Գագիկ Ջհանգիրյանի ձեռքով զանգովի արդարադատություն են իրականացնում․ Արեգնազ Մանուկյան

Գագիկ Ջհանգիրյանի ձեռքով զանգովի արդարադատություն են իրականացնում․ Արեգնազ Մանուկյան

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ հավաքվել էին քաղաքացիներ՝ ի աջակցություն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի դեպքում գործ ունեն իշխանության դեմագոգիկ և կեղծ բնույթի հետ․ «Այսպես ասած՝  նախկինների դեմ պայքարի հիման վրա իշխանության եկած անձինք պաշտոն են տալիս մի մարդու, որը ոչ թե նախկին է, այլ նախկինագույն: Այդ մարդու ձեռքով իրենք զանգովի արդարադատություն են իրականացնում, քաղաքական հետապնդման են ենթարկում այն բոլոր մարդկանց, ովքեր պարզպես ունեն ընդդիմադիր հայացքներ: Այդ գործերի բնույթը ծիծաղելի է»:

Նա նշեց, որ Գագիկ Ջհանգիրյանի դեպքում գործ ունեն նաև ընտրակեղծիքները խրախուսելու հանգամանքի հետ, քանի որ նա ՀՀ ընտրակեղծարարության հիմնադիր հայրն է. «Այսինքն՝ այս իշխանությունները խրախուսում են ընտրակեղածարարությունը, որովհետև պաշտոն են տվել ընտրակեղծիքների հիմնադիր հորը»:

Արեգնազ Մանուկյանն ասաց, որ պարբերաբար նման ակցիաներ են իրագործելու, ուշադրության կենտրոնում պահելու քաղաքական հետապնդման ենթարկվող իրենց ընկերների, գործընկերների, քաղաքացիների գործերը, ովքեր ճնշումների են ենթարկվում իրենց  ընդդիմադիր հայացքների համար․ «Բնականաբար, այսպիսի ակցիաները լինելու են շարունակական, հույս ունեմ, իրոք, մենք արդյունքի կհասնենք»։