Ինչպե՞ս հանդուրժողական լինել

Ինչպե՞ս հանդուրժողական լինել

Վաղ առավոտյան ֆեյսբուքյան երկու գրառում կարդացի: ԱրՊՀ դոցենտ Շուշան Ասկարյանը մամուլին եւ սոցիալական ցանցերի օգտատերերին հանդուրժողականության է կոչում, հանրությանը՝ մեդիագրագիտության, որպեսզի նախընտրական այս շրջանում տեղեկատվական մանիպուլյացիայի չենթարկվի: Ճիշտ է ասում, պետք է սեւ հակակքարոզչությունը, մերկապարանոց մեղադրանքները, ատելության քարոզը բացառվեն: Բայց ինչպե՞ս հանդուրժողական լինել ,երբ նորաստեղծ «Արցախի ապագան» կուսակցության ծրագրում կարդում ես. «Հոգևոր կյանքում ծաղկուն շրջան սկսելու ճանապարհին մեծ քայլ կլինի վանական համալիրների և բնակավայրերից հեռու գտնվող եկեղեցիների վերանորոգումը և գործարկումը: Այդ կառույցները պատմամշակութային հուշակոթողներից պետք է վեր ածվեն գործող հոգևոր, ինչպես նաև գիտական և մշակութային կենտրոնների՝ վանքերում հիմնելով դպրոցներ, գիտական և մշակութային կենտրոններ»:

Սա ի՞նչ է: Արցախի ապագան վերադարձն է խոր միջնադա՞ր: Այս կուսակցությունը գրանցելիս պատկան մարմինը ծանոթացել է Ծրագրին, որտեղից արված է մեջբերումը: Եթե ծանոթացել է, ինչու՞ չի նկատել, որ քաղաքական այդ կառույցը փաստացի հակասահմանադրական գործունեություն է քարոզում: Եթե չեն կարդացել, փակ աչքերով հաստատել են ներկայացված փաստաթղթերը եւ կնիք դնելով վավերացրել եւս մի կուսակցության գոյություն, ուրեմն այդ գերատեսչության ղեկավարն իր տեղում չէ, հարկ է նրանից հաշիվ պահանջել, թե ինչպես է պետական գրանցում շնորհվել մի կազմակերպության, որի Ծրագրում քարոզվում է աշխարհիկ դպրոցից անցում եկեղեցական-հոգեւորի: «Արցախի ապագան» անվանված կազմակերպությունը դեռ տարրական բարեխղճություն ունի՝ հրապարակել է իր Ծրագիրը: Մյուս նորաստեղծները դա էլ չեն անում: Բայց հավակնում են ստանալ բավարար քվե եւ անպատճառ տեղ ունենալ ապագա Ազգային ժողովում: Ցանկությունը բարի է, բայց մարդիկ չիմանա՞ն, թե ի՞նչ նպատակներ ունեն նրանք, հանուն ինչի՞ պիտի քվեարկեն նրանց օգտին: Ահա այսպիսի հարցեր: Իսկ Շուշան Ասկարյանն ասում է՝ հանդուրժողական եղեք: Հանդուրժողականության սահմանը բանականությունն է: