Ինչից են դժգոհ գյումրեցիները, փրայմերիզն այնքան էլ սահուն չի ընթանում
Այսօր երեկոյան՝ 21:00-ին կավարտվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած փրայմերիզը, որը մեկնարկել է դեկտեմբերի 8-ից: Այսօր ժամը 12:00-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները նորից դռնեդուռ են ընկել, շրջում են Գյումրիում և առաջարկում ընտրել իրենց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին:
Հիշեցնենք, որ ՔՊ-ի Գյումրու քաղաքապետի ԺՊ-ի թեկնածուներն են ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Դավիթ Առուշանյանն ու Կարեն Սարուխանյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ, Նիկոլ Փաշինյանի կնոջ ազգական Վահագն Մկրտչյանը, ՔՊ ավագանու անդամ Շավարշ Արամյանը, ՔՊ երիտթեւի Գյումրու համակարգող Էմմա Բարսեղյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրու ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը, Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լեւոն Անանյանը:
ՔՊ-ի երիտթևի մոտ երկու տասնյակ ներկայացուցիչ է ընդգրկված պրոցեսում: Ուշագրավ է, որ շրջիկ խմբերը ներկայացնող ՔՊ-ականները գյումրեցի չեն: «Հիմնականում Երևանից ենք, մեր գյումրեցի գործընկերներին աշխատել ենք չներգրավել, որպեսզի շահերի բախում չլինի, նրանք լավ գիտեն իրենց քաղաքը, անգամ որտեղ ով է ապրում եւ որպեսզի ուղղորդումներ չլինեն, նրանք գործընթացին չեն ներառվել : Քաղաքը պայմանական 5 մասի ենք բաժանել, մեր 5 խմբերը 2 հերթափոխով աշխատում են», -մեզ հետ զրույցում ասացին ՔՊ երիտթևի ներկայացուցիչները, որոնք արդեն հասցրել էին մի քանի դուռ թակել: Յուրաքանչյուր խումբ փողոց դուրս գալուց առաջ վիճակահանությամբ քաշում է 5 փողոցի անուն եւ գնում է հենց այդ ուղղությամբ, բնակարաններն էլ մեկ ու մեջ սկզբունքով են ընտրում:
«Գյումրեցիների հետ խնդիր չունենք, շատ ջերմ են»,-հավելեցին նրանք՝ նշելով, որ մեծ արդյունքների այսօր են հասնելու, քանի որ առաջին օրերին փողոցները անծանոթ էին: Գյումրու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գրասենյակից տեղեկացանք, որ այս պահին 300-ից ավել քվեաթերթիկ կա կնիքված, այսինքն՝ մինչ այս պահը քվեարկել է ընդամենը 300-ից ավել գյումրեցի, իսկ նախնական պատվիրված է 2500 քվեաթերթիկ:
Այս երեք օրերին Գյումրիից չեն հեռացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ու խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Փաշինյանը նրանց է վստահել փրայմերիզի ողջ գործընթացը, որոնք էլ հսկում են շրջիկ անձնակազմին՝ մարմնի տեսախցիկ տեղադրելով անձնակազմի անդամների վրա:
Իսկ այն, որ գյումրեցիների շրջանում թյուրիմացություն է առաջանում, թե սա քաղաքապետի հիմնական ընտրություն է, շրջիկ խմբերի ներկայացուցիչների խոսքերով իրենց հաջողվում է բացատրել, որ դա ՔՊ կուսակցության ներսի թեկնածուի ընտրությունն է, նման է սոցիոլոգիական հարցման եւ պրոցեսն ընտրանական օրենսգրքի դիտանկյունից չպետք է ընկալել, քանի որ այս ընտրությունը ընտրական օրենսգրքի տիրույթում չի գտնվում: Իրենց խոսքով՝ քվեաթերթիկը նախօրոք են պատրաստում ՝ շքամուտքի առաջ, ներկայացնում են, խնդրում են, որ իրենց տանը , դռան հետևը քվեարկեն եւ հետո ծալած վիճակում բերեն, նետեն քվեատուփը:
Այնուամենայնիվ, գործընթացի թափանցիկությունը կասկածի տակ է: Ինչու պատահական անցորդներին չեն մոտենում, խնդրում քվեարկել: Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը բացատրում է․ «Այո, գյումրեցիները նեղանում են շրջիկ խմբերից, ցանկանում են քվեարկել, բայց մերժվում են: Մենք փորձում ենք անկանխատեսելիություն ապահովել, եթե նախօրոք մեր շրջիկ խմբերն իմանան, թե ուր են գնալու, ում դուռն են թակելու, գործընթացի վստահելիության հետ խնդիր կունենանք: Թող որևէ մեկը մեզանից չնեղանա, մեր շրջիկ խմբերը պատահականության սկզբունքով են աշխատում»:
Ի դեպ, Գյումրիում տեղեկություն էր տարածվել, թե շրջիկ խմբի անդամների աշխատանքը ինչ-որ քաղաքացիներ փորձել են խոչընդոտել: Պարզեցինք, որ նախօրեին միջադեպ է գրանցվել Սլաբոդկա թաղամասում ՔՊ-ական երիտասարդների եւ գյումրեցի երիտասարդների միջև, պահանջել են, որ նրանք դռները չթակեն եւ հեռանան, ավելին՝ դեպքը իրավապահների տիրույթում է: Սլաբոդկան նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թաղամասն է եւ ՔՊ-ականները, չգիտես ինչու, վստահ են, որ նա կատարվածում առնչություն ունի:
Ըստ ՔՊ երիտթևի ներկայացուցիչների՝ աննշան դեպքեր նույնպես գրանցվում են․ լինում են քաղաքացիներ, որոնք հրաժարվում են քվեարկել, դուռը չեն բացում, կամ խոսում են բոլորովին այլ թեկնածուների մասին, որոնք ՔՊ ցուցակում ընդգրկված չեն:
Մինչ ՔՊ-ականները փրայմերիզի ընթացքը սահուն ու լուսավոր են ներկայացնում, գյումրեցիները հասցնում են դժգոհել: «Դուռը կծեծեն ու տնից ընդամենը մե հոգի կըսեն՝ թող քվեարկի, իրանց ավել պետք չէ,․․․․ ես եմ ու մեր տան 6 շունչը, սաղս էլ մեր կարծիքն ունենք, ըդպես խո չի էղնի», -դժգոհեց տիկին Աստղիկը, ով երեկ է քվեարկել իր նախընտրած ՔՊ քաղաքապետի օգտին, տան անդամների հետ տարաձայնություն է ունեցել, դժգոհել են, որ Աստղիկի ընտրածն իրենց սրտով չէր:
Ինչու տանից միայն մեկ հոգի, ինչ սկզբունքվ են առաջնորդվել ՔՊ-ականները: ՔՊ-ականների դիտարկմամբ փրայմերիզի դեպքում, որը սոցիոլոգիական հարցման նման է, չի պահանջում տան անդամների բոլորի դիրքորոշումը:
« Դուռը ով բացում է, նրան էլ խնդրում ենք քվեարկել, կամ լինում է, որ առաջարկում ենք՝ իրենք որոշեն, թե իրենցից ով է քվեարկելու»,-պարզաբանեցին շրջիկ խմբի անդամները:
Գյումրեցիների համար կասկածելի է նաև այն, որ քվեարկելիս իրենցից որևէ անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում : «Մենք անձնագրային տվյալներ չենք վերցնում գյումրեցիներից, որովհետև հավատում ենք իրենց, ասում են՝ գրանցված ենք և ընտրելու իրավունք ունենք, վստահում ենք»,-ասում է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, որ քվեատուփերը պահվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու գրասենյակում: «Տեսահսկվում են, հսկողություն է իրականացվում այն ժամերին, երբ գրասենյակում անգամ մարդ չկա։ Դրանք կնիքված են, ինչպես որ ընտրությունների ժամանակ է լինում, չեն բացվում օրվա վերջում, բոլոր քվեատուփերը բացվելու են 3 օրերի նախնական ընտրությունների ավարտից հետո, արդյունքներն ամփոփվելու են պարզ հաշվարկի միջոցով»,-հավելում է նա ։
Նշենք, որ «Անկախ դիտորդ» հասարակական կազմակերպությունը ևս դիտարկում է Գյումրիում այս ձևաչափով ընտրության ընթացքը եւ խոստացել է գործընթացի ավարտին հանդես գալ հայտարարությամբ:
Կարծիքներ