Ռիկոշետի օրենքը

Ռիկոշետի օրենքը

Սոկրատեսի իմաստնությունը` «ես գիտեմ, որ ոչինչ էլ չգիտեմ», միայն խելացի մարդկանց է հասու: Մարդը որքան քիչ գիտի, այնքան ինքնավստահ է եւ կարծում է, որ ամենագետ է: Այս 7 տարվա ընթացքում իշխանությունների գործած աղետալի սխալները նաեւ դրանից են գալիս: Իհարկե, նրանցից առաջ պաշտոնավարած եւ անգամ չպաշտոնավարած` ողջ կյանքում ընդդիմություն եղած մարդկանց մի ստվար զանգված եւս չի գիտակցում իր թերություններն ու արարքների հետեւանքները: Ոմանք անգամ մի ամբողջ կյանք են ապրում, բայց տարրական բաներ չեն գիտակցում: Օրինակ, չեն հասկանում, որ երբ «խառը խփոցի» է գնում, տուժում են բոլորը: Որ երբեմն անգամ քո թշնամուն հարվածելիս այդ հարվածը ռիկոշետով կարող է հետ գալ ու քեզ դիպչել: Հենց այդ սկզբունքով, երբ Նիկոլ Փաշինյանն ամբիոններից հայհոյում ու վարկաբեկում է նախկին իշխանություններին, դատավորներին, դիվանագետներին, զինվորականներին, ընդդիմադիրներին, այդ ինստիտուտների վարկաբեկումն ու թուլացումը պետությունն է թուլացնում:

Երբ ընդդիմությունն իր ներսում վհուկների որս է սկսում` իբրեւ թե կեղծ ու իրական ընդդիմությանն իրարից զատելու համար, «ընդդիմություն» կոչվող հասկացությունն է վարկաբեկվում: Երբ նախորդ պայքարի փորձերն անվանում է «ֆռռացրին փողոցներով` տուն ուղարկեցին», «գործարքի գնացին իշխանության հետ, ցրեցին ցուցարարներին», հենց պայքարի գաղափարն է վարկաբեկվում: Շատ տարիներ առաջ ես` երիտասարդ խմբագիրս, երբ իմանում էի, որ ինչ-որ լրատվամիջոցի են դատի տվել, հերքում պահանջել, արշավ սկսել նրա նկատմամբ, եւ այդ լրատվամիջոցը «Հրապարակը» չէ, ուրախանում էի: Բավական ժամանակ պահանջվեց հասկանալու համար, որ ցանկացած լրատվամիջոցի, անգամ` իշխանականի վարկաբեկումը բոլոր ԶԼՄ-ներին է վնասում ու վարկաբեկում: