Մատենադարանն այսուհետ կունենա իր մրցանակը

Մատենադարանն այսուհետ կունենա իր մրցանակը

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում Կալիֆորնիայի պետական համալսարանի (Ֆրեզնո) Հայագիտական բաժնի տնօրեն դոկտ. Պարլօ Տէր-Մկրտիչեանի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ հիմնվել է մրցանակ: Այն ուղղված է Մատենադարանի զարգացման հիմնական նպատակների եւ ուղղությունների, հայագիտական ոլորտի գիտական, գիտատեխնիկական, կրթական ծրագրերի խթանմանը: Մրցանակը շնորհվում է Մատենադարանի աշխատակիցներին՝ լավագույն աշխատանքների, նախաձեռնությունների եւ ծրագրերի իրականացման համար:

Մրցանակն ամենամյա է, եւ ամեն տարի կարելի է ներկայացնել նախորդ երեք տարիների ընթացքում հրատարակված աշխատանք: Յուրաքանչյուր տարի սահմանվում է երեք մրցանակ՝ երեք անվանակարգում․ լավագույն գիտական հետազոտություն (մենագրություն, ուսումնասիրություն, բացառիկ արժեք ներկայացնող հոդված կամ հոդվածաշար), լավագույն աշխատանք (բնագրի կազմում եւ հրապարակում, ձեռագրերի եւ արխիվային վավերագրերի նկարագրություն, գիտական աշխատանքների հրապարակում, թարգմանություն) եւ լավագույն աշխատակից։ Մրցանակի դափնեկիրները ստանալու են վկայագիր, հուշանվեր եւ դրամական պարգեւ՝ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: