2018-ի դասերը

2018-ի դասերը
Նարինե Մկրտչյան

Հեռացող 2018 թվականն իր վայրիվերումներով՝ անկումներով եւ վերելքներով, հակասություններով եւ ներդաշնակությամբ, Հայաստանի նորագույն շրջանի պատմության մեջ կմտնի որպես փոթորկուն իրադարձություններով լի ժամանակահատված: 2018-ի քաղաքական տարին ավարտվում է՝ իր հետ պատմության պահոցներ տեղափոխելով Հայաստանի ժողովրդի վերջին տարիների անվերջ պարտությունների ծանր բեռը: Այդ բեռան տակ կքած՝ ՀՀ քաղաքացիները վերջին 23 տարիներին հիմնականում պարտություններ են արձանագրել թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական կյանքում: Այդ պարտությունները կասեցրել են Հայաստանի առաջընթացն ու մրցունակությունը, գոցել պետության զարգացման դարպասները, վերասերել իշխանությանը, նեղացրել հանրության ձգտումները՝ խարանելով մեր երկիրը թե՛ ներսում, թե՛ դրսում: 2018թ. ապրիլյան հեղափոխությունը ետեւում թողեց այդ պարտությունների հետագիծը՝ միաժամանակ գծելով Նոր Հայաստանի ճանապարհը: Հեղափոխությունը բացեց նոր հնարավորությունների դուռը, բերեց նոր խնդիրներ եւ  արթնացրեց հին խնդիրները: Հայկական թավշյա հեղափոխությունը Հայաստանի թե՛ 2018-ի քաղաքական տարվա, թե՛ վերջին երկուսուկես տասնամյակի ամենակարեւոր ձեռքբերումն է:  

Քաղաքականության մեջ հերոսությունը չափվում է արդյունքներով, ձախողումները եւ սխալները՝ հետեւանքներով, նպատակները՝ լրջությամբ, իրատեսությամբ եւ հեռանկարայնությամբ, քաղաքական հասունությունը՝ քաղաքական մտքի առկայությամբ եւ խելամիտ փորձառությամբ: 2018-ի քաղաքական տարին իր քաղաքական դասերը դեռ երկար կուսուցանի Հայաստանի հանրությանը, իշխանություններին, հայ ժողովրդին ընդհանրապես: 2018թ. հեռանում է, սակայն նրա քաղաքական դասերը մնում են՝ ուսանելի եւ դեռեւս չսերտած: 

Այդ դասերն են՝ 
1. 1988-ի ղարաբաղյան Շարժումից, ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի ժողովուրդը 2018թ. վերստին հանգեց սեփական ուժերին եւ կամքին ապավինելու գիտակցությանը, դրա անհրաժեշտությանը եւ անխուսափելիությանը՝ հեռացնելու կոռումպացված իշխանություններին: 

2. Ցանկացած իշխանություն Հայաստանում թերեւս անխուսափելիորեն համոզվեց, որ հասարակությանը կեղեքելու, պետությունը կողոպտելու, հանրային կարծիքն արհամարհելու, ընտրությունները կեղծելու, Հայաստանի ինքնիշխանությունը թուլացնելու, անօրինականությանը եւ անպատժելիությանն ապավինելու արատավոր քաղաքականության, գործելակերպի ծանր հետեւանքները հատուցվում են ոչ միայն իշխանազրկմամբ, այլեւ հասարակական վարկաբեկմամբ, ամբողջական մերժմամբ եւ ատելությամբ: Իշխանության պահպանման արատավոր մեթոդները երկսայր սուր են, որի մի ծայրը միշտ ուղղված է օրվա իշխանության դեմ:

3. Հասարակությունը պետք է ոչ թե փրկիչ կամ հերոս որոնի, այլ կարողանա աջակցել հենց նրան, ում հնարավորությունները գուցեեւ ամենամեծը չեն թվում տվյալ քաղաքական իրավիճակում: Նա, ով այսօր հերոս է ստեղծում հանրային գիտակցության մեջ, վաղը նույն ջանասիրությամբ հերոսին դարձնում է հակահերոս: Հերոսների եւ հակահերոսների միջեւ ջրբաժանը երբեմն շատ նեղ կարող է լինել այն հանրության մոտ, որն առաջնորդվում է ոչ թե քաղաքական գիտակցությամբ, այլ չարդարացված պարզունակ հույզերով:

4. Հեղափոխությունը նաեւ անողոք է հենց հեղափոխականների հանդեպ: Հեղափոխությունը մերկացրեց նաեւ Նոր Հայաստանի իշխանություններին՝ ի ցույց դնելով նրանց ընկրկումների, սխալների, ձախողումների, անփորձության, մեծամտության ողջ համախումբը:  

5. Իր անողոքությամբ հեղափոխությունը վերստին ի ցույց դրեց այն, ինչն արդեն հայտնի էր. Հայաստանի քաղաքական դաշտը փլուզված է, կուսակցությունները՝ անվերջ անկման մեջ: Հայաստանի հանրության քաղաքական մտածելակերպը դեռ հիմնականում պարզունակ ընկալումներից չի կարողանում բարձրանալ:

6.  Հին քաղաքական արատավոր համակարգն ապամոնտաժված է, նորի ձեւավորումն անորոշ է եւ անհստակ: Հեղափոխությունը չի բերել նաեւ նոր՝ բարձր արժեքներ, գաղափարներ, չի սահմանել Հայաստանի քաղաքական օրակարգի խնդիրները: Ըստ այդմ՝ վտանգված են քաղաքական նոր համակարգի ձեւավորման արդյունավետությունն ու հեռանկարայնությունը:

7. Անգամ հետհեղափոխական հանրությանն անթույլատրելի է բաժանել «սեւերի եւ սպիտակների»: Եվ միայն անկախ եւ վստահելի արդարադատությունն է, որ կարող է սահմանազատել անմեղին եւ մեղավորին, օրինազանցին, հանցագործին, դավաճանին: Միաժամանակ, հանրությունն ունի իր ընկալումները, չափորոշիչները, չգրված օրենքները: Գրված եւ չգրված օրենքները կարող են իրարամերժ լինել, սակայն առաջընթաց արձանագրում է այն հանրությունը, որտեղ այդ օրենքները հնարավորինս ներդաշնակ են: 

8. Ցանկացած քաղաքական ընտրություն եւ հեղափոխություն, եթե չի առաջադրում եւ լուծում Հայաստանի ինքնիշխանության, անկախության, անվտանգության, արժանապատվության եւ միջազգային համարումն անխաթար պահելու հարցերը, ապա այդ ընտրությունը կամ հեղափոխությունը կարող է հանգեցնել կա՛մ նոր ընտրությունների, կա՛մ հեղափոխության: 

9. Յուրաքանչյուր իշխանություն պետք է գիտակցի, որ իշխանությունից կարող է հեռանալ կա՛մ ընտրությունների, կա՛մ հեղափոխության ճանապարհով: 

10. 2018թ. Հայաստանում հեղափոխության հաղթանակի տարի էր, սակայն երբեմն անհրաժեշտություն է առաջանում հետհեղափոխական պետությունը պաշտպանել հենց հեղափոխականներից:

Այս ամենով հանդերձ՝ 2018թ. հեղափոխությունը հնարավորությունների նոր դուռ է բացել Հայաստանի հանրության, պետության, հայ ժողովրդի համար: 
2018թ. քաղաքական տարին ավարտվեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ցույցով՝ ընդդեմ ռուսական 102-րդ ռազմահենակետում տիրող հանցագործ բարքերի, Հայաստանի ինքնիշխանության եւ ՀՀ քաղաքացիների անվտանգության պահպանման պահանջներով: Հենց սա էլ ազդարարեց նաեւ 2019թ. քաղաքական տարվա սկիզբը: 
2019թ. օրացուցային տարին կսկսվի մի քանի օրից՝ ժամացույցի կեսգիշերային 12 համազարկերով, որով եւ հրաժեշտ կտանք 2018-ի հեղափոխական տարվան:
Շնորհավոր Նոր Տարին, շնորհավոր 2019 թվականը: Սեր եւ համերաշխություն ձեր ընտանիքներին, խաղաղություն մեր հայրենիքին, արժանապատվություն մեր պետությանը, հասունություն Հայաստանի հանրությանը, խիզախում եւ միասնություն հայ ժողովրդին: