Հարյուր հազարավոր ուկրաինացիներ կարտաքսվեն. Թրամփի որոշումն է

Դոնալդ Թրամփի վարչակազմը մշակել է մի ծրագիր, որի համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը մտադիր է մինչև 250 միլիոն դոլար ծախսել, որը սկզբնապես նախատեսված էր արտասահմանյան օգնության համար, պատերազմական գոտիներից փախած մարդկանց արտաքսման վրա։
Նրանց թվում են 200 հազար ուկրաինացիներ և 500 հազար հայիթցիներ։
Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով փաստաթղթերին։
Հրատարակության տվյալներով՝ կառավարությունը նախատեսում է հազար դոլար վճարել նրանց, ովքեր կամավոր «ինքնաարտաքսվում» են։
Նշվում է, որ արտաքսման ենթակա ուկրաինացիներն ու հայիթցիները գտնվում են ժամանակավոր պաշտպանության տակ, որը տրամադրվում է օտարերկրացիներին, եթե նրանք չեն կարող անվտանգ վերադառնալ իրենց երկիր։
Ուկրաինացիներին այս կարգավիճակը շնորհվել է 2022 թվականին պատերազմի սկսվելուց հետո, իսկ հայիթցիներին՝ 2010 թվականին՝ ուժեղ երկրաշարժից հետո։
Բացի ուկրաինացիներից և հայիթցիներից, նախագծային փաստաթղթերում հիշատակվում են նաև Աֆղանստանի, Պաղեստինի, Լիբիայի, Սուդանի, Սիրիայի և Եմենի բնակիչները, որոնք կարող են ենթարկվել արտաքսման։
Միաժամանակ, փաստաթղթերում նշվում է, որ ՄԱԿ-ի միգրացիոն ծառայությունը չի աջակցում մարդկանց վերադարձին այս երկրներից որևէ մեկը, նշում է WP-ն։
Հրատարակության տվյալներով՝ փաստաթղթերի նախագծերը պիտակավորվել են որպես «նախնական», իսկ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության մամուլի խոսնակ Թրիշա Մաքլաֆլինը դրանք անվանել է «հնացած»։
Միաժամանակ, ինչպես գրում է WP-ն, անցյալ շաբաթ նախարարությունը և ԱՄՆ Պետդեպարտամենտը ստորագրել են համաձայնագիր, որը նկարագրում է արտաքսման գործընթացը, որն իր հերթին ֆինանսավորվում է 250 միլիոն դոլարի արտաքին օգնության միջոցով։
Միևնույն ժամանակ, համաձայնագրում չի նշվում կոնկրետ երկրների բնակիչների մասին։
Թրամփի վարչակազմի ծրագրի քննադատները, այդ թվում՝ նախկին կառավարության պաշտոնյաները, հայտարարել են, որ որոշումը «անմարդկային է և հակասում է ԱՄՆ վաղեմի իդեալներին», հաղորդում է WP-ն։ Նրանք նաև հարց են բարձրացրել այն մասին, թե արդյո՞ք նման ծրագիրը կհամարվի փախստականներին աջակցելու և նրանց վերաբնակեցնելու համար նախատեսված արտասահմանյան օգնության միջոցների չարաշահում։
Կարծիքներ