Քաղաքական կեղտոտ խաղերի չեմ մասնակցելու. Մանախը հարցեր չտվեց Փաշինյանին

Քաղաքական կեղտոտ խաղերի չեմ մասնակցելու. Մանախը հարցեր չտվեց Փաշինյանին

Արթուր Այվազյանի՝ Մանախի գործով այսօր որպես վկա հարցաքննվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, պատասխանելով պաշտպան Հայկ Ալումյանի հարցին, թե գործով քննիչ Սուրեն Նավոյանի հետ ինչ հարաբերություններ ունի, ինչ շփում է ունեցել, պատասխանեց․ «Քննիչ Սուրեն Նավոյանն աջակցություն է հայտնել թավշյա հեղափոխությանը։ Մինչեւ նախաքննությունը շփում չեմ ունեցել, նախաքննությունից հետո հնարավոր է զանգ եղած լինի, հաջորդ շփումը եղել է Հանրապետության հրապարակում»։

Մեղադրողներն առարկեցին Ալումյանի հարցերի վերաբերյալ, քանի որ, ըստ նրանց, դրանք կապ չունեն գործի հետ, Ալումյանն էլ պնդեց՝ քննիչի անաչառությունը կասկածի տակ դնող հանգամանքներ կան, նա աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժին։ 

Նախագահող դատավոր Ռոբերտ Պապոյանն էլ ասաց, որ Ալումյանը կոնկրետացնի հարցերը։ 

Փաշինյանն արձագանքեց. «Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, բոլոր հարցերին ամենայն մանրամասնությամբ կպատասխանեմ»։

Վերադառնալով Ալումյանի հարցին՝ Փաշինյանը պատասխանեց. «Այդ օրերին Հանրապետության հրապարակում եղել են տասնյակ քննիչներ, ոստիկաններ, չեմ բացառում՝ նաեւ պաշտպաններ, դատավորներ... Նավոյանը ոնց որ ասեց՝ դիմում եմ գրել, աշխատանքից եմ դուրս եկել։ Իսկ գործի նախաքննության ընթացքում ես հետաքրքրվել եմ՝ ճի՞շտ է, որ նախաքննությունն ավարտվել է, խոսակցությունը կապված էր գործի ընթացակարգի հետ»։

Պաշտպանի ճշտող հարցին՝ ի՞նքն է նախաձեռնել հեռախոսազրույցը, վարչապետն ասաց. «Ենթադրում եմ, որ նախաձեռնությունն իմն էր՝ նրա հետ խոսելու, ես էդպես եմ հիշում, բայց կարծում եմ՝ կարելի է հանել եւ ստուգել»։

Ալումյանը վկայից նաեւ հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է, որ Արթուր Այվազյանի շորերը քննիչի կողմից առգրավվել են, եւ չի արձանագրվել, որ որեւէ բան կա, բայց փորձագետի մոտ հայտնաբերվել են բազմաթիվ փամփուշտներ։ Նա պատասխանեց, որ տեղյակ չէ։

Ամբաստանյալն էլ իր հերթին ասաց, որ բազմաթիվ հարցեր ունի, սակայն դրանք այսօր չի հնչեցնի. «Սա իմ վերաբերյալ գործն է, եւ քաղաքական կեղտոտ խաղերի չեմ մասնակցելու, ես ձեռնպահ եմ մնում վարչապետին եւ վկային հարցեր տալուց»։

Այսպիսով ավարտվեց Փաշինյանի հարցաքննությունը։

Դատական նիստը հետաձգվեց Հայլ Ալումյանի միջնորդությամբ, քանի որ նա այլ դատական նիստի պետք է ներկայանար։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 31.03.2017թ․ ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող․ թ․ 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության հանդեպ, «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:

Միջադեպը եղել է «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում եռագույնի շուրջ առաջացած խոսակցությունից, որի արդյունքում զենք է գործադրվել: Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք պահելը կամ փոխադրելը):