իսկ ես ձեզ վստահեցնում եմ` հետագայում դուք անսահմանափակ ժամանակ կունենաք արժեքավոր ընթերցանությամբ զբաղվելու:

Հարգանքով` ձեր բնորոշմամբ նախկին ընկեր` Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանի պատասխան պատասխան, բայց «Շաբաթ երեկո Կարմենի հետ» հաղորդումը որ չլիներ, Անդրանիկ Քոչարյանը կարող էր ավելի լավ համոզել, որ Ռուբեն Հայրապետյանը չարիք է և դրանից բխող շատ այլ բաներ։