«Հրապարակ»․ Մի խումբը կմշակի, մյուս խումբը կներկայացնի

«Հրապարակ»․ Մի խումբը կմշակի, մյուս խումբը կներկայացնի

«Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցությունն այնքան մեծ է եւ անհամատեղելի անձանցից բաղկացած, որ խմբակցության յուրաքանչյուր նիստ վերածվում է անվերջանալի լեզվակռիվների, որի արդյունքում ոչ մի որոշում հնարավոր չի լինում կայացնել։ Եվ քանի որ խմբակցության ղեկավարի՝ Լիլիթ Մակունցի հանդեպ առանձնապես հարգանք էլ չկա, նիստերին գալիս են մոտ 1 ժամ ուշացումով, չեն լսում նրա խոսքը, ամեն մեկը փորձում է իր խելքը ցուցադրել եւ շատախոսել։

Որպեսզի այս վիճակից դուրս գան, «Իմ քայլ»-ում որոշել են վերլուծական-քաղաքական եւ լրատվական օպերատիվ խմբեր ձեւավորել` աշխատանքները կանոնակարգելու համար: Վերլուծական խումբն զբաղվելու է լրատվական քաղաքականության, անհրաժեշտ թեզերի հրապարակայնացման ստանդարտների մշակմամբ, այդ թվում եւ` Ղարաբաղին առնչվող հարցերի։

Մյուս խումբը պետք է հարցազրույցներ տա՝ դրանք մասսայականացնելով: Վերլուծական խմբում են Էդգար Առաքելյանը, Միքայել Զոլյանը, Վիկտոր Ենգիբարյանը, իսկ լրատվամիջոցների հետ աշխատելու է լրագրողների կորպուսը` Հայկ Գեւորգյան, Գայանե Աբրահամյան, Թագուհի Թովմասյան, Սիսակ Գաբրիելյան: Ուշագրավ է, որ «Իմ քայլ»-ում ողջ օրը քննարկում-բողոքում են լրատվամիջոցներից եւ անընդհատ միմյանց զգուշացնում՝ ինֆորմացիայի արտահոսքեր թույլ չտալ։