Պաշտոնական տվյալները չեն արտահայտում այն արդյունքը, որի համար պայքարում էինք․ ՀՀԿ շտաբ

Պաշտոնական տվյալները չեն արտահայտում այն արդյունքը, որի համար պայքարում էինք․ ՀՀԿ շտաբ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավարտվեցին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որոնց արդյունքներով պետք է կազմավորվի 7-րդ գումարման խորհրդարանը։ Այս ընտրությունները ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ։ Դրանք անցան այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության, թեկնածուների և նրանց աջակիցների, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ բիրտ ճնշումների և այլատյածության քարոզի պայմաններում, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ: Կառավարման խորհրդարանական համակարգի անցման հիմնական նպատակներից մեկը հենց տարբեր, անգամ հակադիր կարծիքների համադրման հնարավորության ստեղծումն է:

Հետևաբար, ցավալի է, որ ընտրարշավն այդքան խորը բաժանարար գծեր ստեղծեց: Մենք հաջողություն ենք մաղթում խորհրդարան անցած ուժերին և նրանց ձևավորելիք կառավարությանը, քանի որ դրանից է կախված մեր երկրի և ժողովրդի անվտանգությունն ու զարգացման հեռանկարը: Ընտրապայքարի ընթացքում մեր հնչեցրած մտահոգությունները չէին կրում քարոզչական բնույթ, այլ արտահայտում էին մեր խորին անհամաձայնությունն արտաքին, անվտանգային և պաշտպանական քաղաքականության, սոցիալ-տնտեսական միտումների, ազգային արժեքների խաթարման և, ամենակարևորը, Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հնչեցված մոտեցումների և առաջին տեսանելի քայլերի առումով: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքն այս ուղղություններով որպես արտախորհրդարանական ուժ:

Ներքին քաղաքական այս թեժ մրցակցությունը չպետք է ոգեւորի Հայաստանի և Արցախի թշնամիներին։ Անկախ միջկուսակցական պայքարում բոլոր տարաձայնություններից` Հանրապետականը հանձնառու է մնում մաս լինելու մեր ժողովրդի խնդիրների լուծմանը և շարունակելու է ամուր կանգնել մեր փառապանծ Զինված ուժերի կողքին։ Եվ վերջապես, շնորհակալություն ենք հայտում մեր բոլոր աջակիցներին։ Դուք վստահեցիք և քվե տվեցիք մեզ բարդ իրավիճակում:

Անշուշտ, ընտրություններն ամփոփող պաշտոնական տվյալներն չեն արտահայտում այն արդյունքը, որի համար պայքարում էինք։ Վստահ եղեք, որ անելու ենք մեզանից կախված ամեն բան, որ պոպուլիզմի աղմուկը չխլացնի ձեր ձայնը և ձեզ մտահոգող հարցերը շարունակեն ներառված մնալ երկրի քաղաքական օրակարգում: Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին։

ՀՀԿ ընտրական շտաբ