Դիմում եմ իրավաբաններին

Դիմում եմ իրավաբաններին

Արցախում ընթանում է սահմանադրական փոփոխությունների նախագծին միանալու նախաձեռնության ստորագրահավաք: Նպատակն է՝ հասնել նրան, որ Ազգային ժողովը կայացնի սահմանադրության հոդված 48-ում փոփոխություններ կատարելու հարցով հանրաքվե նշանակելու որոշում: Եթե այդ փոփոխություններն ընդունվեն, ապա Արցախում նախագահի եւ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունք կունենան նաեւ ՀՀ քաղաքացի հանդիսացող, ՀՀ-ում հաշվառված անձինք:

Այստեղ հարց է առաջանում՝ իսկ այդ քաղաքացիներն ունենալու են նաեւ ընտրելու՞ իրավունք: Այսինքն, նախագահի կամ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված եւ ՀՀ-ում հաշվառված անձը մասնակցելու՞ է Արցախի նախագահի եւ խորհրդարանի ընտրություններին, հնարավորություն ունենալու՞ է քվեարկել իր կամ իրեն պատգամավորի թեկնածու առաջադրած կուսակցության օգտին: Ստորագրավաք նախաձեռնողներն այս հանգամանքը հաշվի՞ են առել:

Եթե անձն ստանում է ընտրվելու իրավունք, ապա պետք է ունենա նաեւ ընտրության իրավունք: Բայց ՀՀ-ում հաշվառված անձն ինչպե՞ս է մասնակցելու քվեարկությանը, երբ Արցախի ընտրողների ռեգիստրը կազմվում է ըստ նրանց Արցախում հաշվառված լինելու փաստի: Այսինքն, եթե քաղաքացին Արցախում հաշվառված չէ, ապա նրա անունը չի կարող ներառնվել ընտրացուցակներում: Իրավաբանները կարո՞ղ են պարզաբանել, թե ինչ լուծում է տրվելու խնդրին, եթե Արցախում հանրաքվեն կայանա եւ առաջարկվող փոփոխություններն ընդունվեն: