Ժամանակին խրամատը լքեցին, հիմա ինչի՞ են «պրինցիպի» ընկել ՍԴ-ի հարցում

Ժամանակին խրամատը լքեցին, հիմա ինչի՞ են «պրինցիպի» ընկել ՍԴ-ի հարցում

«Հրապարակ»-ի զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը:

- Հրայր Թովմասյանին բոլոր մեթոդներով հեռացնելու փորձերը նորմա՞լ եք համարում, ինչո՞ւ է իշխանությունը գերկարեւորում ՍԴ նախագահի պաշտոնը։ 

- Դա գերկարեւորել են նախկինները՝ ՍԴ-ն որակելով վերջին բաստիոն, իրենց մեջի թույլիկին՝ Հրայր Թովմասյանին էլ մի ոգեւորել են, որ խրամատ է պահում, նա էլ դերի մեջ է մտել։ Բայց մինչեւ ՍԴ-ն՝ կար գործադիրի խրամատ, որ հեղափոխական լարված օրերին «Մարիոթ» հյուրանոցում Փաշինյանի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հոխորտալով հեռացավ, սակայն մի կարճ ժամանակ անց ծլկեց իր խրամատից՝ հայտարարելով, որ Փաշինյանը ճիշտ էր, ինքը՝ սխալ։ Հետո երկրորդ խրամատն էր՝ ԱԺ-ն, որ երբ Փաշինյանը ժողովրդին ուղարկեց ԱԺ շենքը շրջափակելու, ՀՀԿ-ական մեծամասնությունը դա հակասահմանադրական որակեց, բայց շատ չանցած՝ «փիսիկի» պես գնացին ու Փաշինյանի բոլոր հրահանգները կատարեցին՝ այն, ինչ անօրինական էին համարում՝ իրենց քվեարկությամբ օրինականացրին, իրենց քայլն արդարացնելով վարչապետի հանրային աջակցությամբ, հիմա ինչի՞ են պրինցիպի ընկել ՍԴ-ի հարցում, ու իրենց խրամատներից ճողոպրած «խրոխտ նապաստակները» թաքնվել են Թովմասյանի հետեւում ու նրան ոգեւորելով՝ դրդում են մինչեւ վերջ պայքարել։ Ժողովուրդն ԱԺ-ում քվեարկելու իրավունք չուներ, ուղղակի խորհրդարանական մեծամասնության քվեարկության շնորհիվ ընդամենը 1 տարի առաջ գումարված ԱԺ-ն՝ 105 պատգամավորով, արձակվեց, դա կարելի էր, իսկ որ հանրաքվեի ժամանակ ժողովրդի քվեարկության շնորհիվ է հարցը լուծվելու, որպեսզի մի քանի մարդու պաշտոնանկ անելու գնով ՍԴ-ի պրոբլեմը հանգուցալուծելու հիմքեր ստեղծվեն, դա չի՞ կարելի։ Այս կարգի թուլամորթ, անսկզբունք ու երկակի ստանդարտներով առաջնորդվող իշխանությունն է մեր երկրի ճակատագիրը որոշել 20 տարի, ու հիմա էլ հիմնական ընդդիմադիր ուժ են ինքնահռչակվել, թե իրենք են այս իշխանություններին փոխարինելու, այն էլ՝ շատ շուտով, հսկայական ֆինանսական ռեսուրս են ծախսում, հանրային, քաղաքական տիրույթներն իրենցով լցնում, որ ժողովուրդն իշխանություններին փոխարինող նորմալ այլընտրանք չգտնի, ստիպված գնա իրե՞նց ընտրի։ Չե՞ն հասկանում, որ եթե նորմալ այլընտրանք չգտնի, գործողներին չի փոխի՝ լինի դա հերթական ընտրությունների միջոցով, թե արտահերթի։ 

- Երեկ մեկնարկեց հանրաքվեի քարոզարշավը, քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց դիրքորոշումը, Դուք արտահայտվել եք Հրայր Թովմասյանի պաշտոնանկության օգտին, ի՞նչ վերաբերմունք ունեք հանրաքվեի նկատմամբ։

- Հարցի իրավական կողմին չեմ անդրադառնա, միայն հպանցիկ ասեմ, որ իրավական առումով խոցելի դրվագներ կան, սակայն հիմա մտել ենք քաղաքական փուլ, ուստի հարցը քննարկենք այդ դիտանկյունից, առավել եւս, որ Փաշինյանի ընդդիմախոսները սա համարում են վարչապետի վստահության հանրաքվե։ Չմոռանանք, որ դեռ այս հանրաքվեի մասին խոսք չկար, բայց Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիմակիցներն իրենց նպատակն էին բարձրաձայնում՝ 2020-ն առանց Փաշինյանի։ Խոսքն այն մասին չէ, որ նախկինները նախապատրաստվեն հաջորդ ԱԺ ընտրություններին, իսկ եթե լինի ֆորսմաժորային իրավիճակ, ապա պատրաստ լինեն նաեւ արտահերթին, ինչը միանգամայն նորմալ է, նախկինները խոսում են, որ իրենք են փողոցային պայքարի միջոցով պաշտոնակ անելու Փաշինյանին ու գալու իշխանության եւ հանրությանն ահաբեկում են, թե գալու են ու բոլոր մեղավորներին պատժեն։ Իսկ մեղավոր են համարում բոլոր նրանց, ովքեր այսօր աշխատում են օրվա իշխանության հետ։ Երկիրը ցնցումների մեջ են գցում՝ թույլ չտալով, որ մարդիկ հարմարվեն նոր իրավիճակին, օրենքներին՝ գրված ու չգրված։ 
Մի կողմից՝ նախկիններն ասում են, թե հանրաքվեն իրենք անտեսում են, որ այն հանրության խնդիրների հետ ոչ մի կապ չունի, մյուս կողմից՝ իրենց վարձկաններին նետել են պայքարի, որ ասեն՝ «այո» քվեարկելով՝ դուք «այո» եք ասում Փաշինյանի ձեռքով Արցախը հանձնելուն, երկրում բռնապետական կարգեր հաստատելուն եւ նմանատիպ այլ ահաբեկչական ձեւակերպումներ։ Դրան զուգահեռ ասում են, որ եթե բավարար ձայներ չհավաքվեն, Փաշինյանը կեղծելու է քվեարկության արդյունքները։ Փաստորեն, վարչապետն անհրաժեշտ ձայներ հավաքելու դեպքում մեր երկրի շահերին դեմ բազում քայլեր է անելու, ու նախկինները հանրությանը կոչ են անում անտարբեր լինել ու չմասնակցե՞լ այդ միջոցառմանը, թող Փաշինյանն ինչ ուզում է անի՞։ Ուրեմն նման նախկինները կա՛մ անդառնալի սրիկա են, որ կոչ չեն անում պայքարել դրա դեմ, կա՛մ անհույս ստախոս, որ գիտեն, որ նման բան չկա, ու ժողովուրդն էլ իրենց կոչին ականջալուր չի լինելու, դրա համար մարաղ են մտել ու հարմար պահի են սպասում, որ հարձակվեն։
Երբ նախկինների վարձկանները զօրուգիշեր պնդում էին, թե ժողովրդի էյֆորիան անցել է, Փաշինյանն այլեւս հանրային աջակցություն չունի, պետք է օր առաջ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հիմա էլ հանրաքվեն առիթ են դարձրել՝ վարչապետի վստահության հարցը դնելու, ապա նրանք, ովքեր գիտակցում են, որ պարտվելով այս հանրաքվեն, ճանապարհ են բացում, որ իշխանության գա հանրության կողմից մերժված «ղարաբաղյան կլանը»՝ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմի գլխավորությամբ, պետք է կոչ անեն՝ գնալ ու ակտիվորեն մասնակցել հանրաքվեին եւ «այո» ասել։ Քաղաքական առումով կարեւոր չէ, թե հանրաքվեն ինչ թեմայով է, չէ՞ որ դա ընդամենն առիթ է։ Եթե անգամ քվեաթերթիկի վրա գրված լինի՝ կո՞ղմ եք արդյոք, որ ԱԺ դարպասները ներկվեն կանաչ գույնի, չպետք է ասել, թե դա մեզ չի վերաբերում, կամ էլ՝ անճաշակ բան կստացվի, չենք ուզում, այլ պետք է «այո» ասել, հաղթել, այլապես իշխանության կգա «ղարաբաղյան կլանն» ու Երեւանի փողոցները դարձյալ կներկի կարմիր գույնով։ Այո, Քոչարյան-Սարգսյան դուետը մեր հանրությանը պատերազմ է հայտարարել, ոչ թե Փաշինյանին, քանի որ հանրությունն է մերժել նախկիններին, իսկ երկրի ղեկավարը Փաշինյանն է, որն էլ ընդունել է մարտահրավերն ու նշանակել ճակատամարտի օրը։ Դե ինչ՝ Alea Jacta Est (վիճակը նետված է), Փաշինյանն անցել է ռուբիկոնը, մնում է մենք մեզ համար որոշենք` պատրա՞ստ ենք ամեն մեկս մեր տեղում անցնել մեզ բաժին հասած ռուբիկոնը։ Ես կարող եմ նշել մեր երկրում բազմաթիվ թերություններ, իշխանությունների կողմից արվող քայլեր, որոնց հետ համաձայն չեմ, բայց այսօր դրա ժամանակը չէ, այսօր նախապատրաստվում ենք վճռական ճակատամարտի, այսօր ես կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել հանրաքվեին ու քվեարկել «այո», որպեսզի դրանով նաեւ «ոչ» ասենք նախկիններին, որպեսզի դրանով փորձ անենք կանխել նրանց վերադարձը ու հանրությանը մեր երկրի ապագային միտված զարգացման ծրագրեր ներկայացնենք։ 

- ԱԺ ընդդիմադիր ուժերի դիրքորոշումը հասկանալի է, իսկ արտախորհրդարանական ուժերի անելիքը ո՞րն է այս փուլում, նրանց ձայնն ավելի լսելի չպե՞տք է լիներ։ 

- Քանի որ մինչ օրս ընդդիմադիր դաշտում այլընտրանքային բեւեռ չի ձեւավորվել, կարծում եմ՝ արտախորհրդարանական ուժերը գիտակցում են, որ սա իրենց «սրբազան պատերազմը» չէ, սա ներկա ու նախկին իշխանությունների կռիվն է, ուստի այլընտրանք առաջարկող ուժերը չպետք է լինեն կոնֆլիկտի մասնակից՝ որեւէ կողմից։ Բայցեւ չպետք է մի կողմ քաշվեն ու սպասեն «պատերազմի» ավարտին, այլ հիմիկվանից հանրությանը ներկայացնեն, թե ինչ պետք է անել հանրաքվեից հետո, անկախ նրանից՝ այն կանցի, թե ոչ։ Ներկայացնեն ծրագրեր, ընդդիմադիր դաշտի համախմբման ռեալ քայլեր անեն, ակտիվ շփվեն հանրության հետ։ Մեր երկրին օդի ու ջրի պես անհրաժեշտ է ունենալ հզոր, գաղափարական, փորձառու գործիչներով համալրված ընդդիմադիր բեւեռ, որը կգա լցնելու նախկինների կողմից ընդդիմադիր դաշտի օկուպացված տարածքը, երբ նրանք վերջնականապես դուրս կմղվեն այնտեղից։ Այդ ինչպե՞ս պիտի ավերված լինի քաղաքական դաշտը, արժեզրկված քաղաքական միտքն ու գաղափարախոսությունը, որ հեղափոխությունից 2 տարի անց առաջնորդվենք նախկինների՝ «էրեգ լավ էր, քանց վուր էսօր» տխուր տրամաբանությամբ, իսկ մեր վաղվա օրն ո՞վ է ավելի լավը դարձնելու։ 
Չեմ բացառում, որ անհրաժեշտ կլինի ձեւավորել մեկից ավելի ընդդիմադիր բեւեռ, քանի որ մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշումն էական դեր է խաղում։ Մենք պետք է հստակ իմանանք, թե բեւեռներ ձեւավորելու նախաձեռնություն հանդես բերող ուժերը որ ռազմաքաղաքական ու տնտեսական տիրույթում են տեսնում մեր երկիրը՝ դա ձգտումն է ԵՄ, ՆԱՏՕ, փոխշահավետ համագործակցությունն ԱՄՆ-ի հե՞տ, թե՞ անդամակցությունն է ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին եւ ՌԴ-ի հետ դաշնակցությունը։ Սա չի ենթադրում սպասարկել օտարի շահերը, այլ հենց մեր ազգի ու պետության շահերն են մեզ պարտադրում ճիշտ վեկտոր ընտրել, քանի որ մենք փոքր երկիր ենք, գտնվում ենք բարդ տարածաշրջանում, ու մեզ համար մեծ ճոխություն կլինի հպարտ միայնության մեջ գտնվելը։ Այնպես որ, ընդդիմադիր երկու բեւեռի գոյությունն էլ ողջունելի է, անկախ նրանց գաղափարական տարաձայնություններից, միայն թե նրանք մի հարցում լինեն դաշնակիցներ՝ փակեն նախկինների ռեւանշի ճանապարհը։