Տեր-Պետրոսյանը, չնայած իր տարիքին, պետք է ճիգ գործադրի հասկանալու համար․ Հայրիկյան

Տեր-Պետրոսյանը, չնայած իր տարիքին, պետք է ճիգ գործադրի հասկանալու համար․ Հայրիկյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով «Հրապարակը» զրուցել է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության («Ազատ Հայրենիք» դաշինք) նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։

- Պարո՛ն Հայրիկյան, երկու օր առաջ Ռոբերտ Քոչարյանը ռուսական երեք լրատվամիջոցի հարցազրույց էր տվել ու ասել, որ բանակցություններով հնարավոր է համաձայնության գալ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքների շուրջ: «Դեռևս մենք ունենք բավականին ամուր փաստարկ։ Այն կապված է ազգերի ինքնորոշման իրավունքի հետ։ Ուստի ես այստեղ բանակցությունների համար որոշակի հեռանկար տեսնում եմ», - նշել էր նա։ Ի՞նչ կարծիքի եք։

- Շատ հստակ է։ Իրականում ոչ թե բանակցությունների հեռանկար կա․ արդեն այս պարագայում լուծվում են ոչ թե բանակցությամբ, այլ միջազգային իրավունքի հիման վրա։ Միջազգային իրավունքն իսկապես տալիս է այդպիսի հնարավորություն մեզ։ Ռոբերտ Քոչարյանն ինչ-որ մի տեղ կրկնում է «Ազատ Հայրենիք» դաշինքի արտահայտած այն միտքը, որ ամեն ինչ չէ, որ փոփոխված է, ամեն ինչ չէ, որ արդեն ավարտված է։

- Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով Քոչարյանի հայտարարությանը (նաև Շուշին և Հադրութը, ԼՂԻՄ սահմաններով Արցախը վերադարձնելու վերաբերյալ), երեկ «Հանրայինի» եթերում ասել էր, որ «այնտեղ ադրբեջանական զորքերն են», դա «հնարավոր է միայն պատերազմով»։ Նաև ասել էր, որ Քոչարյանը դրանով «Հայաստանին, հայ ժողովրդին նոր պատերազմ է խոստանում, նոր զոհեր, նոր արյուն, նոր կորուստներ»։ Այս մասով ի՞նչ կասեք։

- Ուրեմն սկսեմ հետևյալից։ Ինքնորոշման սկզբունքն անբեկանելի սկզբունք է։ Եվ դա քաղաքակրթության հիմքերի հիմքն է։ Խոսում են դրա մասին, գիտակցում են դրա մասին, թե ոչ, դա հիմքերի հիմքն է։ Եվ պատահական չէ, որ ես ընկեներիս հետ 1987 թվականին ամբողջ կայսրության [ԽՍՀՄ-ի] տարածքում առաջին կազմակերպությունը կոչեցի «ինքնորոշման» անունով՝ շեշտելով դրա կարևորությունը։ Հիմա ինչ իրադարձություններ էլ որ կայանան, անպայման ինքնորոշմանը հարգանքի տուրք մատուցվելու է, այլապես քաղաքակրթությունը կկործանվի։ Ինչ վեաբերում է Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարություններին։ Ճիշտ է, նրանք եղել են մեր երկրի պատասխանատուները, բայց իրենց անձի հետ, իրենց գաղափարների հետ, իրենց կեցվածքի հետ կապված որևէ ռազմավարական ներդրում Դուք նշել չեք կարող։ Եթե ինչ-որ բան էլ եղել է իրենց օրոք՝ բանակ, Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ Ռոբերտի օրոք, եղել են ոչ իրենց նախաձեռնությամբ։ Այսինքն՝ նրանք ինձ համար այն դեմքերը չեն, որոնց ես պետք է վկայակոչեմ՝ ինչ-որ հարց քննելու համար։ Իսկ առաջարկված տեսակետները հետևյալն են՝ Ռոբերտ Քոչարյանը գոնե ընդունում է (չնայած սխալ շետադրումով, «բանակցույթւոններ» ասելով)՝ ամեն ինչ չէ, որ կործանված է, և ամեն ինչ չէ, որ կատարվում է անդառնալի։ 

Տեր-Պետրոսյանի մոտ, ցավոք սրտի, այլ է մոտեցումը։ Նա գտնում է՝ ինչը որ թշնամիներն արել են, հիմքերի հիմքն է, դա մեր ելակետն ու վերջակետն է։ Ես դա համարում եմ արատավոր մոտեցում։ Եվ ինքը, Լևոն Տեր-Պետրոսյանը, չնայած իր տարիքին, պետք է ճիգ գործադրի հասկանալու համար, որ քաղաքակրթությունը զարգացում չէր ապրի, եթե որևէ եղած բան մենք համարեինք ավարտուն։ Այնպես որ, մեր հարցերը ոչ միայն մեզ համար լուծված չեն, այլ նաև՝ մարդկության համար։ Եթե մենք մեզ ճիշտ դրսևորենք, դրսևորենք համայն մարդկության համար՝ որպես մի բնականոն գործընկեր, դաշնակից, ապա մենք մեծ, շատ մեծ հնարավորություններ ունենք։ Եվ այդ է պատճառը, որ ես, այսօր չլինելով [պատգամավորության] թեկնածու «Ազատ Հայրենիք» դաշինքի կազմում, ամբողջ եռանդով աշխատում եմ, որպեսզի մենք այս մոտեցումը դարձնենք մեր ժողովրդի սեփականությունը։ 

- Ենթադրենք՝ ձեր դաշինքը եկավ իշխանության, Արցախի հարցում առաջին քայլերը որո՞նք են լինելու, որ Ձեր ասած ինքորոշման սկզբունքը կարողանանք պաշտպանել և հասնենք ԼՂԻՄ տարածքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը։

- Արցախի հարցում առաջին և վերջին քայլերը լինելու են միջազգային հանրության հետ, միջազգային հանրության շրջանակենորւմ խնդրի լուծում գտնելը։ Որովհետև արդեն պատմական իրողություն է․ երբ մենք թողեցինք մեր առողջ բանականությունը և ինչ-որ չափով հույս դրեցինք միայն մեկի վրա, ամեն ինչ ձախողվեց ու գնաց դեպի վատը։ Երբ մենք համաշխարհային հանրության աջակցությամբ փորձում ենք համաձայնության եզրեր գտնել, մենք դառնում ենք համաշխարհային հանրության, քաղաքակիրթ հանրության մի մասը, որը չհանդուրժեց Կոսովոյի ցեղասպանությունը։ Եվ չի հանդուրժի նաև Արցախի ցեղասպանությունը։ Եթե իհարկե ինքներս չանենք, ինչպես արեցին ներկա իշխանությունները՝ «քաղաքակի՛րթ աշխարհ, հեռացի՛ր, դո՛ւ, մեզ պետք չես, մենք Ռուսաստանի հետ մեր երկիրը կկործանենք»։ Սա է հիմնական խնդիրը։ Առաջին քայլը և վերջին քայլը քաղաքակրթական մոտեցումն է։

- Ո՞ր պետությունների միջոցով եք ուզում միջազգային հանրության քննարկման առարկա դարձնել և կոնկրետ ո՞ր կառույց եք տանելու Արցախյան հարցը։

- Բնականաբար այն, ինչը կա, հեշտ է դրանից սկսել։ Մինսկի խումբը [Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ] հատուկ ստեղծված էր այդ նպատակով։ Իսկ Մինսկի խումբն օտարվեց մեր իշխանությունների կեցվածքի պատճառով։ Մեր իշխանությունները ոչ միայն 2 տարվա ընթացքում չնախազգուշացրին սպասվող վտանգների մասին և գործնական քայլեր չարեցին, մանավանդ միջազգային մակարդակով, այլ իրենք ամեն ինչ արեցին, որպեսզի հաճոյանան Ռուսաստանին, որն իր խնդիրներն ունի։ Ռուսաստանն ունի իր խնդիրները, լուծում է իր խնդիրները։ Եթե դու դառնում ես Ռուսաստանի խնդիրների գերին, քվեարկում ես տարբեր միջազգային կազմակերպություններում աշխարհի կողմից մերժվող ռուսական քաղաքականության օգտին, բնականաբար աշխարհն էլ քեզ այլ աչքերով է նայում։ Եվ նախընտրելի է համարում ունենալ վստահելի դաշնակիցներ։ Մեր՝ իշխանության գալու նպատակը հիմնականում այն է, որ մենք դառնանք կանխատեսելի ինչ-որ չափով և քաղաքակիրթ աշխարհի համար ընդունելի։ Դա ձևի համար չենք անելու։ Դա որպես մի, ինչպես ասում են, հարմարվողական քայլ չենք անում։ Դա մեր էությունն է և պիտի լինի մեր էությունը՝ լինել քաղաքակիրթ աշխարհի հետ։ Եվ որպես այդ բանի ապացույց, ասեմ, որ մեր նպատակների մեջ կա նույնիսկ գերքաղաքակրթական առաջարկ՝ բացարձակ ժողովրդավարության մոդելը։ Այսինքն՝ մեր հաջողության դեպքում ընդամենը 1 տարում աշխարհի պետությունները հերթ են կանգնելու, թե ով է վերցնելու Հայաստանում ժողովրդավարական համակարգի մոդելը։ Այնպես որ, մենք միայն որպես սպառող չենք գնում և գնում ենք որպես նախաձեռնող, ոչ թե իրավիճակներին հարմարվող, ինչպես մենք ունեցել ենք նախագահներ և մեզ դեպի պարտություններ առաջնորդող «առաջնորդներ»։