Օլիգարխները վերածվել են խելացի, բարեկիրթ գործարարների

Օլիգարխները վերածվել են խելացի, բարեկիրթ գործարարների
Հայկ Սարգսյան

Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն էր ապահովում, հետո Նիկոլի «ախրաննիկից» դարձավ պետական պաշտոնյա՝ զբաղեցնելով Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալի պաշտոնը, ասում է, որ օրենսդիր մարմին է եկել թիմի որոշմամբ, որովհետեւ թիմը կարծում է, որ ինքն այս մարմնում արդյունավետ կաշխատի: Ի դեպ, նորաթուխ պատգամավորը վերջերս հայտնի դարձավ հանրության լայն շրջանակներում պատգամավորի անվանական իր բաճկոնով: 

- Ձեր առաջնորդն ընտրություններից առաջ խոստանում էր, որ պատրաստվում եք տնտեսական հեղափոխություն անել։ Նորընտիր ԱԺ-ի օրակարգային առաջին հարցերից մեկը կառավարության կառուցվածքային փոփոխություններն են, որոնք սոցիալական հավելյալ բեռ են ստեղծելու՝ աշխատակիցներ են գործազուրկ դառնալու: Ե՞րբ եւ ինչպե՞ս եք տնտեսական հեղափոխություն անելու, եւ ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած իշխանությունը:

- Բոլոր նախադրյալները պետք է ստեղծենք, որպեսզի լինի ազատ մրցակցային դաշտ, չլինեն արտոնյալներ, չլինեն հովանավորյալներ, արհեստական խոչընդոտներ չլինեն, որոնք տարիներ շարունակ եղել են, ու նաեւ խթանենք բիզնես գործունեությունը, արտասահմանյան ներդրումները, եթե կարող ենք օրենսդրական փոփոխություններով խթանել, կանենք նաեւ օրենսդրական փոփոխություններ եւ այլն:

- Արդեն իշխանությանն ուղղված քննադատություններ կան, որ նախկին օլիգարխիան հիմա այս իշխանության հովանու ներքո է ծվարել եւ լեզու գտել նրա հետ, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանի, մյուսների օրինակներն են բերում:
 

- Հայաստանում որեւէ մեկն այլեւս արտոնյալ պայման չի ունենալու, դրանում արդեն բոլորը համոզվել են: Դեռեւս 2006-2007 թվականներին, երբ նայում եք Նիկոլ Փաշինյանի ելույթներն «Իմպիչմենթ» դաշինքի շրջանակներում (ի դեպ, ես վերջերս եմ նայել), շատ կարեւոր բան ֆիքսեցի, որ դեռեւս 12 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մեր իշխանություն գալուց հետո օլիգարխները վերածվելու են հարկ վճարող գործարարների:

- Ուզում եք ասել, որ հիմա բոլորը խելոք գործարարնե՞ր են դարձել:

- Այո, եթե կան այլ տեղեկություններ, որ նրանցից որեւէ մեկը խուսափում է հարկ վճարել, ապա պետք է դիմել իրավապահ մարմիններին կամ մեզ: Այսինքն, մենք դեռ 12 տարի առաջ ենք հայտարարել, որ բոլոր օլիգարխները, ովքեր արտոնյալ պայմաններում են աշխատում, վերածվելու են շատ խելացի, խելոք, բարեկիրթ գործարարների: Չկա մեկը, ով արտոնյալ է իրեն զգում, չկա մեկը, ով կարող է… նախկինում նրանք ձայն էին կեղծում իշխանության համար, ձայն ապահովում, ստանում էին արտոնություններ՝ ինչ-որ բան ներմուծելու, ինչ-որ բան արտահանելու, հարկերից խուսափելու համար եւ այլն:

- Այս ընտրությունների ժամանակ էլ կային խոսակցություններ, որ այս կամ այն գործարարն իշխանությանն է պաշտպանում:

- Մեր իշխանությունը դրա կարիքը չունի, ունենալու դեպքում էլ չի անի, մեր սկզբունքներին դա դեմ է: Բոլորը պետք է վճարեն հարկերը: Եթե ՊԵԿ նախագահի հայտարարությունները կամ ասուլիսները նայեք, կտեսնեք, որ այս տարի ավելացել է հարկերի մուտքը: Հավասար դաշտ է ստեղծվել գործարարների համար, մնում է խթանենք բոլոր նրանց, ովքեր թերահավատորեն են մոտիկանում, չեն վստահում, հայտնի ասացվածք կա՝ կաթից բերանը վառողը ջրին էլ է փչում․ էդ վիճակն է, բայց կարծում եմ՝ շատ արագ ոլորտը կկարգավորվի: Ասեմ նաեւ, որ բազմաթիվ բիզնեսմեններ կապի են դուրս գալիս մեր հետ եւ հայտարարում, որ առաջիկայում պատրաստվում են մեծ ներդրումներ անել հայրենիքում: Մարդիկ, ովքեր  ժամանակին ուզեցել են երկրում բիզնես անել, հալածվել են, կամ նրանցից փայ են ուզել, որոշակի խոչընդոտների են հանդիպել, այդ կուտակված ցասումը՝ ներդրում անելու, առաջիկայում իրականություն կդարձնեն:

- Դուք մի քանի ամիս զբաղեցրել եք պետական վերահսկողության պետի տեղակալի պաշտոնը, այդ ամիսներին կարծես թե բացահայտումներ չեղան, որ պետական որեւէ մարմին կամ պաշտոնյա ճնշած լիներ որեւէ բիզնեսմենի կամ օգտագործեր իր դիրքը եւ այլն։ Ինչո՞ւ:

- Ճիշտն ասած՝ ուսումնասիրությունների փուլը շարունակվում է, բացահայտումներն արել ենք, ուղղակի դրանց մասին մամուլում հրապարակումներ չեն եղել, որովհետեւ շատ հրապարակումները տեռորի մթնոլորտ են ստեղծում եւ խանգարում ներդրում անել ցանկացողներին: Տեսեք՝ ԱԱԾ-ն էլ հայտարարություն տարածեց, որ այլեւս քիչ է բարձրաձայնելու բացահայտումների մասին: Մարդը, ով արտասահմանից ցանկանում է գալ ներդրում անել, տեսնելով, որ, այ, ուրիշ գործարարին հետապնդեցին, էլ չի խորանալու, թե ինչ են արել, մտածելու է, որ կարող է իր հետ էլ լինի նույն բանը, որ նույն ճակատագրին էլ ինքն արժանանա:

- Նախարարությունների կրճատման արդյունքում սոցիալական բեռ է առաջանալու, ինչպե՞ս եք այդ հարցին լուծում տալու, մի կողմից էլ որոշ ապրանքների թանկացման մասին է խոսվում:

- Օպտիմալացումը նպատակ ունի որեւէ ոլորտում ավելի նպատակային ուղղել միջոցներն ու ջանքերը: Մի քանի  նախարարություն շատ հաճախ նույն գործառույթն են արել, օրինակ՝ կրթության եւ մշակույթի նախարարությունները, այս իմաստով ոչ արդյունավետ կառավարում է տեղի ունեցել: Մենք  նպատակ ունենք պետության ցանկացած քաղաքացու վճարած հարկերն օպտիմալ ծախսելու, մարդիկ  պետք է տեսնեն, որ պետական ծառայողները նպատակային են աշխատում, շատ հաճախ մեզ մեղադրում են, որ ուռճացված պետական ապարատ ենք պահում, որ իրենց հարկերն ուղղում են անգործ մարդկանց վճարելուն:

- Բայց ինչը ձեզ է առնչվում, չեք տնտեսում, օրինակ՝ իշխող ուժը կարող էր, չէ՞, մի քանի ամիս ուշ գնալ ԱԺ ընտրությունների, էյֆորիկ ֆոնը կանցներ, եւ բյուջեի վրա նոր ծախս էլ չծանրացնեիք: Սա չարեցիք, փոխարենը մտածում եք 80 հազար դրամ ստացող աշխատակիցների կրճատման մասին:

- Թյուր են կարծիքները, որ մենք ենք ուռճացրել ԱԺ-ն, դա տեղի է ունեցել բացառապես օրենքի ուժով, ինչ վերաբերում է սպասելուն, ապա իմացեք՝ ինչքան սպասենք, այնքան ավելի է բարձրանալու մեր քաղաքական ուժի ռեյտինգը: Սպասելու այլեւս ժամանակ չունեինք, գործադիր իշխանությունն ուներ նաեւ օրենսդիր իշխանության աջակցության կարիքը, եւ օր առաջ պետք է շուտ գնալ այդ քայլին, որովհետեւ բիզնես անելու համար ոչ բարենպաստ դաշտ էր ստեղծվել:

- Կթվարկե՞ք էական լուրջ փոփոխություններ, որոնք արվել են մարդկանց կյանքը լավացնելու ուղղությամբ:

- Այս իշխանությունն արել է այն, որ բոլորն այսօր հավասար են, բոլորն ունեն ազատ խոսելու, քննադատելու իրավունք, արտոնյալներ չկան: Նախկինում էլ շատ մարդիկ կային, որ սոցիալական խնդիր չունեին, եւ իրենց խնդիրն արդարության վերականգնումն էր: Այսօր արդարությունը վերականգնվել է Հայաստանում, ու նաեւ ես եմ պայքարել, որ արդարությունը վերականգնվի:

- Կա հակառակ տեսակետ, որ հեղափոխությունից հետո էլ նոր իշխանությունը լծվել է սեփական շահերի սպասարկմանը, որի ապացույցը, օրինակ, այն է, որ Դուք «ախրաննիկից» դարձաք պատգամավոր:

- Ես պետք է ասեմ, որ հեղափոխությունից առաջ ավելի ազատ ու ֆինանսապես ավելի ապահովված եմ եղել, ավելի շատ գումար եմ կարողացել վաստակել, այդ կարծիքները թյուր են, ես երբեւէ ձգտում չեմ ունեցել, մեր քաղաքական թիմն է ինձ առաջարկել լինել ցուցակում, այսինքն՝ ցանկությունն իմ կողմից չի եղել: Օգտվելով առիթից՝ ուզում եմ ասել, որ այսօր իշխանության ներկայացուցչի, պատգամավորի գործը ոչ այդքան գրավիչ է, եւ պատկերացումները մի փոքր այլ են: Մենք իրականում կարող ենք ցույց տալ, որ չենք տարբերվում, եւ իրականում մեր կյանքում մեծ հաշվով բան չի փոխվել, մենք չենք օտարվել ժողովրդից, բոլոր այդ լուրերը տարածում են նրա համար, որ մեր քաղաքական թիմին օտարեն ժողովրդից, ինչը չի ստացվելու: