Ալեն Սիմոնյանը նկատողություն է տվել Վահան Նարիբեկյանին

Ալեն Սիմոնյանը նկատողություն է տվել Վահան Նարիբեկյանին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգապահական տույժ է կիրառել աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի նկատմամբ, որը նաեւ իր ընկերն է։ ԱԺ նախագահի կարգադրության մեջ ասվում է «Աշխատանքային  պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ նկատողություն»:

ԱԺ-ից տեղեկացանք, որ Նարիբեկյանին նկատողություն է հայտարարվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենի Փելոսիի այցը խայտառակ կերպով տապալելու պատճառով։ Ուշագրավ է, որ խորհրդարանի աշխատակազմի ղեկավարին սովորական նկատողություն են տվել,, մինչդեռ ցանկացած երկրում, որտեղ նման ազդեցիկ քաղաքական գործչի այցը ձախողվեր ինչ-որ պաշտոնյայի պատճառով, վերջինիս անմիջապես կազատեին պաշտոնից։

Հիշեցնենք, որ խորհրդարանում Փելոսիի եւ Ալեն Սիմոնյանի համատեղ ասուլիսի ժամանակ սինխրոն թարգմանության համակարգը խափանված էր , իսկ դեսպանատան թարգմանիչը աչքն ուղղելու փոխարեն, հոնքն էլ հանեց իր խայտառակ թարգմանությամբ: