Սա ազգադավ գործարք է՝ ի վնաս ազգի, ի շահ Ադրբեջանի, ի օգուտ իր գրպանի

Սա ազգադավ գործարք է՝ ի վնաս ազգի, ի շահ Ադրբեջանի, ի օգուտ իր գրպանի

Հարցազրույց արձակագիր Լեւոն Ջավախյանի հետ

- Պարոն Ջավախյան, մեկ շաբաթից ավելի է՝ թշնամին հատել է ՀՀ սահմանները Սյունիքում եւ Գեղարքունիքում։ Պատերազմի վերսկսման հավանականություն տեսնո՞ւմ եք։

- Ե՛վ տեսնում եմ, ե՛ւ չեմ տեսնում, կարծում եմ՝ շատ բան կախված է Ռուսաստանից, բայց նա էլ խաղեր է տալիս եւ իրեն դաշնակցի պես չի պահում։ Մինչդեռ, եթե դաշնակից ենք, մեր կողմը պետք է պահեր, Արցախում չէին միջամտում, ասում էին՝ դա ուրիշ հաշիվ է, ՀՀ սահմանները չեն, բա հիմա ինչո՞ւ չեն միջամտում։ Լավրովն ասում է՝ այս կոնֆլիկտն ուռճացված է, ի՞նչ ուռճացման հարց կա, Ռուսաստանը կասկածելի քաղաքականություն է վարում, որովհետեւ նրա համար կարեւորն իր շահն է, նրա համար Ադրբեջանն էլ է մեկ, Հայաստանն էլ։ Ինքը կարթը գցել է ջուրը ու ուզում է միանգամից 2 ձուկ բռնի, որովհետեւ իրականում ինքն իր շահն է բռնում։ Դրա համար պատերազմի վերսկսման հավանականությունը կախված է Ռուսաստանից, եթե ատամ ցույց տա, Ադրբեջանն ո՞վ է, որ մտնի ՀՀ տարածք ու միջանցք բացի։ Կարծում եմ՝ Ադրբեջանը հիմա նաեւ փորձում է հասկանալ, թե միջազգային հանրությունն ինչ վերաբերմունք ցույց կտա, հատկապես՝ Ռուսաստանը։

- Հիմա ո՞վ է իրավիճակի տերը, որովհետեւ թեկուզ անկրակոց, բայց լուռ պատերազմ է գնում, ավելին՝ սահմանի երկայնքով ծեծկռտուքներ են տեղի ունենում հայ եւ ադրբեջանցի զինվորների միջեւ, նաեւ տեսանյութեր հրապարակվեցին, թե ինչպես են մեր զինվորներին նսեմացնում։

- Անտեր վիճակ է, երկրին տեր չկա։ Իրականում երկրի տերը ժողովուրդն է, բայց ժողովրդին էլ կազմակերպել է պետք, իսկ ո՞նց կազմակերպվեն, եթե ժողովրդի ձեռքից զենքերը խլում են՝ տալու փոխարեն։ Նիկոլը միայն մի բանով է զբաղված՝ իր իշխանությունը պահելով, ամբողջ պետանվտանգությունը զբաղված է ոչ թե սահմանների, այլ իր անվտանգությունը պահելով, եւ ինչքա՜ն գումար է ուղղվում դրա վրա։ Դրա համար եմ ասում՝ երկիրն անտեր վիճակում է, մարդիկ այդ անտերության մեջ փորձում են ինչ-որ ելք գտնել, բայց դա պետական մոտեցում է պահանջում, իսկ եթե պետություն, ղեկավարություն չկա, վարչապետն իր տեղում չէ, ո՞նց լինի։ Այս իրավիճակը կշարունակվի այնքան, ինչքան Նիկոլը վարչապետ մնա։

- Նախօրեին հրապարակվեց այդ գաղտնի փաստաթուղթը, որը, ինչպես նշեց Փաշինյանը, ստորագրելու է, քանի որ «100 տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին»։ Սա ի՞նչ է նշանակում Հայաստանի համար եւ ի՞նչ հետեւանքներ կունենա։  

- Սա նշանակում է, որ Ալիեւի հետ մի գաղտնի պայմանավորվածության է եկել Փաշինյանը, ով Ալիեւի անունը լսում է՝ դողում է, բայց իր ժողովրդի վրա տղամարդկությունը գալիս է, բոլորին ծեփում է պատերին ու փռում ասֆալտին։ Թե ինչ են դրանք խոսել, իրար տվել-առել, ակնհայտ է մի բան, որ Ալիեւի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել։ Եվ ի՞նչ ազգային շահի մասին է խոսքը, որ հայկական գյուղերն ու տարածքները տալիս է թուրքի՞ն, գուցե դա իր անձնական շահն է, որ շփոթել է հայոց ազգային շահի հետ։ Հիմա դրա դիմաց հե՞տ է բերելու Արծվաշենը։ Սա դեռ էն գլխից էր մեզ ասում, որ այնպիսի պայմանագիր պետք է կնքվի, որ ձեռք տա ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Արցախին, նման բան ո՞նց է հնարավոր, թուրքերին հայկական գյուղեր տաս ու ասես՝ դա ազգային շա՞հ է։ Հետո՝ ի՞նչ է նշանակում այս գաղտնիությունը, ասում էր՝ երկրում 3 մլն վարչապետ կա, ժողովրդից թաքուն ոչ մի քայլ չեմ անելու, բայց նույնիսկ ԱԳ նախարարդ չգիտի ինչ ես անում։ Իսկ անում ես ազգադավ գործարքներ՝ ի վնաս ազգի, ի շահ Ադրբեջանի, ի օգուտ քո գրպանի։ Նիկոլ, կանգնի ասա՝ ի՞նչ խոստումներ ես տվել Ալիեւին, ով ինչ հնարավոր է, ուզում է պոկի մեզնից, քանի սա գահի վրա է, որովհետեւ եթե ուրիշը գա, կարող է եւ չստորագրի։

- Փաշինյանի ասելիքը պարզ է, ո՞րը պետք է լինի ժողովրդի անելիքը։

- Փայտը, որ կոտրում ես՝ փայտ է, երկաթը՝ երկաթ, քարը՝ քար, մարդը, որ կոտրվում է, էլ մարդ չի։ Սա փչացրեց նաեւ ժողովրդին, հիմա ժողովուրդ չկա, ինքն էլ կոտրված է։ Ժողովուրդը հիմա այն վիճակում է, որ եթե գույնզգույն օդապարիկներով Հանրապետության հրապարակում թուրքական դեսանտն իջնի, ոչ ոք առաջը չի կտրելու։ Սենց բաների մասին որ բարձրաձայնում ենք, մեղքը Բագրատյանի վրա է գցում, իբրեւ թե թուրքը չգիտի այս ամենի մասին։ Սա ի՞նչ մակարդակ ու մոտեցում է, սա պիոներական ինքնագործունեություն է, ոչ թե վարչապետական կառավարում։ Հենց ինքն է ադրբեջանցի գործակալ՝ իր անուն-ազգանունով, գործելակերպով, կառավարումով, իր պարտություններով, երկիրն ամայացնելով, տնտեսությունը քանդելով։ 

- Ինչո՞ւ հոսանքի, գազի թանկացման դիմաց մարդիկ դուրս էին գալիս փողոց, իսկ հիմա՝ ոչ, պահի լրջությունը չե՞ն գիտակցում։

- Ժողովրդի մի մասը, ցավոք, ժեխացված է, մի մասը կոտրված է, մի մասը չի զգում պահի լրջությունը։ Պառակտված ու ծվատված է մեր ժողովուրդը, հարկավոր է միջից առանձնացնել մերանը, որ ազգին ազգ դարձնի։ Մածունն ինքնըստինքյան մածուն չի դառնում, մերան է պետք, որ մածունը մերվի, իսկ եթե մերանը գոյություն չունի, կաթը շաղվում է, կտրվում։ Մենք հիմա շաղված ազգ ենք՝ մածունի նման։ Ավելի լավ է ոչխարների գլուխ առյուծ կանգնի, քան առյուծների գլուխ՝ ոչխար։ Մեր ազգի գլուխ ոչ թե ոչխար, այլ ոչխարի գլուխ է կանգնած՝ ազգին էլ ոչխարացնում է։ Մարդը, ով թուրքի դեմ կուռկուռի ձագ է դառնում, իսկ սեփական ազգին պատին է ծեփում, ասֆալտին փռում, ի՞նչ ասես։ Երեկ ոնց էին այդ կանանց ԱԺ-ի դիմաց ոտից, ձեռքից բռնած, շրջազգեստները օդ թռցրած՝ կոխում ոստիկանական մեքենաներ, բա ամոթ չունե՞ն, գետինը չե՞ն մտնում։ Հետո՝ ամենավատը նա է, որ երիտասարդների աջակցությունն այսօր չկա։ Օրինակ, մեր սերունդն էրվում-վառվում է, բայց երիտասարդների տանձին չի, նրանք Նիկոլի համար գնացին կռիվ տվեցին, փողոց փակեցին, բոլորը խաղում էին հեղափոխություն, կարծես մտել էին ազարտային խաղի մեջ ու խաղում էին այդ խաղը, որը կոչվում էր հեղափոխություն, հիմա, երբ ազգային հարց է դրված, երիտասարդությունը չկա՝ ոչ մի ուսանող չկա այս շարժման մեջ, իսկ ավագ սերունդն իրեն պատռում է․ հրեն՝ Մերուժան Տեր-Գուլանյանը, Ալվարդ Պետրոսյանը, Ռոլանդ Շառոյանը, Դավիթ Սարգսյանը, Խաչիկ Մանուկյանը, Գուրգեն Խանջյանը, Նորայր Գրիգորյանը, բայց ավագ սերունդն ի՞նչ կարող է անել իր մարած էնտուզիազմով։ Ո՞ւր է մեր երիտասարդ սերունդը՝ Արամ Պաչյանը, Արմեն Հայաստանցին, Արփի Ոսկանյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Արմեն Մարտիրոսյանը, ինչո՞ւ ձայն չեն բարձրացնում, ինչո՞ւ են ազգի դարդուցավից հեռու կանգնած։ Եվ հեռու կանգնելով՝ հեռու են պահում մի ողջ երիտասարդական, ստեղծագործական փաղանգ։ Էն գլխից եվրոպաներում մշակված էր, որ ֆունդամենտալ ազգային երկրներում ինչքան հնարավոր է՝ իշխանության մեջ առաջ մղել երիտասարդներին, որովհետեւ երիտասարդների մեջ ազգային սովորույթները, գաղափարները, պատմությունը, ծեսերը շատ խարխուլ են, պատկերացրեք մի ծառ, որի տերեւներն այնքան հեռու են իր արմատից։ Դրա համար պատահական չէր, որ Նիկոլի կառավարության մեջ շատ երիտասարդներ մեծ պոստեր զբաղեցրին, մարդիկ կան, որոնց աշխատանքային կենսագրությունը սկսվում է, ոչ ավել-ոչ պակաս, այս նախադասությամբ՝ աշխատել է նախարար։ Էն, որ ասում են՝ չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ․ երկրի բախտն ու ճակատագիրը տվեցին դրանց ու դժբախտացրին էս ժողովրդին։