Հակառուսական տրամադրություններն Արցախ են տեղափոխվում

Հակառուսական տրամադրություններն Արցախ են տեղափոխվում

Արցախում վերջին օրերին ակնհայտ հակառուսական մթնոլորտ է գեներացվում։ Նախօրեին Հանրային ռադիոն ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գլխագրով եւ բովանդակությամբ նյութ էր տարածում․ «Պուտինի քննադատին, հավանաբար, թունավորել են։ Բեռլինի «Շարիթե» հիվանդանոցը, որտեղ բուժում է ստանում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, հայտարարություն է տարածել, որ Նավալնիին թունավորել են։ Վերջինիս առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր»։ 

Թեեւ նյութի աղբյուրը BBC-ն է, որին հղում է անում նաեւ Արցախի հանրային ռադիոն, սակայն ներքաղաքական գործընթացներին հետեւող մեր աղբյուրներն ասում են, որ փաստն ինքնին ուշագրավ է եւ չի տեղավորվում ավանդական կուրսի մեջ, որը պահել են արցախյան բոլոր ժամանակների իշխանությունները։ Բանն այն է, որ անկախ հայաստանյան իշխանությունների՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում արձանագրած վայրիվերումներից, Արցախը բոլոր ժամանակներում, հայտնի պատճառներով, համարվել է ռուսական ազդեցության տարածք։ Ու իշխանությունները կշռադատել են, թե ինչ վտանգավոր կարող է լինել ռազմավարական գործընկերոջ հետ խաղալը։ Հիմա ներիշխանական ինֆորմացիա կա, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է Ռուսաստանի նկատմամբ իր վերաբերմունքը պարտադրել նաեւ իր «ֆիլիալ» նախագահին՝ Արայիկ Հարությունյանին։ Արդեն նկատվում են առաջին ծիծեռնակները։ 

Մեր աղբյուրները պատահական չեն համարում նաեւ ԱՀ հեռուստառադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնից Մերի Դավթյանի ազատումը, ասում են՝ այդպիսով տրվեց կուրսի փոփոխության մեկնարկը։ Մոտ մեկ շաբաթ առաջ ոլորտում ավելի քան երկու տասնամյակ գործունեություն ծավալած Դավթյանին Արայիկ Հարությունյանն անձամբ է հորդորել դիմում գրել, ու հիմնավոր պատճառներ էլ չեն ներկայացվել։ Այս մասին Դավթյանը գրառում էր արել իր էջում։ «Հիմնավորում, որպես այդպիսին, չհնչեց, պարզվում է՝ կոլեկտիվում որոշակի դժգոհություններ կան։ Հարցին՝ կարո՞ղ եմ տեղեկանալ, թե ինչի շուրջ են բողոքները, հանրապետության ղեկավարի պատասխանը ենթադրություններս հաստատեցին։ Ես, իհարկե, տեղյակ էի բողոքների բովանդակությանը (ի վերջո, աշխատակիցներիս հետ անմիջական հարաբերությունների մեջ էի եւ, որքան էլ տարօրինակ հնչի, բողոքների մի մասին էլ՝ համաձայն։ Լրացուցիչ ճշգրտող իմ հարցին՝ արդյո՞ք երկրի ղեկավարը նախապատվությունը տալիս է հիմնարկը լճացման տանող ու կոմֆորտի զոնայից դուրս գալ չցանկացող խմբի բողոքին տուրք տալուն, թե՞ պրոֆեսիոնալիզմի իմ պահանջին, պատասխանը միանշանակ էր՝ այո՛, ինձ համար կարեւորը կոլեկտիվի համերաշխությունն է։

Ինչեւէ, ես միայն ուրախ եմ, որ պրոֆեսիոնալիզմ պարտադրելը, իրավական դաշտում գործելը, ֆինանսական անոմալիաներ քիչ թե շատ շտկելը, երբեմն տոտալ անգրագիտության դեմ պայքարելը, անճաշակություն վերացնելու ջանքերը որոշակի դժգոհությունների տեղիք են տվել, բայց ցավում եմ, որ երկրի բարձրագույն իշխանությունն առաջնահերթությունը տվեց «Հանուն համատարած համերաշխության» կազմակերպված միջակությանը»,- գրել է Դավթյանն ու եզրափակել, որ իրեն եւ գործընկերներից շատերին հայտնի են «իրականությունն ու ճշմարտությունը»։ 

ԱՀ հեռուստառադիոընկերության կառավարումը, նկատենք, Արայիկ Հարությունյանն անձամբ վերցրել է իր վերահսկողության տակ։ Նա պարբերաբար նախագահական է հրավիրում կառույցի աշխատակիցներին եւ քննարկում, թե ինչպես պետք է փոխել եթերը, բազմազանություն մտցնել, իսկ ավելի նեղ շրջանակում խոստովանել է, որ իր թիմը պետք է կառավարի նաեւ այս ոլորտը, ինչպես բոլոր մյուսները։ 

Իսկ ամենուր Արայիկ Հարությունյանն իր կուսակիցներին է նշանակում, անգամ՝ վարչության պետերին, նախարարության առաջին կարգի մասնագետներին ընտրում է իր կուսակիցների շարքերից․ սա Հարությունյանի հիմնական պահանջն է։ Առայժմ հայտնի չէ, թե ով է նշանակվելու թափուր պաշտոնում, հնարավոր է ռադիոն եւ հեռուստատեսությունն առանձնացնեն նախկինի պես, եւ երկու նշանակում կատարվի, այդ պատճառով էլ դեռ ձգում են։ Մեզ պատմեցին, որ Դավթյանը բավականին անկախ եւ սկզբունքային տեսակ է, եւ ի սկզբանե է դրված եղել, որ նրա օրերը հաշված են, բայց որպեսզի ամեն ինչ այդքան ցայտուն չերեւա, որոշել են նրա հարցերը լուծել իր գործընկերների միջոցով, նրանց ընդունել են նախագահականում, քննարկումներ ունեցել, իսկ վերջում Դավթյանին ասել են, որ իրենից դժգոհություններ կան։ Ի դեպ, մենք պարզեցինք, որ այդ ընթացքում Դավթյանի նախաձեռնությամբ հանդիպում է կայացել, նախկին տնօրենը փորձել է հասկանալ, թե ինչ է կատարվում, Արայիկ Հարությունյանը նրան ընդունել է նախագահականում եւ ասել, որ դժգոհություններ կան, օրեր անց պահանջել է դիմում գրել։

Դավթյանը հաստատեց, որ սեփական նախաձեռնությամբ մեկ հանդիպում է տեղի ունեցել։ «Եթե ես հանդիպում չխնդրեի, գուցե ֆեյսբուքյան լայվից իմանայի իմ ազատման մասին, ինչպես եղավ այլոց հետ»,- ասաց նա։

Ի դեպ, հակառուսական քաղաքականություն վարելով՝ Արայիկ Հարությունյանը հույս ունի, որ կնվազեցնի ԱԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի ազդեցությունը։ Հիշեցնենք, որ նա ընդգծված ռուսամետ է եւ պաշտոնը ստանձնելուց առաջ առաջարկում էր Արցախը հանձնել Ռուսաստանի մանդատին, ավելին՝ ասում են, որ նա հույս ունի այդ շրջանակների միջոցով նաեւ ապագայում իշխանություն վերցնել։