Ռուսաստանում անհանգստացած են աշխատանքային միգրանտների հոսքից․ քննարկումներ տելեգրամյան ալիքներում 

Ռուսաստանում անհանգստացած են աշխատանքային միգրանտների հոսքից․ քննարկումներ տելեգրամյան ալիքներում 

Ռուսական մեդիատիրույթում եւ հատկապես սոցկայքերում ու բլոգոսֆերայում ակտիվորեն քննարկվում են այդ երկրին սպառնացող ազգամիջյան խնդիրները։ Հատկապես այդ թեմաները «տաք են պահում» տելեգրամյան մի շարք ալիքներ, որոնք ռուսալեզու կամ ռուսական միջավայրում ունեն բավականին լուրջ հեղինակություն։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տելեգրամյան ազդեցիկ ալիքների հետեւում ռուսական իշխանության մաս կազմող, պայմանական ասած՝ «Կրեմլյան աշտարակներն» են կանգնած կամ ուժային ու հատուկ ծառայությունները, կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանում բավական սուր են դրված միգրացիոն քաղաքականությունն ու արդեն ներսում միջէթնիկ հարաբերությունների առումով վարվող քաղաքական գիծը։ 

Ընդ որում, կարելի է ասել, որ ձեւավորված կոնսենսուսային մոտեցում կա, ըստ որի՝ եթե Ռուսաստանը մի փոքր թուլացնի իր միգրացիոն քաղաքականությունը, ապա երկիրը կարող է ներքաշվել միջէթնիկ բավականին բարդ շրջապտույտի մեջ, որը կարող է տեւել երկար եւ ունենալ ընդհուպ մինչեւ անդառնալի հետեւանքներ։ Ընդհանուր մոտեցումն այն է նաեւ, որ Ռուսաստանը գտնվում է մեկ քայլ հեռու այդ անշրջելիության կետից։ Հանուն արդարության պետք է նշել, որ միջէթնիկ խնդիրները Ռուսաստանում վերջին երեք տարվա ընթացքում բավականին շատացել են։ Այդ խնդիրները ե՛ւ միգրանտների մասնակցությամբ ծեծկռտուքներն են, ե՛ւ այլ իրավախախտումները, ե՛ւ անօրինական շինարարական գործունեությունը, ե՛ւ ստենդ-ափ երգիծաբան Իդրակ Միրզալիզադեի հետ կապված սկանդալը, ով անհաջող կատակ էր արել ռուս ժողովրդի մասին, որը մեծ աղմուկ էր հանել եւ ահա ամիսներ անց, նա ցմահ զրկվել էր Ռուսաստան մուտք գործելու իրավունքից, ճանաչվելով ՌԴ ՆԳՆ կողմից որպես ՌԴ ազգային անվտանգության սպառնալիք։ 

Վերլուծելով իրավիճակը, օրինակ տելեգրամյան ալիքներից մեկը գրում է, որ շատ շուտով Ռուսաստանում միգրացիոն խնդիրները կսկսեն նմանվել այն իրավիճակին, որպիսին այժմ միգրացիոն խնդիրների առումով Ֆրանսիայում է տիրում։ «Ես չգիտեմ, բարձր քաղաքագիտության մեջ իշխանությունների վարքագծի առնչությամբ նման բան նկարագրված է, թե ոչ, ինչպիսին «զոմբի էֆեկտն» է, սակայն նման վարքագծային նշաններ միգրացիոն հարցերում ակնհայտորեն կան մեր (իմա՝ ռուսական) իշխանությունների մոտ։ ․․․ Ֆրանսիայում միգրացիոն ապոկալիպսիսը սկսվեց այն բանից, որ հին Ֆրանսիան սկսեց զգալ աշխատող ձեռքերի կարիք, եւ իշխանություններն ասացին՝ «խնդիր չկա, կօրինականացնենք անօրինական միգրանտներին»։

Այդ ժամանակ Իտալիան դեռեւս ճնշված չէր ԵՄ քվոտաներով, եւ անօրինական միգրանտներին պարզապես վռնդում էին երկրից։ Միգրանտների հոսքը Ֆրանսիա «օրինականորեն» հնարավոր չեղավ դադարեցնել։ Երբեմն չարակամությունն ու տխմարությունը փոխլրացնում են մեկմեկու»,- եզրակացվում է հրապարակման մեջ։ 

Մեկ այլ տելեգրամյան ալիք էլ նշում է, որ ներկայումս ռուսական իշխանությունները, բացառիկ օրինական համարելով միգրացիոն աշխատուժի ներգրավումը, նույն վիճակում են հայտնվելու, ի վերջո, ինչ վիճակում արդեն Ֆրանսիան է եւ Մոսկվան, հետեւաբար, այժմ կանգնած է Փարիզի ճակատագիրը կրկնելու ռիսկի առաջ։ Արդյունքում Ռուսաստանում կարող են հայտնվել ստվերային օլիգարխներ թուրքմենական երկրներից, նույնիսկ քաղաքական կուսակցություններ, որոնք կզբաղվեն վերաբնակիչների իրավունքների պաշտպանությամբ՝ լինեն դրանք կենցաղային կոնֆլիկտների ժամանակ առաջացած խնդիրների շրջանակում, թե այլ։ Այս ամենը, ըստ վերլուծաբանների, դժվար թե օգուտ բերի երկրի բնիկ բնակչությունը ներկայացնողներին։

Վերլուծաբանները մտահոգված են նաեւ այն բանով, որ շուտով ռուսական աշխատաշուկան կլինի ավելի հասանելի միգրացիոն աշխատուժի համար, ինչը կբերի նրան, որ Ռուսաստանում աշխատանքի տեղավորվելը կդառնա չափազանց դյուրին, եւ հատուկ ծրագրերը միգրանտներին կօգնեն տեղավորվել աշխատանքի, դեռեւս նախքան Ռուսաստան մուտք գործելը։ 

Առանձին քննարկման թեմա է միգրանտների պահվածքն ու վարքագիծը։ Տելեգրամյան մի շարք ալիքներ արձանագրում են, որ այսօրվա միգրանտները նման են հայդուկային խմբերի, որոնք ցերեկները կարող են աղյուս շարել եւ ցեխ հունցել, իսկ երեկոյան՝ կռիվներ սարքել՝ իրենց տեղը ռուսական արեւի տակ պահպանելու համար։ 

Կարեն Ենգիբարյան