Ադրբեջանով ճանապարհը Լարսին այլընտրանք չի կարող լինել

Ադրբեջանով ճանապարհը Լարսին այլընտրանք չի կարող լինել

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում եռակողմ հանդիպման ընթացքում չկարողացավ լուծել գերիների հարցը։ Փոխարենը ստորագրեց մի փաստաթուղթ, որով պետք է տնտեսական եւ տրանսպորտային ապաշրջափակում տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Թեմայի շուրջ զրուցել ենք «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության հիմնադիր Գագիկ Աղաջանյանի հետ։

- Ի՞նչ ենք հասկանում տնտեսական եւ տրանսպորտային ապաշրջափակում ասելով։

- Նախ անդրադառնանք այն հարցին, որ, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» 9-րդ կետն ի սկզբանե նախատեսել է բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակում, դրանց վերագործարկում եւ շահագործում։ Իհարկե, Նախիջեւանի հատվածի մասին այնտեղ առանձին թեմա է, որը հիմնականում արծարծվում է Ադրբեջանի կողմից, բայց մենք այստեղ պետք է հաշվի առնենք մի կարեւոր հանգամանք, որ համաձայնագրում նշված են բոլոր տրանսպորտային կոմունիկացիաները։ Այն, ինչի շուրջ մենք հիմա պատրաստվում ենք զրուցել, ամեն դեպքում՝ պայմանական է, որովհետեւ խոսել որեւիցե շրջափակումից, համագործակցությունից՝ տրանսպորտային, տնտեսական, կարելի է միայն այն բանից հետո, երբ որ լուծվի մեզ համար ամենացավալի հարցերից մեկը՝ գերիների վերադարձի խնդիրը։ Իհարկե, խոսել, նախապատրաստվել այդ ամենին՝ անհրաժեշտ է, բայց ես կարծում եմ՝ կոնկրետ գործողությունների պետք է անցնել միայն այն բանից հետո, երբ որ այդ հարցերը լուծվեն։ Այնպես որ, սա պայմանական է։

- Հուսանք, որ այս պայմանն ի վերջո կյանքի կկոչվի, եւ մեր գերիները կվերադառնան։ Այդուհանդերձ, իշխանությունն ակտիվորեն շրջանառում է այն թեզը, որ շուտով ապաշրջափակում տեղի կունենա, մենք նոր կոմունիկացիաներ կունենանք, տնտեսությունը կզարգանա, կսկսենք ավելի լավ ապրել։ Սա որքանո՞վ է հնարավոր։

- Տեսականորեն գուցե գեղեցիկ է հնչում, բայց պրակտիկայում այդ ամեն ինչն իրականացնելը բավականին բարդ է։ Նախ սկսենք, որ 30 տարվա պատերազմական հարաբերություններում այդքան հեշտ չի լինի թշնամի երկրով բեռների փոխադրում իրականացնելը։ Իսկ տնտեսական կապեր հաստատելը, իմ կարծիքով, անհամեմատ ավելի բարդ է, քանզի դրանք մարդկային կապերի վրա են ձեւավորվում։ Այսինքն՝ այսօր ենթադրել, որ հայ կամ ադրբեջանցի գործարարները պատրաստ են հենց վաղը եւեթ նստել սեղանի շուրջ եւ տնտեսական կապեր հաստատել, ես կարծում եմ՝ ռեալ չէ։ Ամեն դեպքում, տնտեսական կապերը կարող են լինել միայն եւ միայն 2-րդ, 3-րդ էտապում, եթե գոնե հիմնական տարաձայնությունները լուծվեն։

- Իսկ հիմա՝ այս էտապում, մեզ ի՞նչ է սպասվում։ Թուրքիան եւ Ադրբեջանը հայտարարում են, որ նոր կապեր են ստեղծելու Հայաստանի հետ, թեպետ հասկանում ենք, որ նրանք ուզում են Հայաստանն օգտագործել՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ Նախիջեւանով կապ ստեղծել եւ մեզ դուրս մղել տարածաշրջանային կոմունիկացիաներից։

- Միանշանակ, լրիվ համաձայն եմ Ձեզ հետ, այս վերջին՝ 4 կետից բաղկացած համաձայնագիրը դրա փայլուն ապացույցն է, որովհետեւ, եթե խոսքը տրանսպորտային ապաշրջափակման մասին է, ապա մենք պետք է առաջնահերթությունները որոշենք, թե այսօր որ ճանապարհներն են մեզ համար ձեռնտու, որոնք ենք մենք ի վիճակի վերականգնել եւ սպասարկել բեռների փոխադրումները։ Վերջին հաշվով, մենք հասկանում ենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը մեկն է՝ տրանսպորտային հաստատուն կապ ունենալ մեկը մյուսի հետ, որն իրենց տնտեսություններն անհամեմատ կուժեղացնի։

- Իսկ ի՞նչ կշահենք մենք դրանից։

- Տեսեք, մեզ առաջարկում են Նախիջեւանի մի տարբերակը միայն, ուրիշ ոչ մի տարբերակ մեզ չեն թողնում քննարկելու, չեն էլ առաջարկում։ Ասում են՝ եկեք վերականգնենք Մեղրիի հատվածում երկաթուղին, դրանով կապենք Նախիջեւանն Ադրբեջանի հետ, եւ հետագայում, բնական է, Նախիջեւանը պետք է կապվի Թուրքիայի հետ։ Թուրքիան դեռեւս չի թաքցնում իր նպատակը՝ կառուցել երկաթուղի Նախիջեւանի Շարուր կայարանից դեպի Իգդիր՝ այդպիսով, ըստ էության, ունենալով զուգահեռ ճանապարհ Հայաստանի տարածքով։ Այսինքն՝ մեր գործող երկաթուղին, որը հենց այսօր պատրաստ է այդ փոխադրումներն իրականացնել, չէ՞ որ մինչեւ Երասխ մենք ունենք շահագործվող երկաթուղի, Երասխը մեր վերջին կայարանն է Հայաստանում, դրանից հետո մտնում ենք Նախիջեւան։ Այս հատվածն ունենալով՝ նրանք զուգահեռ երկաթուղի են պատրաստ կառուցել։ Այսինքն՝ նրանք պատրաստ են մոտավորապես 250 կմ նոր երկաթուղի կառուցել եւ Հայաստանը շրջանցող հերթական հատվածն ունենալ։

- Լավ, ենթադրենք՝ ապագայում այս ծրագիրը կյանքի կոչվեց, եւ մենք հնարավորություն ստացանք Երեւանից Բաքվով Ռուսաստանի հետ կապ ունենալ, ի՞նչ բեռներ կարող ենք փոխադրել այս ճանապարհով, եւ սա կարո՞ղ է Լարսին այլընտրանք հանդիսանալ։

- Ավտոմոբիլային փոխադրումների դեպքում Ադրբեջանով ճանապարհը Լարսին այլընտրանք երբեք չի կարող հանդիսանալ։ Ադրբեջանով այդ ճանապարհն անցնելու դեպքում միանշանակ ավտոձեռնարկությունը կունենա ավելի բարձր ինքնարժեք, քան Վերին Լարսով գնացողը, հետեւաբար, երկրորդ անգամ նա չի ուզենա գնալ, որովհետեւ իր ծառայությունից ոչ ոք չի ցանկանա օգտվել, քանզի կա գին, որն առաջարկում են այլ ընկերություններ՝ Լարսով։ Հետեւաբար, Ադրբեջանով ճանապարհը Լարսի համար այլընտրանք չի կարող լինել։ Իսկ երկաթուղային տարբերակով, եթե երկաթուղիները սկսեն գործել, այո, հնարավոր է Ադրբեջանով ուղարկել բեռ, բայց այստեղ մենք նույնպես հարց ունենք, թե այդ ինչ տնտեսական մեծ կապեր ունենք, ինչ մեծ ծավալի բեռներ կան, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանից Հայաստան բերել կամ Հայաստանից տանել։ Այսօր ավտոբեռնափոխադրումներով, ըստ էության, Ռուսաստանի հետ մեր կապն ամբողջովին ապահովված է։ Իսկ երկաթուղային ծավալուն բեռներ, ծավալուն բեռների մասին է խոսքը, մենք դեռեւս տնտեսական այդպիսի կապ Ռուսաստանի հետ չունենք։